Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-002-14.06.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի թիվ ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք)  7-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերություններում «ձեռնարկատիրոջ պետական գրանցման» բառերը փոխարինել «ձեռնարկատիրոջ պետական հաշվառման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 1-ին կետը «բ» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «բ.1»  ենթակետով.

«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,»:

2. 1-ին մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 1-ին կետը «բ» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «բ.1»  ենթակետով.

«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».

2. 1-ին մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամանակը:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ» բառերով.

2. 2-րդ մասի «կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասում`

1. 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը.

2. հանել 3-րդ նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման» բառերով:

Հոդված 8. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի հիմնավորումը

1.  Անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունումը  բխում  է «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 636-Ն  որոշումից, ինչպես նաեւ լիցենզավորման  գործընթացը հեշտացնելու եւ պարզեցնելու ուղղությամբ ՀՀ  կառավարության որդեգրած քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների 1-ին մասի 2-րդ կետով լիցենզիա ստանալու համար  հայտին կից ներկայացվում է կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի պատճենները:

Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են  իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, նաեւ կանոնադրության փոփոխության պատճենները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Լիցենզավորման ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակն է պարզեցնել եւ հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ինչպես նաեւ դյուրինացնել լիցենզավորման գործընթացը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն օրենքների ընդունմամբ հայտատուն լիցենզիա ստանալու հայտին կից չի ներկայացնի կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի պատճենները, այլ կներկայացնի իր պետական գրանցման համարը, իսկ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում չի ներկայացնի իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, ինչպես նաեւ կանոնադրությունում կատարված փոփոխությունների պատճեններըը, այլ կներկայացնի տեղեկություններ իր գրանցման համարի եւ կանոնադրությունում  տեղի ունեցած փոփոխությունների  մասին:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կդյուրինացվի  ՀՀ-ում լիցենզավորման գործընթացը: