Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0031-15.06.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի`

1. «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուuները, ավտոբուսները եւ մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.»,

2. «գ» կետի «գ) տրանսպորտային միջոցները» բառերից հետո լրացնել «այդ թվում մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է նպատակ ունենալով խթանելու փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, մասնավորապես` անհատ ձեռնարկատերերի կողմից մեկ մարդատար ավտոմոբիլով մատուցվող տաքսի ծառայությունների ոլորտը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերին տրամադրվել է 1580 գործունեություն իրականացնելու լիցենզիա: Նշված անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք հիմանականում իրենց պատկանող մեկ մեքենայով, հենց իրենց կողմից շահագործմամբ մատուցում են տաքսի ծառայություն եւ հենց իրենք են հիմնականում կրում պատասխանատվություն իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի անխափան աշխատանքի եւ իրենց կողմից փոխադրվող ուղեւորի անվտանգությունն ապահովելու համար, սակայն տվյալ անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցներ, ինչպես կանոնավոր փոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցները, տարեկան երկու անգամ են անցնում տեխնիկական զննություն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության պարզեցման եւ լրացուցիչ խոչընդոտների վերացմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագիծը առաջարկվում է վերանայել մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերի պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը` սահմանելով, որ հիշյալ անձանց պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն անցկացվում է տարին մեկ անգամ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Օրենքի նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերի պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը անցկացվի տարին մեկ անգամ: