ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆՈՐ
ՆԱԽԱԲԱՆ
Սույն օրենքի նպատակն է քաղաքական նկատառումներով /դրդապատճառներով/ անձի իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքների համար, սոցիալական, ազգային խտրականության դրսեւորմամբ բռնադատված անձանց անօտարելի եւ իրավունքների վերականգնումը, ինչպես նաեւ բռնադատման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է բռնադատվածների իրավական կարգավիճակը, բռնադատվածների նկատմամբ պետական քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունները եւ կարգավորում է բռնադատվածների հիմնահարցերին առնչվող փոխհարաբերությունները:
Հոդված 2. Բռնադատվածների մասին օրենսդրությունը
Բռնադատվածների մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.
Բռնադատված - Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում /սկսած 1920թ. նոյեմբերի 29-ից, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը/ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65-րդ, 67-րդ, 69-րդ, ինչպես նաեւ 2061 րդ հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է,
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, բժշկական կամ գիտական փորձերի,
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից,
ե) ազատազրկվել, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ,
զ) ծնվել է աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում /աքսորավայր, արտաքսման եւ ազատազրկման վայրեր կամ հատուկ բնակավայրեր ուղարկվելիս/,
է) ենթարկվել է վարչական աքսորի կամ արտաքսման,
ը) անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ նրա վերաբերյալ գործերը կարճվել են ոչ արդարացման հիմնավորումներով,
թ) ճանաչվել է սոցիալապես վտանգավոր եւ ազատազրկվել, աքսորվել, արտաքսվել է դատարանի կողմից կամ արտադատարանական կարգով՝ առանց այդ անձի նկատմամբ կոնկրետ հանցագործություն կատարելու մասին մեղադրանք ներկայացնելու:
Բռնադատվածի ընտանիքի անդամ են համարվում ՝
ա) աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում ծնողների հետ գտնված երեխաները.
բ) բռնադատման հետեւանքով անչափահաս հասակում ծնողներից թեկուզեւ որեւէ մեկի խնամքից զրկված երեխաները.
գ) ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված եւ հետմահու արդարացված անձանց երեխաները, ամունինը՝ եթե վերջինս կրկին չի ամուսնացել, ինչպես նաեւ ծնողները.
դ) այն անձինք, ովքեր ամուսնացել են աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրում պատիժը կրող բռնադատվածների հետ.
ե) այն բտնադատվածի կինը (ամուսինը), որը ամուսնու (կնոջ) հետ կամավոր մեկնել է աքսորավայր, արտաքսման կամ ազատազրկման վայր, հատուկ բնակավայր:
Բռնադատվածի առաջին հերթի ժառանգներ՝ ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:
Քաղաքական պատիժ /ճնշում/ են համարվում ՝ - քաղաքական շարժառիթներով պետության կողմից կիրառվող բռնադատումների տարբեր միջոցները՝ կյանքի կամ ազատության զրկման, հոգեբուժական հիմնարկներում հարկադիր բուժման տեղավորելու, երկրից արտաքսելու եւ քաղաքացիությունից զրկելու, բնակության վայրերից բնակչության խմբեր արտաբնակեցնելու, հատուկ բնակավայրեր աքսորելու, տարագրելու, ազատության սահմանափակման պայմաններում հարկադիր աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաեւ այն անձանց այլ իրավունքները եւ ազատությունները զրկելու կամ սահմանափակելու ձեւով, որոնք համարվում են սոցիալապես վտանգավոր պետության կամ քաղաքական համակարգի համար՝ դասակարգային, սոցիալական, ազգային, կրոնական, կամ այլ հատկանիշներով, որոնք իրականացվել են դատարանների եւ դատական գործառույթներով օժտված այլ մարմինների որոշումներով, կամ վարչական կարգով՝ գործադիր իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական կազամակերպություների եւ այդ կազմակերպությունների վարչական իրավասություններով օժտված մարմինների կողմից:
Արդարացում /ռեաբիլիտացիա/ - սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում նշված անձանց՝ քաղաքական պատիժների ենթարկելու հետեւանքով խախտված իրավունքների ճանաչումը եւ վերականգնումն է, ինչպես նաեւ բռնադատման հետեւանքով այդ անձանց պատճառված բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումը:
ԳԼՈՒԽ 2.
ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 4. Արդարացման ենթակա անձինք
Արդարացման ենթակա են սույն օրենքի 3-րդ հոդվածի գործողության ոլորտում ընդգրկող անձինք:
Արդարացման ենթակա են նաեւ այն անձինք, որոնք անկախ նրանց նկատմամբ ներկայացված փաստացի մեղադրանքների հիմնավորվածությունից դատապարտվել են՝
ա) հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի.
բ) խորհրդային պետական եւ հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու.
գ) եկեղեցին պետությունից եւ դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելու.
դ) կրոնական ծեսեր կատարելուն արգելք հանդիսանալու, կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի եւ իրավունքների դեմ ոտնձգություն կատարելու համար:
ե) անհիմն քաղաքական պատիժների ենթարկվելու հետեւանքով ազատազրկման վայրերում, աքսորավայրերում, հատուկ բնակավայրերում եւ ազատության սահմանափակման պայմաններում հարկադիր աշխատանքի ներգրավման վայրերում գտնված եւ այդ վայրերից փախուստի դիմելու համար:
Արդարացման ենթկա են նաեւ այն քաղաքացիները, որոնք պետական մարմինների կողմից աքսորվել կամ արտաքսվել են իրենց մշտական բնակության վայրից եւ զրկվել են ունեցվածքից քաղաքական, սոցիալական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով՝ կուլակության դեմ պայքարի, կոլեկտիվացման հակառակորդների եւ այդօրինակ այլ մեղադրանքների անվան տակ:
Այն անձինք, որոնք դատապարտվել են մի քանի հանցագործությունների համար, որոնցից թեկուզեւ մեկը նշված է սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում ենթակա են արդարացման այդ հոդվածներում նշված հանցագործությունների համար:
Հոդված 5. Արդարացման սահմանափակումները
Արդարացման ենթակա չեն անձինք, որոնք հիմնավոր ապացույցների հիման վրա դատապարտվել են դատարանների կողմից, ինչպես նաեւ ենթարկվել են պատասխանատվության արտադատարանական կարգով եւ այդ անձանց վերաբերյալ գործերում կան բավարար ապացույցներ նրանց մեղադրելու՝
ա) հայրենիքի դավաճանություն՝ լրտեսության ձեւով, զինվորական կամ պետական գաղտնիքը հայտնելու, թշնամու կողմն անցնելու, տեռորիստական ակտ, դիվերսիա, վնասարարություն, սաբոտաժ.
բ) մարդու եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների, քաղաքացիական ազգաբնակչության եւ ռազմագերիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու, ինչպես նաեւ հայրենիքի դավաճաններին եւ ֆաշիստական զավթիչներին հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդպիսի գործողություններ իրականացնելիս ծառայելու.
գ) բանդիտական միավորումներ կազմավորելու եւ դրանց կողմից իրականացված սպանությունների, թալանի եւ այլ բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ այդ միավորումների կազմում անձամբ այդպիսի գործողություններ իրականացնելու.
դ) մարդկության դեմ իրականացված զինվորական հանցագործությունների եւ արդարադատության դեմ կատարված հանցագործությունների:
Արդարացման ենթակա չեն նաեւ վարչական կարգով հատուկ բնակավայրեր ուղարկված այն խորհրդային քաղաքացիները /ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք/, ովքեր ծառայել են գերմանաֆաշիստական զորքերի շարային եւ հատուկ զորամիավորումներում, ոստիկանությունում, եթե կան փաստեր նշված զրամիավորումների կազմում Խորհրդային բանակի, պարտիզանների, հակահիտլերյան կուալիցիայի զորքերի եւ խաղաղ բնակչության դեմ՝ այդ անձանց հետախուզական, ռազմական եւ պատժիչ գործողություններին մասնակցության մասին, բացառությամբ այն անձանց, որոնք հետագայում Խորհրդային բանակի, պարտիզանական ջոկատների կամ Դիմադրության շարժման կազմում մասնակցել են գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին:
Հոդված 6. Արդարացման կարգը
Արդարացումն իրականացվում է բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա՝ դատական կարգով:
Վերոհիշյալ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ազգային անվտանգության եւ ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի հետ միասին անցկացնում է ուսումնասիրություններ եւ կազմում է համապատասխան եզրակացություններ բոլոր այն քրեական գործերի վերաբերյալ, որոնք նշված են սույն օրենքի 3- 5-րդ հոդվածներում եւ որոնց մասին որոշումները չեն վերացվել /փոխվել/ դրանք կայացնելուց հետո, իսկ արդարացված անձանց մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը դիմումատուին տալիս է համապատասխան տեղեկանք՝ դիմումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:
Եթե կան հիմքեր, անձի, սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն արդարացման ենթակա չլինելու մասին կամ սահմանված կարգով ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ համապատասխան անձանց մասին տեղեկությունները բացակայում են կամ անբավարար են եւ նրանց արդարացնելու հիմքերը թերի, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում քրեական գործն իր եզրակացությամբ ուղարկում է այն դատարաններ, որոնց օրենքով սահմանված կարգով ընդդատյա են այդ գործերը: Դրանք քննարկվելուց հետո դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝
ա) որ անձը հիմքերի առկայությամբ դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով եւ նրա վրա չեն տարածվում սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներ դրույթները.
բ) որ անձը անհիմն դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով եւ նա ենթակա է արդարացման սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն: Այդ դեպքում դատարանը բեկանում է նախկին որոշումը եւ կարճում է գործը: Գործերը քննարկելիս դատարանը կարող է նաեւ փոփոխություններ կատարել դատարանների նախկինում կայացված դատավճիռներում /վճիռներում/, որոշումներում եւ արարքների որակումներում, ինչպես նաեւ արտադատարանական մարմինների որոշումներում:
Դատարանի կողմից արդարացման ոչ ենթակա ճանաչված անձանց տրվում է համապատասխան որոշում /վճիռ/: Դատարանի կողմից անհիմն դատապարտված կամ արտադատարանական կարգով քրեական պատասխանատվության ենթարկված, ճանաչված անձանց տրվում է արդարացման մասին տեղեկանք: Անձին բռնադատված ճանաչելու հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Համապատասխան հիմքերի եւ տեղեկությունների բացակայության կամ անբավարար լինելու դեպքերում անձի բռնադատման փաստը կարող է հաստատվել դատարանում՝ վկայություն տալու հիման վրա:
Բռնադատվածները, իսկ նրանց համաձայնությամբ կամ նրանց մահացած լինելու դեպքում բռնադատվածների ընտանիքի անդամներն ու հարազատները իրավունք ունեն ծանոթանալու կարճված քրեական եւ վարչական գործերի նյութերին եւ սահմանված կարգով ստանալու համապատասխան փաստաթղթերի պատճենները: Այդ նյութերի հետ այլ անձինք կարող են ծանոթանալ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխան գործերով անցնող անձանց եւ նրանց հարազատների իրավունքներն ու օրինական շահերը խաթարելու նպատակով ստացված տեղեկությունները օգտագործելն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բռնադատվածները, նրանց ընտանիքի անդամներն ու ժառանգները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) սահմանված կարգով ստանալու բռնադատվածների գործերում եղած անձնական իրերը, ինչպես նաեւ ձեռագրերի, լուսանկարների եւ անձնական փաստաթղթերի պատճենրը:
Բռնադատվածի ընտանիքի որեւէ անդամի, ժառանգի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա այն մարմինները, որոնք իրականացնում են բռնադատվածների գործերի արխիվային պահպանությունը, եթե տիրապետում են համապատասխան տեղեկատվության, ապա պարտավոր են վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին հայտնել բռնադատվածի մահվան ժամանակի, պատճառի եւ թաղման վայրի մասին:
Հոդված 7. Բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթի ժառանգների հաշվառումը եւ վկայականները
Բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթի ժառանգների հաշվառումը եւ համապատասխան վկայականների տրամադրումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. Բռնադատվածների գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքները
Բռնադատվածների գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքների ճանաչումը, վերականգնումը, ինչպես նաեւ բռնադատման հետեւանքով նրանց պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանած կարգով:
Բռնադատվածներին վերադարձման ենթակա է ՀԽՍՀ տարածքում բռնագրավված, առգրավված, բռնադատման հետեւանքով նրանց տիրապետումից այլ ճանապարհով դուրս մնացած գույքը: Դրա անհնարինության դեպքում փոխհատուցվում է գույքի արժեքը կամ վճարվում է դրամական փոխհատուցում: Գույքի արժեքի կամ դրամական փոխհատուցման չափը, դրանց տրման կարգը եւ ժամկետները սահմանում է Կառավարությունը:
Վերադարձման ենթակա չեն.
ա) գույքը (այդ թվում բնակելի տները), որն ազգայնացվել է/պետականացվել են, անցել են տեղական ինքնակառավարման մարմիններին/, բռնագրավվել, առգրավվել կամ տիրապետումից այլ ճանապարհով դուրս են մնացել այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան.
բ) հողը, տնկիները եւ այգիները.
գ) քաղաքացիական շրջանառությունից հանված գույքը.
դ) գույքը, որը ոչնչացվել է քաղաքացիական կամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ տարրերային եւ այլ աղետների հետեւանքով:
Հոդված 9. Բռնադատվածների քաղաքացիության վերականգնումը
Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված եւ ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված10. Բռնադատվածների կոչումների եւ աստիճանների վերականգնումը
Բռնադատվածի զինվորական, գիտական եւ այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետեւանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից՝ բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա: Բռնադատվածներին վերադրաձվում են նրանց ստացած պետական պարգեւները, շքանշաններն ու մեդալները:
Հոդված 11. Բռնադատվածներին կենսաթոշակով ապահովելը
Բռնադատվածի /սկսած 10 տարեկանից/ ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, բժշկական կամ գիտական փորձեր կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունքը տվող ստաժի մեջ՝ եռակի չափով:
Բռնադատվելու հետեւանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսաթոշակով՝ անկախ աշխատանքային ստաժից:
Հոդված 12. Բռնադատվածների բնակարանային պայմանների բարելավումը
Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում, իսկ այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Կառավարության կողմից սահմանված բնակավայրերում, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար նրանց հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները եւ տրամադրվող հողատարածքի չափը սահմանում է Կառավարությունը:
Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ծախսային մասում միջոցներ են նախատեսվում բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար՝ ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի: Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաեւ վարկերի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը եռամսյա ժամկետում:
Հոդված 13. Բռնադատվածների սպասարկումը առողջապահական ոլորտում
Կառավարության սահմանած կարգով բռնադատվածն ունի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:
Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի /ըստ դեղատոմսի/ վճարի 50 տոկոս զեղչի իրավունք: Եթե բռնադատվածը հաշմանդամ է դարձել բռնադատման հետեւանքով, ապա նա Կառավարության սահմանած կարգով ունի բուժառողջարանային հաստատությունների արտահերթ /առաջնահերթ/ ուղեգիր ստանալու իրավունք:
Հոդված 14. Բռնադատվածների սպասարկումը տրանսպորտի ոլորտում
Բռնադատվածին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտով, անկախ սեփականության ձեւից /բացի տաքսուց/, երթեւեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափով:
Հոդված 15. Բռնադատվածների սպասարկումը կոմունալ-կենցաղային ծառայությունների ոլորտում
Բռնադատվածին էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաեւ հեռախոսի եւ ռադիո բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 16. Բռնադատվածներին բնակարանների սեփականաշնորհումը
Բռնադատվածն ազատվում է պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տների, բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձվող պետական տուրքից:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
Հոդված 17. Բռնադատվածների իրավունքները այլ սեփականության նկատմամբ
Բռնադատվածին, իսկ նրա մահից հետո՝ նրա առաջին հերթի ժառանգներին, որպես կրած ֆիզիկական եւ բարոյական զրկանքների փոխհատուցում սահմանվում է ամենամսյա հավելյալ թոշակ Կառավարության սահմանած կարգով եւ չափով, բայց ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Հոդված 18. Բռնադատվածի կողմից գույքահարկի վճարումը
Բռնադատվածները ազատվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մինչեւ հազարապատիկը կազմող մասնավոր շինությունների համար գանձվող գույքահարկից:
Հոդված 19. Բռնադատվածների իրավունքները փաստաբանական խորհրդատվություն ստանալու ժամանակ
Բռնադատվածների մասին օրենսդրության հարցերով բռնադատվածն իրավունք ունի անվճար ստանալ փաստաբանական խորհրդատվություն՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 20. Բռնադատվածների իրավունքները ծերանոցներում տեղավորելու եւ ապրելու ժամանակ
Կառավարության սահմանած կարգով բռնադատվածներն ունեն ծերանոցներում պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար տեղավորելու եւ ապրելու իրավունք:
Հոդված 21. Բռնադատվածների հուղարկավորության հետ կապված ծախսերը
Բռնադատվածների հուղարկավորության հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին ՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 22. Բռնադատվածների մասին տեղեկատվությունը
Բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի , հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչեւ բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու եւ արդարացման որոշումն ու ժամկետները:
Հոդված 23. Բռնադատվածների ժառանգների իրավունքները
Մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 8-րդ, 12-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից:
ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքով նախատեսված իրավունքներն ու արտոնությունները տարածվում են այն բռնադատվածների վրա, որոնք արդարացվել են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արդարացված անձանց իրավական կարգավիճակը հավասարեցվում է սույն օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց իրավական կարգավիճակին, իսկ արդարացման մասին տրված տեղեկանքը /վկայականը/ առաջացնում է սույն օրենքով նախատեսված իրավաբանական հետեւանքներ:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1994 թվականի հունիսի 14-ի «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքն իր բոլոր լրացումներով եւ փոփոխություններով հանդերձ դադարեցնում է գործողությունը, իսկ այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք չեն համապատասխանում սույն օրենքին ճանաչվում են ուժը կորցրած:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բռնադատվածների բռնագրավված գույքը վերադարձնելու, դրա արժեքը փոխհատուցելու կամ դրամական վճարումներ /փոխհատուցումներ/ կատարելու համապատասխան մարմինների կայացված որոշումները վերանայման ենթակա չեն, իսկ վճարված գումարները չեն վերահաշվարկվում: