Armenian ARMSCII Armenian
Կ-371-15.11.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» կետով.

«զ օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային եւ ձմեռային ժամանակաշրջանում:

Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.   Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման

Անհրաժեշտությունը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձեւավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի, հնարավոր է նաեւ բացառվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձեւավորմանը եւ առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատումների եւ հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գեներացվի: Որպես հետեւություն՝ ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգավորումը պահպանվում է:  Առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ: Որպես հետեւություն՝ նոր ուղղության դիտարկումը սկսվում է ցանկացած, շուկայում արդեն իսկ գործող, ինչպես նաեւ շուկա նոր մուտք գործել ցանկացող ավիափոխադրողի կողմից իրականացված առաջին թռիչքից: Նոր օդային փոխադրումների խթանման միակ խոչընդոտը բնականաբար օդի տուրքի առկայությունը չէ: Դրանք ուղղակիորեն առնչվում են ամբողջ երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրներին՝ աշխարհաքաղաքական հարցերից մինչեւ օդանավակայանային առանձին ծառայությունների սպասարկման սակագների եւ ընդհանուր առմամբ կոնցեսիոն պայմանագրի պայմանների փոփոխությանը: Վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ջանքեր ենք գործադրում ավիացիոն մասով  առկա կարեւորագույն խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Ավիափոխադրողների կողմից առաջարկվել են սուբսիդավորման տարբերակներ, որոնք կիրառվել եւ կիրառվում են տարբեր երկրներում, սակայն այլ երկրների բացասական փորձի ուսումնասիրության արդյունքում դրանք մեր կողմից ի սկզբանե մերժվել են? Որպես հետեւություն՝ համագործակցելով ավիացիոն ոլորտի հեղինակավոր միջազգային կառույցների, ավիափոխադրողների, փորձագետների հետ, պարզվել է, որ առաջ շարժվելու հիմնական պայմանը մեր կողմից առնվազն օդի տուրքի առաջարկվող կարգավորման իրականացումն է եւ օդանավակայանային սակագների նվազեցումը: Մնացած գործոնները/խնդիրները հնարավոր է կարգավորել հընթացս:

2.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

14 նոյեմբերի 2019 թվականի  N  1566 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 2019 թ. նոյեմբերի 14
 Երեւան
 


14 նոյեմբերի  2019 թվականի  N  1680 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. Նոյեմբերի 14
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պրն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի  N 1566 - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ