Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-006-18.06.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 43-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 եւ 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2012 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով որոշվում է սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 եւ 14.3 կետերով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14.2-րդ եւ 14.3-րդ կետերով սահմանված են տարեկան պետական տուրքեր` յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման համար` բազային տուրքի 25000-ապատիկի չափով: Միաժամանակ, օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան, նույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (տվյալ դեպքում`  լիցենզիաների) վրա նշված` դրանց տրման ամսաթվից ոչ ուշ:

Շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպման գործունեությամբ զբաղվող անձինք գործունեության իրականացման լիցենզիաները ստացել են տարբեր տարիների տարբեր ամսաթվերին եւ 2012թ. ընթացքում` մինչեւ լիցենզիայի տրման ամսաթիվը (լիցենզիաների 2012 թվականի վճարման ժամկետներում) օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափով պետք է վճարեն հերթական տարեկան պետական տուրքի գումարները:

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» 27.04.2010թ. ՀՕ-54-Ն օրենքով (ուժի մեջ է մտնելու 01.01.2013թ.) վերանայվել են շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպման գործունեությանը ներկայացվող պահանջները (վարչատարածքային առումով): Միաժամանակ, սահմանվել է, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաներն ուժի մեջ են մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը:

Քանի որ 27.04.2010թ. ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթով  խնդրո առարկա գործունեության տեսակները 2013թ. հունվարի 1-ից դադարելու են հարկվել հաստատագրված վճարով, ազատվելու են ԱԱՀ-ից, իսկ գործունեության իրականացման արդյունքում ստացված եկամուտները շահութահարկով հարկման իմաստով եկամուտ չեն համարվելու, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 27.04.2010թ. ՀՕ-55-Ն օրենքով (ուժի մեջ է մտնելու 01.01.2013թ.) շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպման գործունեության լիցենզիաների համար սահմանվել են տարեկան պետական տուրքի նոր, առավել բարձր դրույքաչափեր (Երեւան քաղաքից ունեցած հեռավորությունից եւ մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների ու շահագործվող խաղասեղանների քանակներից կախված): Միաժամանակ, սահմանվել է, որ վերը նշված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 79-րդ եւ 80-րդ հոդվածներին համապատասխան, խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի (տեղադրված խաղասեղանների քանակի) 5000000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Օրենքի 84-րդ եւ 85-րդ հոդվածներին համապատասխան, շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` համապատասխան ելակետային տվյալի (խաղասրահի մակերեսի) 18750-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ, իսկ այլ տեղադրված (առկա) ավտոմատների համար` համապատասխան ելակետային տվյալի (ավտոմատների քանակի) 156250-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչները մինչեւ 2012 թվականի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը կարող են դիմել լիազոր մարմին, դադարեցնելով լիցենզիաների գործողությունը, պայմանավորված այն հանգամանքով, որ 2012 թվականի որոշակի քանակով ամիսների ընթացքում գործունեություն իրականացնելու համար պարտավորված են հերթական տարեկան պետական տուրքը վճարել օրենքով սահմանված դրույքաչափերով:

2012 թվականի 2-րդ կիսամյակում (օրինակ` եթե խաղատան կազմակերպման լիցենզիայի վճարման ժամկետ է հանդիսանում 22.10.2012թ., ընդամենը 3 ամիս գործունեություն իրականացնելու համար կազմակերպիչն օրենքով պարտավոր է վճարել բազային տուրքի 25000-ապատիկի չափով պետական տուրք): Հարկ է նկատի ունենալ, որ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչների գործունեության դադարեցման դեպքում ակնհայտ են ոչ միայն վճարվելիք պետական տուրքի, այլեւ հաստատագրված վճարների, այլ հարկերի ու պարտադիր վճարների գումարների չափով պետական բյուջեի եկամուտների կրճատման ռիսկերը:

Հաշվի առնելով խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը, եւ նպատակ ունենալով խրախուսել գործունեություն իրականացնողներին շարունակել իրենց գործունեության իրականացումը, նախագծով առաջարկվում է պետական տուրքի չափը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով որոշել վերոնշյալ գործունության տեսակների համար գործող օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թ, հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով: