ՀՈԴՎԱԾ 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 30-ի ՀՕ-66 օրենքը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի 2012 թվականի հունվարի 12-ի նիստի ժամանակ տրված հանձնարարականի (արձանագրություն N 24.11/[101570]-12, հարց 2) արդյունքում:
Նախատեսվում է իրականացնել պետական բնակարանային ֆոնդի նոր հաշվառում եւ ամփոփ արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Պետական բնակարանային ֆոնդից բնակարանների անհատույց մասնավորեցումը, որն իրականացվում է գործող օրենքին համապատասխան, թույլ չի տալիս տիրապետել գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի մասին ամբողջական տեղեկատվությանը, ինչպես նաեւ իրականացնել միասնական եւ նպատակաուղղված քաղաքականություն:
Անհրաժեշտ է, որպեսզի 2011 թվականից հետո ձեւավորվելիք սոցիալական բնակարանային ֆոնդի նկատմամբ պահպանվի պետական սեփականության իրավունքը (անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին ինչ ժամանակահատվածով է զբաղեցնում տվյալ կացարանը):
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակարանային ֆոնդի անհատույց մասնավորեցման գոյություն ունեցող կարգը տվյալ ոլորտում թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականություն, այն լուծումներ է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերի համար:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Իրավական ակտի նպատակն է՝ ապահովել պետական բնակարանային ֆոնդի առկայությունը եւ նպատակային խմբերի միջեւ արդյունավետ բաշխումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայի ձեւավորում, հաշվառում, տեղեկատվության հավաստիության ապահովում, ինչպես նաեւ պետական բնակարանային ֆոնդի նպատակային օգտագործման համար նախադրյալների ստեղծում:
7. Այլ տեղեկություններ
Չկան:
8. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին եւ չի առաջացնում նոր պարտավորություններ:
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
9 Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տեղադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային պաշտոնական կայքում՝ http://www.spm.am