Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝Օրենսգիրք) 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) եւ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից, այլ ինքնագնաց մեքենաներից եւ մեխանիզմներից, ինչպես նաեւ լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման՝ ըստ շարժիչային վառելիքների տեսակների.
Ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքը | Տարեկան դրույքաչափը (դրամ) |
Բենզին | 1000 |
Գազ (այդ թվում՝հեղուկ գազ) | 1000 |
Դիզել | 3000 |
Հոդված 2. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում «հզորության» բառերը փոխարինել « վառելիքների տեսակների » բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) եւ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների եւ մեխանիզմների, ինչպես նաեւ լողամիջոցների համար, , Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է սույն օրենսգրքի 188.1-րդ հոդվածով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց ոչ ուշ, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի.
Հոդված 5. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝4-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ.
4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել նոր՝188.1 հոդվածով հետեւյալ խմբագրությամբ
Հոդված 188.1 Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի տարեկան դրույքաչափերը.
Ավտոտրանսպորտային միջոցները՝ ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի | Հայաստանի Հանրապետության ճանապարհային հարկի դրույքաչափը (ՀՀ դրամ) |
մինչեւ 1 տոննա ներառյալ | 5000 |
1-3 տոննա ներառյալ | 10000 |
3-6 տոննա ներառյալ | 15000 |
6-15 տոննա ներառյալ | 25000 |
15 տոննա եւ ավելի | 35000 |
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել նոր՝193.1 հոդվածով հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 193.1 Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկի տարեկան հաշվարկման եւ վճարման կարգը
Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք սույն օրենսգրքի 188.1 հոդվածով սահմանված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարում մինչեւ տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Հոդված 9. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
2. Ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Հոդված 10. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 7-րդ մասում «փաստաթուղթը» բառից հետո հանել «(որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը)» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
Առկա իրավիճակը:
Ներկա իրավիճակը պարտադիր ավտոտրանսպորտային տեխզննման կայանների կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ բավականին մտորումների տեղիք է տալիս, քանի որ այս համակարգն իր առջեւ դրված առաքելությունը չի կատարում պատշաճ մակարդակով, ինչպես նաեւ այս բնագավառում չի արտացոլվում այն պատկերը, որը ցանկալի կլիներ հասարակության համար: Տեխզննման կայաններն, ըստ էության օրենքով նախատեսված ծառյությունները չմատուցելով, փաստորեն ապահովում են իրենց համար գերշահույթներ, այսինքն՝ հասարուկությունը վճարում է մի ծառայության դիմաց (կամ ծառայություն չմատուցելու), որը չի ապահովում անվտանգության նկատառումներով նախատեսված տեխնիկական զննության ընթացքում գոյություն ունեցող տեխնիկատրանսպորտային խնդիրների բացահայտումը: Այս արատավոր վերաբերմունքից եւ պրակտիկայից բխում են հետագա անդառնալի բազմաթիվ կորուստներ: Տարեցտարի գնալով ավելանում են տեխնիկական անսարքության պատճառով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահածության դեպքերը, սակայն միաժամանակ չկա մեկ դրվագ անգամ, որ քրեական գործ հարուցված լինի տեխզննման կայանների նկատմամբ, որում կհիմնավորվի, թե պատահարը առաջացել է տեխնիկական անսարքության պատճառով, որն էլ ժամանակին բացահայտվելու դեպքում հավաստիության կանխավարկածով կկանխվեր օրենքով սահմանված կարգով:
Պարտադիր տեխզննումը իրենից ենթադրում է 70 (յոթանասուն) կետից բաղկացաց ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը, իսկ գերակշիռ դեպքում զննությունը իրականացվում է միայն 4 կետի մասով: Համակարգն գտնվում է ճգնաժամի մեջ, որն էլ անհրաժեշտություն է առաջացնում հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կբարելավի այս համակարգը, կկարգավորի ֆինանսկան մուտքերը Պետական բյուջե՝ նպատակային դարձնելով քաղաքացիների վճարները:
Առաջարկվող լուծումները
Ներկայացված օրենսդրական փաթեթի միջոցով նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե դրա թերակատարման, թե հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:
Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար, դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակից: Այսպես բենզինով կամ գազով (այդ թվում՝ հեղուկ գազով) շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները էականորեն քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան դիզելային վառելիքով շահագործվողները, այդ իսկ պատճառով դրանց համար սահմանված են տարբեր դրույքաչափերի բնապահպանական հարկեր:
Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը եւ ընդլայնմանը:
Սույն փոփոխությունների շնորհիվ մի կողմից նվազի քաղաքացու հարկային եւ վճարային բեռը, մյուս կողմից կմեծանան ՀՀ բյուջե մուտքը, այսինքն տեղի կունենա առկա ֆինանսատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարում, որը փոխշահավետ է թե պետության, թե քաղաքացու համար:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝Արթուր Դալլաքյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ