Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 1997 դեկտեմբերի 27-ի «Պետական տուրքի մասին» (այսուհետ՝Օրենքի) ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ, 28.1-րդ եւ 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 15.4 ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածից հանել «Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների մասով:» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
Առկա իրավիճակը:
Ներկա իրավիճակը պարտադիր ավտոտրանսպորտային տեխզննման կայանների կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ բավականին մտորումների տեղիք է տալիս, քանի որ այս համակարգն իր առջեւ դրված առաքելությունը չի կատարում պատշաճ մակարդակով, ինչպես նաեւ այս բնագավառում չի արտացոլվում այն պատկերը, որը ցանկալի կլիներ հասարակության համար: Տեխզննման կայաններն, ըստ էության օրենքով նախատեսված ծառյությունները չմատուցելով, փաստորեն ապահովում են իրենց համար գերշահույթներ, այսինքն՝ հասարուկությունը վճարում է մի ծառայության դիմաց (կամ ծառայություն չմատուցելու), որը չի ապահովում անվտանգության նկատառումներով նախատեսված տեխնիկական զննության ընթացքում գոյություն ունեցող տեխնիկատրանսպորտային խնդիրների բացահայտումը: Այս արատավոր վերաբերմունքից եւ պրակտիկայից բխում են հետագա անդառնալի բազմաթիվ կորուստներ: Տարեցտարի գնալով ավելանում են տեխնիկական անսարքության պատճառով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահածության դեպքերը, սակայն միաժամանակ չկա մեկ դրվագ անգամ, որ քրեական գործ հարուցված լինի տեխզննման կայանների նկատմամբ, որում կհիմնավորվի, թե պատահարը առաջացել է տեխնիկական անսարքության պատճառով, որն էլ ժամանակին բացահայտվելու դեպքում հավաստիության կանխավարկածով կկանխվեր օրենքով սահմանված կարգով:
Պարտադիր տեխզննումը իրենից ենթադրում է 70 (յոթանասուն) կետից բաղկացաց ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը, իսկ գերակշիռ դեպքում զննությունը իրականացվում է միայն 4 կետի մասով: Համակարգն գտնվում է ճգնաժամի մեջ, որն էլ անհրաժեշտություն է առաջացնում հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կբարելավի այս համակարգը, կկարգավորի ֆինանսկան մուտքերը Պետական բյուջե՝ նպատակային դարձնելով քաղաքացիների վճարները:
Առաջարկվող լուծումները
Ներկայացված օրենսդրական փաթեթի միջոցով նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե դրա թերակատարման, թե հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:
Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար, դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակից: Այսպես բենզինով կամ գազով (այդ թվում՝ հեղուկ գազով) շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները էականորեն քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան դիզելային վառելիքով շահագործվողները, այդ իսկ պատճառով դրանց համար սահմանված են տարբեր դրույքաչափերի բնապահպանական հարկեր:
Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը եւ ընդլայնմանը:
Սույն փոփոխությունների շնորհիվ մի կողմից նվազի քաղաքացու հարկային եւ վճարային բեռը, մյուս կողմից կմեծանան ՀՀ բյուջե մուտքը, այսինքն տեղի կունենա առկա ֆինանսատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարում, որը փոխշահավետ է թե պետության, թե քաղաքացու համար:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝Արթուր Դալլաքյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ