Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-393-27.11.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն՝ զինվորական ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում եւ ներկայանա զորահավաքներին:

2) արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձ՝  Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա, որը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել օրենքով սահմաված վճար.

3) օրենքով սահմանված վճար՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե  վճարվող նվազագույն ամսական աշխատավարձի 10.000-ապատիկի չափով գումար:

Հոդված 3. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացու կարգավիճակը

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին համարվում է զինծառայող, նրան ամրակցվում են զենք, զինամթերք եւ անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 4.  Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու կարգը

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու կարգը  սահմանում է Կառավարությունը:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 5. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումի ներկայացման կարգը

1.  Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է ներկայացնում իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:

2. Օտարերկրյա պետությունում բնակվող արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը դիմում կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:

Օտարերկրյա պետությունում բնակվող պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշվեն դիմում ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը եւ հայրանունը, Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու ժամանակահատվածը եւ պատճառները: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու ծննդյան վկայականի եւ անձնագրի պատճենները, բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանքը: Եթե փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով՝ կից ներկայացնելով նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը:

4. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը կրում է դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները կատարելու պարտականությունը:

Հոդված 6. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձանց դիմումների քննարկումը

1. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը քննարկվում է, եւ քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումի քննարկման մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երկու ամիս, որի մասին դիմումատուն ծանուցվում է:

2. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձանց դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է դիմումները քննարկող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), եւ հաստատվում են հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ արագացված ընթացակարգով զինվորական զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձին՝ արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին:

3. Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մերժվում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը:

4. Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում այն բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Օրենքով սահմանված վճարը մուծելու եւ գոյացած գումարների օգտագործման կարգը

1. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հրամանը ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր է օրենքով սահմանված վճարը մուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված բանկային հաշվին, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում եւ օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:

2. Օտարերկրյա պետությունում բնակվող եւ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումը կատարելուց հետո պարտավոր է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում եւ օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:

3. Օրենքով սահմանված վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ բանկային հաշվին եւ օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Կառավարության սահմանած կարգով:

4. Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու ընթացքում քաղաքացին կարող է իր ցանկությամբ՝ դիմումի հիման վրա, սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ հետ ստանալով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված օրենքով սահմանված վճարը:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է մինչեւ 2020 թվականի փետրվարի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առկա խնդիրները.

Տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր հանգամանքներից ելնելով, խուսափում են 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից՝ դիմելով օրինական եւ անօրինական մի շարք քայլերի՝

ա) մինչեւ արու զավակի զորակոչի տարիքը ընտանիքով լքում են երկիրը եւ հաճախ անգամ 27 տարին լրանալուց հետո չեն վերադառնում,

բ) մեկնում են արտերկիր ուսման, սպորտային մրցաշարերի մասնակցելու կամ բուժման նպատակով եւ չեն վերադառնում,

գ) փորձում են ծառայությունից ազատվել առողջական խնդիրներ ունենալու պատրվակով,

դ) մայրերը իրենց արու զավակներին ծննդաբերելու համար մեկնում են արտերկիր, որպեսզի վերջիններս ունենան այլ երկրի քաղաքացիություն եւ տարիներ անց խուսափեն ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց: Այս տարբերակը վերջին շրջանում ավելի մեծ տարածում է ստանում հատկապես վճարունակ քաղաքացիների շրջանում,

ե) հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:

Հաշվի առնելով, որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները, ովքեր հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, միեւնույնն է, վերոհիշյալ կամ որեւէ այլ ճանապարհով խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով եւ իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին եւ ֆինանսական միջոցները: Հաշվի առնելով այս հանգամանքը կարծում եմ, որ պետք է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը:

Բացի արտագաղթը կասեցնելուց, «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նախագծերի փաթեթ) նպատակ ունի նաեւ Հայաստան վերադարձնել մեր բազմամիլիոնանոց Սփյուռքի ներկայացուցիչներին: Նախագծերի փաթեթն  ուղղված է նաեւ Սփյուռքին՝ հնարավորություն տալով Սփյուռքի մեր ներկայացուցիչներին նույն պայմաններով օգտվել նախատեսվող արագացված կարգով զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունից:

Հայաստանը պատմականորեն մեծ Սփյուռք ունեցող երկիր է: Հայաստանի նոր իշխանությունները բազմիցս ամենաբարձր մակարդակով նշել են Սփյուռքի հետ հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու մասին: Բացի քաղաքական, տնտեսական համագործակցությունից, հայկական երկու պետությունների համար մեծ նշանակություն ունի Սփյուռքի գիտական ներուժի օգտագործումը:   Անկախությունից հետո գիտության ոլորտում նկատվող լճացման եւ կազմալուծման միտումները հանգեցրին նաեւ մեծ թվով գիտաշխատողների կամ այլ կերպ ասած «ուղեղների» արտագաղթի՝ հանգեցնելով մի շարք բացասական հետեւանքների:  Այսօր, երբ գիտության դերն իրավամբ համարվում է ազգերի եւ պետությունների անվտանգության ապահովման կարեւոր գործիք, մասնագիտական սփյուռքի հետ հարաբերությունները կարող են շոշափելի արդյունք տալ բազմաթիվ ոլորտներում:  Հաշվի առնելով այս եւ մի շարք այլ հանգամանքներ՝ նախաձեռնությունը նպատակ ունի հնարավորություն տալ արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիների վերադառնալ Հայաստան՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տալու միջոցով: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո բազմաթիվ հայ երիտասարդներ, ստանալով գրավիչ պայմաններով դրսում աշխատելու առաջարկ,  մնում են տվյալ երկրում, իսկ հայրենիքում պարտադիր զինվորական ծառայության չներկայանալու պայմաններում զրկվում Հայաստան վերադառնալու հնարավորությունից եւ աստիճանաբար  սկսում ձուլվել այլ ազգի հետ ու կտրվել արմատներից: Նախագծերի փաթեթի կյանքի կոչումը հնարավորություն կտա արտերկրում կրթություն ստացած եւ մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադառնալ եւ գիտական ներուժը ծառայեցնել սեփական պետության բարգավաճմանը: Սա կհանգեցնի նաեւ ձուլման՝ այդքան սարսափելի երեւույթի չափերի կրճատմանը: Բացի գիտության ոլորտում բարձունքների հասած երիտասարդներից, քիչ թիվ չեն կազմում նաեւ արտերկրում հայտնված եւ սպորտի ոլորտում հաջողության հասած մեր երիտասարդները: Քանի որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո շատ քիչ մարզիկներ են կարողանում վերականգնել նախկին մարզավիճակն ու շարունակել հանդես գալ միջազգային բարձր վարկանիշ ունեցող առաջնություններում, այս նախագծերի փաթեթը նրանց եւս հնարավորություն կտա զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով, սակայն չկտրվել հայրենիքից:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելուց առաջ քաղաքացին պարտավոր է՝

1. ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ,

2. ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսվա ընթացքում սովորել զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվել կոնկրետ զորամասում, տալ զինվորական երդում եւ պարտավորվել ներկայանալ զորահավաքներին (նման կարգ գործում է Թուրքիայում, որտեղ  սահմանված գումարը մուծելուց հետո զորակոչիկը ծառայում է 21 օր, եւ Ղազախստանում՝ 35 օր):

Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել  ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարի հաշվարկը կատարվել է՝ հաշվի առնելով պաշտպանության բանակում պայմանագրային հիմունքներով ծառայող քաղաքացիների միջին աշխատավարձը: Արդյունքում վճարվող գումարով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարող է ներգրավել 2 պայմանագրային զինծառայողների՝ ծառայության 2 տարի ժամկետով:

Ներգրավված զինծառայողները կլինեն տարիքով ավագ եւ փորձառու,  նրանց առաջնագծում տեղակայելով՝ կուժեղացնենք առաջնագիծը՝ առաջնագծից աստիճանաբար հետ բերելով 18 տարեկան մեր ժամկետային զինծառայողներին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, սակայն միջոցների անբավարարության պատճառով  չենք կարողանում իրականացնել:

Այսօր մեր Պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի զորամասերից շատ շատերը չունեն մարզասրահներ եւ մարզադահլիճներ, չունեն մարզման համար անհրաժեշտ գույք, իսկ ունենալու դեպքում էլ դրանք գտնվում են անմխիթար վիճակում: Զինծառայողները հիմնականում մարզվում են ասֆալտի վրա՝ հաճախ կատարելով անարդյունավետ վարժություններ: Վարժանքներից հետո մեր շատ զինծառայողներ չունեն լոգարաններից օգտվելու հնարավորություն: Սրան զուգահեռ մեր զինծառայողների 70 տոկոսը ծխում է, որից 15%-ը սկսել է ծխել զինվորական ծառայության անցնելուց հետո: Փաստացի մենք մեր տղաներին ուղարկում ենք զինվորական ծառայության՝ ուժեղանալու եւ կայանալու, բայց հաճախ բանակից վերադառնում են ծխող, նիհարած ու անառողջ վիճակում գտնվող երիտասարդներ:

Վճարունակ մեր հայրենակիցների այս օրենքից օգտվելը, ինչպես նաեւ օտար երկրներից մեր հայրենակիցների վերադառնալը հնարավորություն կտա շատ արագ վերականգնել այս բացը, բոլոր զորամասերում կառուցել ժամանակակից մարզասրահներ՝ հագեցած մարզական գույքով, լոգարաններով, որոշ տեղերում նաեւ լողավազաններով:
           Սպորտային բարձր առաջադիմություն ցույց տվող, չծխող կամ ծխելը թողած   զինծառայողներին կտրամադրվի լրացուցիչ զինվորական համազգեստ (այժմ համազգեստ ստանում են 8 ամիսը մեկ անգամ), դրամական խրախուսումներ, ազատ արձակումներ եւ արտահերթ արձակուրդներ:

Բոլոր զորամասերում կիրականացվեն մշտադիտարկումներ, որի արդյունքում կխրախուսվեն այն զորամասի հրամանատարները, ում զինծառայողները կցուցաբերեն բարձր առաջադիմություն, եւ ում ծխող զինծառայողների եւ սպաների թիվը կլինի ցածր: Հրամանատարները ըստ այդմ իրենց հերթին կխրախուսեն իրեն այն ստորաբաժանումների ղեկավարներին, ում զինծառայողները կցուցաբերեն ավելի բարձր առաջադիմություն:

Սա կնպաստի մեր զինված ուժերում ծառայող ծխող զինծառայողների թվի կտրուկ կրճատմանը,  մարտունակության բարձրացմանը: Միաժամանակ կնպաստի պատանիների մոտ ծառայելու ցանկության բարձրացմանը: Կարելի է նաեւ ավելի հաճախակի եւ մեծ ծավալներով անցկացնել միջբանակային մրցաշարեր, որոնցում հաղթող զինծառայողներով  կարող ենք պատվով ներկայացնել մեր երկիրը նաեւ հարեւան երկրների զինծառայողների հետ կայանալիք մրցաշարերում:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է դադարացնել կամ նվազագույնի հասցնել Հայաստանից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթող քաղաքացիների թիվը, ինչպես նաեւ հայրենիք վերադառնալու հնարավարություն տալ երիտասարդ, աշխատելու պատրաստակամություն ունեցող մեր բազմաթիվ հայրենակիցներին, ովքեր այս հնարավորության բացակայության պատճառով չեն վերադառնում եւ աստիճանաբար օտարվում են իրենց հայրենիքից: Հայաստան տեղափոխվող երիտասարդներից շատերը կվերադառնան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, իրենց հետ կբերեն գումարն, կգնեն տներ, կաշխատեն եւ նոր աշխատատեղեր կստեղծեն հայրենիքում: Սա խոսքից գործի անցնելու քայլ է՝ Սփյուռքը Հայաստանի հետ ամուր կապերով կապելու նպատակով: 2019 թվականին անցկացված եւ իր մասշտաբներով աննախադեպ զորահավաքը փաստեց պահեստազորի կարեւորությունը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ նաեւ կհամալրվի պահեստազորը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

- օրենքների նախագծերի փաթեթը,

- օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

- գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
ԱԺ պատգամավոր՝   Հայկ Սարգսյան