Հոդված 1. «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ- 190 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում լրացնել ե ենթակետ հետեւյալ խմբագրությամբ`
«ե/ փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում մեծ թափ է ստացել ՓՀԷԿ-երի կառուցման գործընթացը: Որպես վերականգնվող էներգառեսուրսով աշխատող էներգետիկայի օբյեկտներ, այդ կայանները բնապահպանական տեսակետից ունեն որոշ դրական ազդեցություն, քանի որ դրանց գործարկումը չի ուղեկցվում մթնոլորտ վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետմամբ, սակայն ՓԷՀԿ-երն ունեն մի շարք թերություններ, որոնք բացասաբար են ազդում բնական միջավայրի վրա:
ՓՀԷԿ-երի կառուցումն անխուսափելիորեն ուղեկցվում է հողհատկացումով, կենսաբազմազանության վրա բացասական ներգործությամբ, հատկապես ջրաթեք (դերիվացիոն) կառույցների եւ ճնշումային խողովակների տեղադրման արդյունքում: Ջրառի հետեւանքով ՓՀԸԿ-երն ունեն զգալի բացասական ներգործություն բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգերի եւ, առանձնապես, ձկնային աշխարհի վրա:
Ներկայումս գործող ջրառի սահմանափակումները կրում են զուտ սանիտարական բնույթ եւ չեն ապահովում ջրային էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտ մակարդակ:
Առանձին հիմնախնդիր է Սեւանա լճի ավազանի գետերի վրա ՓՀԸԿ-երի տեղադրման հարցը: Սիգ եւ լճածածան ձկնատեսակներից բացի, որոնք բնակվում եւ բազմանում են լճում, Սեւանի իշխանի պահպանված երկու ենթատեսակյները (գեղարքունի, ամառային իշխան), կողակ եւ բեղաձուկ (բեղլու) ձկնատեսակները ձվադրում են լիճ թափվող գետերում եւ չափազանց կարեւոր է ձվադրման ժամանակահատվածում գետերում ապահովել ջրի քանակական եւ որակական անհրաժեշտ պայմաններ: