Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-014-23.06.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱ Ն

1. Սույն օրենքը կարգավորում է այն հասարակական հարաբերությունները, որոնք ծագում են գյուղատնտեսական ապրանքարտադրողների, քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ:

2. Սույն օրենքը սահմանում է գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, ուղղությունները, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի պետական կարգավորման մեխանիզմները:

ՀՈԴՎԱԾ 2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Գյուղատնտեսության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

1) գյուղատնտեսական արտադրություն` գործունեության տեսակ, որը նպատակաուղղված է բուսական եւ կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությանը, մշակմանը, վերամշակմանը եւ իրացմանը.

2) գյուղատնտեսություն`  տնտեսության իրական հատվածի ոլորտ, որը հիմնված է գյուղատնտեսական արտադրության վրա.

3) գյուղատնտեսական ապրանքարտադրողներ` ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, ինչպես նաեւ սեփական արտադրության գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակմամբ եւ(կամ) վերամշակմամբ.

4) գյուղացիական տնտեսություն` գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող, համատեղ տնտեսություն վարող քաղաքացիների (ընտանիքի անդամների) ինքնուրույն կազմակերպական միավոր: Գյուղացիական տնտեսությունը կարող է ստեղծվել նաեւ մեկ քաղաքացու կողմից.

5) գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակում` տեխնոլոգիական գործընթաց, որի արդյունքում էական չի փոփոխվում գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ֆիզիկական եւ քիմիական կազմը.

6) գյուղատնտեսական հումքի եւ մթերքի վերամշակում` տեխնոլոգիական գործընթաց, որի արդյունքում զգալիորեն փոփոխվում է գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ֆիզիկական եւ(կամ) քիմիական կազմը.

7) ագրոպարենային համակարգ` գյուղատնտեսության, գյուղատնտեսական հումքի եւ մթերքի վերամշակող արդյունաբերության ճյուղերի, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների ու մատակարարումների ոլորտի ամբողջություն.

8) ագրարային քաղաքականություն` պետական սոցիալ տնտեսական քաղաքականության բաղկացուցիչն է` ուղղված գյուղատնտեսության եւ գյուղի զարգացմանը.

9) գյուղատնտեսական արտադրության համար անբարենպաստ տարածքներ` գյուղական տարածքներ, որտեղ բնակլիմայական, ժողովրդագրական, շրջակա միջավայրի աղտոտման, ենթակառուցվածքների թերզարգացության, սակավաջրության, հողատարման կամ այլ գործոններով պայմանավորված` գյուղատնտեսական արտադրությունից ստացվում է համեմատաբար ցածր համախառն արտադրանք.

10) գյուղի զարգացում` գյուղական համայնքներում բնակվող քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարելավում` արտադրական (ֆիզիկական), սոցիալական, շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների ձեւավորման ու զարգացման, միջհամայնքային կապերի ամրապնդման, գյուղատնտեսական արտադրությանն այլընտրանքային գործունեության խթանման, գյուղատնտեսությունում կայուն աճի ապահովման, ինչպես նաեւ ազգային մշակույթի, էկոլոգիական համակարգերի, լանդշաֆտների զարգացման ու արդյունավետ կառավարման միջոցով.

11) գյուղական տարածք`  Հայաստանի Հանրապետության մարզերում գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող համայնքների վարչական տարածքների ամբողջություն.

12) գյուղատնտեսական արտադրությանն այլընտրանքային գործունեություն` գյուղական տարածքներում գյուղատնտեսական գործունեությանը չվերաբերող ցանկացած այլ ձեռնարկատիրական գործունեություն.

13) ապրանքային միջամտություն` սննդամթերքի ներքին շուկայում գների էական նվազման կամ անհիմն բարձրացման դեպքում պետության լիազոր մարմնի կողմից իրականացվող` սննդամթերքի կարգավորիչ իրացման կամ գնումների գործարքներ.

14) արտահանման խրախուսում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սննդամթերքի արտահանման խթանմանն ուղղված օրենսդրական, տնտեսական եւ կազմակերպական համալիր միջոցառումներ` բացառությամբ արտահանման լրավճարների:

ԳԼՈՒԽ  2

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

1. Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման բնագավառները տնտեսական, սոցիալական, բնապահպանական, ժողովրդագրական, ազգագրական, մշակույթի պահպանման ու զարգացման, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման տեսանկյունից հանդիսանում են պետական քաղաքականության ռազմավարական գերակայություններ:

2. Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական միասնական քաղաքականության մշակումն ապահովում են պետական կառավարման լիազորված մարմինները` ռազմավարությունների, հայեցակարգերի, նպատակային ծրագրերի եւ այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման միջոցով, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՈԴՎԱԾ 5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) նպաստել երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը.

2) անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել գյուղական տարածքներում բնակչության եկամուտների ավելացման համար.

3) աստիճանաբար հաղթահարել գյուղական աղքատությունը, մեղմել բնակչության անցանկալի արտահոսքը, ամրապնդել գյուղական բնակավայրերը, ինչպես նաեւ գյուղական տարածքներում ընդլայնել գյուղատնտեսական արտադրությանն այլընտրանքային գործունեությունը.

4) գյուղատնտեսության եւ գյուական տարածքների ներդաշնակ զարգացման միջոցով` գյուղական բնակչության կյանքի որակի բարելավում.

5) բարելավել գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածքը, մեծացնել բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական հումքի եւ մթերքի արտադրության տեսակարար կշիռը.

6) գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորումը եւ ներդրումների ծավալի աճի խթանումը.

7) գյուղական տարածքներում հողային, ջրային, աշխատանքային, գիտատեխնիկական, էներգետիկ եւ այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում.

8) շուկայական կողմնորոշում ունեցող մրցունակ գյուղատնտեսական հատվածի ձեւավորում.

9) ապահովել երկրի ագրոպարենային համակարգի կայուն եւ համաչափ զարգացումը.

10) ապահովել սահմանմամերձ, լեռնային եւ բարձրլեռնային եւ գյուղատնտեսական արտադրության համար անբարենպաստ տարածքների առաջանցիկ զարգացումը.

11) գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվող բնական ռեսուրսների պահպանումը եւ հավասարակշռված օգտագործումը.

12) գյուղատնտեսական ապրանքարտադրողների եկամուտների բարձրացումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, արդյունավետ գործող գյուղատնտեսական սննդամթերքի շուկայի ձեւավորումը:

ՀՈԴՎԱԾ 6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Պետական ագրարային քաղաքականության սկզբունքներն են`

1) գյուղատնտեսական ապրանքարտադրողների համար պետական աջակցության հասցեականությունը եւ հասանելիությունը.

2) ագրարային քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը.

3) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի միասնականությունը եւ մրցակցության հավասար պայմանների ապահովումը.

4) ագրարային քաղաքականության միջոցառումների իրականացման հաջորդականությունը եւ նրա կայուն զարգացումը.

5) ագրարային քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը` գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների (միավորումների), կոոպերատիվների  մասնակցությունը:

ՀՈԴՎԱԾ 7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գյուղատնտեսության պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) ագրարային բարեփոխումների խորացումը, տնտեսավարման ձեւերի կատարելագործումը.

2) պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.

3) տեղական արտադրության կենսապես կարեւորագույն սննդամթերքի ինքնաբավության (պարենային անկախության) մակարդակի բարձրացումը.

4) սննդամթերքի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավումը.

5) սննդամթերքի որակի եւ  անվտանգության ապահովման համակարգի զարգացումը.

6) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի կայունության ապահովումը եւ դրա ենթակառուցվածքների զարգացումը.

7) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին պետական աջակցության ցուցաբերումը.

8) տեղական գյուղատնտեսական ապրանքարտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը ներքին եւ արտաքին շուկաներում.

9) ոռոգման համակարգերի կենսունակության ապահովումը` ջրամբարների, մայր եւ միջհամայնքային ջրանցքների, ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնման, մեխանիկական ոռոգումն ինքնահոսի փոխարինման, գյուղացիական տնտեսություններում ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրման, սակագնային քաղաքականության բարելավման, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով.

10) գոտիական մասնագիտացումը եւ արտադրական հզորությունների ռացիոնալ տեղաբաշխումը,

11) գյուղատնտեսությունում հարկային արտոնությունների համակարգից սուբսիդավորման համակարգի անցման մեխանիզմների մշակումը եւ ներդրումը, գյուղատնտեսության վարկավորման մեխանիզմների կատարելագործումը եւ վարկային միջոցների ձեռքբերման մատչելիության մակարդակի բարձրացումը.

12) գյուղատնտեսական հողատեսքերի մելիորատիվ վիճակի բարելավումը` աղազերծումը, գրունտային ջրերի անթույլատրելի մակարդակի իջեցումը, արոտների բարելավումը եւ ջրարբիացումը.

13) օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցությունը.

14) բուսաբուծությունում ագրոտեխնիկական առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակության տարածքների ընդլայնումը, ընտրասերման եւ սերմնաբուծության համակարգի զարգացումը, սերմերի որակի հսկողության գործուն մեխանիզմների մշակումը եւ ներդրումը, բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը.

15) անասնապահության ենթաճյուղերի արդյունավետ զուգակցմանն աջակցությունը, տոհմային անասնաբուծության զարգացման համալիր միջոցառումների իրականացումը, անասնաբուժության համակարգի բարելավումը եւ անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացումը, անասնապահության կերի բազայի զարգացումը, անասնաբուծական առեւտրային կազմակերպությունների զարգացմանն աջակցությունը.

16) գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների եւ մատակարարումների համակարգի զարգացմանն աջակցությունը.

17) ագրարային հատվածի գիտակրթական, խորհրդատվական համակարգի հետեւողական զարգացումը.

18) գյուղատնտեսության համատարած հաշվառման պարբերական իրականացումը,

19) իրավական այլ ակտերով սահմանված ուղղություններով պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

2. Գյուղի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական  ուղղություններն են`

1) սոցիալական, արտադրական, շուկայական ենթակառուցվածքների ձեւավորման ու զարգացման միջոցով` գյուղական տարածքների բնակչության կենսամակարդակի բարձրացումը.

2) տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների ընդլայնման միջոցով` պետական կառավարման մարմինների իրավասությունների աստիճանական ապակենտրոնացումը.

3) գյուղական համայնքներին պետության պատվիրակված լիազորությունների ընդլայնումը, միջհամայնքային միավորումների ձեւավորմանն աջակցությունը.

4) գյուղական համայնքներում առողջապահական, կրթական, մշակութային, էներգամատակարարման, բնակկոմունալ ծառայություններից օգտվելու մատչելիության բարձրացումը, ինչպես նաեւ ճանապարհաշինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ կենսապահովման այլ ոլորտների կայուն եւ համաչափ զարգացումը.

5) անտառների պաշտպանությունը, պահպանությունը, վերարտադրությունը եւ անտառային ռեսուրսների հավասարակշռված օգտագործումը, ինչպես նաեւ անտառշինարարության եւ մոնիթորինգի համակարգի բարելավումը.

6) գյուղացիական տնտեսությունների խոշորացումը, մասնավորապես`  կոոպերատիվների, ընկերությունների, ընկերակցությունների, միությունների եւ կամավորության հիմունքներով գործող այլ միավորումների ձեւավորմանն օժանդակության միջոցով.

7) գյուղատնտեսական արտադրությանն այլընտրանքային գործունեության ընդլայնման հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը` ներդրումային գրավիչ միջավայրի ձեւավորման եւ նպատակամետ քաղաքականության իրագործման շնորհիվ.

8) հարկաբյուջետային, այդ թվում` սուբսիդավորման, երաշխիքային եւ աջակցության վճարների բնագավառներում տարբերակված քաղաքականության իրականացումը, առաջնությունը տալով բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերին.

9) ագրոէկոտուրիզմի զարգացմանը, օրգանական գյուղատնտեսության արտադրության ձեւավորմանն աջակցությունը.

10) գյուղական տարածքներում գենդերային անհավասարության աստիճանական մեղմումը.

11) ժողովրդական արհեստների, տնայնագործության զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը.

12) անտառային պտուղների, հատապտուղների, դեղաբույսերի, այլ բուսատեսակների հավաքման, մշակման, վերամշակման, փաթեթավորման արտադրությունների ստեղծմանը, ոչ ավանդական անասնաբուծության զարգացմանն աջակցությունը.

13) լանդշաֆտների արդյունավետ կառավարման, պահպանության, ծրագրման աշխատանքների համակարգումը.

14) գյուղական տարածքներում ռեկրեացիոն (զբոսաշրջության) առկա ներուժի արդյունավետ օգտագործումը.

15) վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական նպատակային ծրագրերի մշակման գործընթացում քաղաքաշինական հիմնավորումների, լուծումների, մոտեցումների ներառման ապահովումը` համաձայն ճարտարապետական ու շինարարական նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների.

16) գյուղական տարածքներում ինժեներական պաշտպանության, պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության, համայնքների գլխավոր հատակագծերի կազմման գործընթացի խթանումը.

17) ընդերքաօգտագործման բնագավառում օգտակար հանածոների հանույթի եւ մշակման առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը.

18) գյուղական բնակչության կենսակերպի բարելավմանն ուղղված` անտառահատված տարածքների բնական եւ արհեստական վերարտադրության ապահովումը, համայնքային անտառների ձեւավորման պիլոտային ծրագրերի իրականացումը, պլանտացիոն անտառաբուծության կազմակերպումը.

19) կենսաբանական ռեսուրսների տնտեսական գնահատումը, հաշվառումը, կադաստրի վարումը, մոնիտորինգի անցկացումը, ինչպես նաեւ կենսառեսուրսների պահպանության եւ հավասարակշռված օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացումը.

20) ջրային ռեսուրսների արդյունաբերական եւ կենցաղային աղտոտման մոնիտորինգի անցկացումը, կեղտաջրերի մաքրման արդիական տեխնոլոգիաների աստիճանական ներդրումը, ջրաղբյուրների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, սանիտարական գոտիների ցանցի ընդլայնումը.

21) արոտավայրերի վիճակի գնահատման արդյունքներից ելնելով` դրանց ջրարբիացման, բուսածածկի վերականգնման, բարելավման, պահպանման աշխատանքների խրախուսումը.

22) իրավական այլ ակտերով սահմանված ուղղություններով պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 8. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման քաղաքականության իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդատվական մարմինների ձեւավորումը.

2) գյուղատնտեսական արտադրության խթանման եւ գյուղի զարգացման բնագավառներում իրագործվող քաղաքականության համակարգումը.

3) իր կողմից լիազորված մարմինների նպատակների, խնդիրների եւ գործառույթների սահմանումը` սննդամթերքի արտադրությունից մինչեւ սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերում, ինչպես նաեւ գյուղի զարգացման բնագավառներում.

4) տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, ինչպես նաեւ իրավիճակի կանխատեսումների ապահովումը.

5) գյուղական տարածքներում ձեռնարկատիրական գործունեության խթանման, սուբսիդավորման, ապահովագրության, կոոպերացման, գյուղատնտեսության առանձին ենթաճյուղերի զարգացմանն ուղղված` նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.

6) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված  լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 9.  ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Ագրարային քաղաքականության իրականացման հիմնական միջոցներն են`

1) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին  պետական միջոցների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականության կիրառումը.

3) պետական եւ համայնքային կարիքների համար գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի գնումների իրականացումը` տեղական ապրանքարտադրողներից.

4) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի կարգավորումը, այդ թվում` սակագնային եւ ոչ սակագնային կարգավորումը, հատուկ (բարենպաստ)  մաքսային քաղաքականության կիրառումը.

5) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում հատուկ (բարենպաստ)  վարկայաին քաղաքականության կիրառումը.

6) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին եւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի մյուս մասնակիցներին տեղեկատվությամբ եւ խորհրդատվությամբ ապահովումը.

7) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի հակամենաշնորհային կարգավորումը.

8) պետական ագրարային քաղաքականության ձեւավորմանն ու իրականացմանը հասարակական կազմակերպությունների եւ գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների մասնակցության ապահովումը.

9) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում գնային կարգավորման քաղաքականության իրականացումը, ներառյալ` պետության կողմից ապրանքային միջամտությունների գործարքների իրականացումը.

10) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում գնումային միջամտությունների եւ(կամ) ապրանքային միջամտությունների միջոցով` ապրանքների գների կանոնակարգումը.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

ԳԼՈՒԽ 4

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 10. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր կողմից լիազորված մարմինների միջոցով իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով սննդամթերքի շուկայի կարգավորումը հետեւյալ հիմնական ուղղություններով`

1) հարկաբյուջետային եւ դրամավարկային համարժեք քաղաքականության իրագործման շնորհիվ նախադրյալներ է ստեղծում ներքին շուկայում սննդամթերքի ֆիզիկակական եւ տնտեսական մատչելիության ապահովման համար.

2) ներքին շուկայի եւ տեղական արտադրողների շահերի պաշտպանության նպատակով իրականացնում է հիմնավորված սակագնային (տարիֆային) կարգավորման քաղաքականություն, ելնելով գյուղատնտեսական արտադրության կառուցվածքից եւ նախընտրելի մասնագիտացումից.

3) տեղական արտադրության խթանման նպատակով գյուղատնտեսական հողատեսքերի, անասնագլխաքանակի, մեղվաընտանիքների, ինչպես նաեւ  արտադրատեխնիկական ծառայությունների բնագավառներում սուբսիդիաների տրամադրում` առաջնահերթությունը տալով գյուղատնտեսական արտադրության համար անբարենպաստ տարածքներում տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Սուբսիդավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) կիրառում է գյուղատնտեսական մշակաբույսերի, կենդանիների եւ սննդամթերքի ներմուծման նկատմամբ սանիտարական եւ բուսասանիտարական գիտականորեն հիմնավորված սահմանափակումները.

5) իրականացնում է հարկային տարբերակված քաղաքականություն` նախապատվությունը տալով սահմանամերձ եւ բարձրլեռնային տարածքներին.

6) խրախուսում է արտահանման ներուժ ունեցող արտադրատեսակների արտադրության խթանումը.

7) գյուղական տարածքներում ապահովում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումն արտոնյալ պայմաններով.

8) օժանդակում է հանրապետության տարածքում գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ շուկաների, տոնավաճառների համակարգի ձեւավորմանը.

9) գյուղատնտեսական արտադրության ռիսկերի մեղմմանն ուղղված  ապահովագրական համակարգի ներդրմանն օժանդակում.

10) անհրաժեշտության դեպքում իրականացնում է ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի սեզոնային քվոտավորում.

11) ապահովում է ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի նկատմամբ որակի եւ անվտանգության պետական վերահսկողություն.

12) աջակցում է նորամուծությունների, տեխնիկական վերազինմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կադրերի ուսուցմանը եւ վերապատրաստմանը.

13) սննդամթերքի շուկայի կոնյուկտուրայի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրում է հավաստի տեղեկատվություն եւ խորհրդատվություն.

14) աջակցում է ենթակառուցվածքների կայուն գործունեությունն ապահովող ինստիտուցիոնալ (հաստատութենական) կառույցների ձեւավորմանը.

15) ապահովում է միջպետական փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնումը եւ հանրապետության ագրարային հատվածի միջազգայնացումը:

ՀՈԴՎԱԾ 11. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր կողմից լիազորված մարմինների միջոցով իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով սննդամթերքի ներմուծման եւ արտահանման պետական կարգավորումը հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) արտահանման համար բարենպաստ տնտեսական միջավայրի ձեւավորում, արտահանման խրախուսման նպատակային ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

2) սննդամթերքի առեւտրային հաշվեկշիռների պարբերական վերլուծությունը, արտաքին շուկաներում ձեւավորվող պահանջարկի եւ արտահանման ներուժ ունեցող արտադրատեսակների իրացման ինտեգրացված շուկայավարման (մարքեթինգային) հետազոտությունների իրագործումը.

3) արտահանման համար բարենպաստ երկրներում առեւտրային ներկայացուցչությունների ստեղծումը, հանրապետության տարածքում այլ երկրների, այդ թվում` Անկախ պետությունների համագործակցության, Եվրամիության անդամ երկրների ներկայացուցչությունների հետ համագործակցության ընդլայնումը.

4) տեղական արտադրության սննդամթերքն արտաքին շուկաներում իրացման խթանման նպատակով արտերկրներում առեւտրային կետերի, պահեստների, սառնարանների, տարավորման եւ փաթեթավորման արտադրամասերի ստեղծմանն օժանդակությունը.

5) բարձրորակ, մրցունակ սննդամթերք արտադրողներին, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գործունեություն իրականացնող գիտական հաստատություններին աջակցությունը.

6) սակագնային բարենպաստ քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

7) պետական վերահսկողության ուժեղացումը ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի որակի եւ սպառողների առողջության անվտանգության ապահովման բնագավառներում, այդ նպատակով փորձաքննության լաբորատորիաների ստեղծումը, տեխնիկական վերազինումը, կադրերի պատրաստումը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ վերափոխումների իրականացումը.

8) ներքին շուկայում շրջանացվող սննդամթերքի, ներառյալ օրգանական գյուղատնտեսության մեթոդով արտադրված մթերքի համապատասխանության հավաստումը, <<Սննդամթերքի անվտանգության մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի դրույթների պահանջներին, ինչպես նաեւ բույսերի պաշտպանության, անասնաբուժության, տոհմային անասնաբուծության եւ սանիտարական ու բուսասանիտարական բնագավառում Հայաստանի Հանրապետության  իրավական ակտերով սահմանված կանոնների, նորմերի ու ստանդարտների պահանջների կատարման ապահովումը.

9) սննդամթերքի արտադրության, փոխադրման, վերամշակման, պահպանման, իրացման ապրանքային շարժի փուլերում գործող կոոպերատիվներին աջակցությունը` օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՈԴՎԱԾ 12. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

1. Գյուղատնտեսության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ` պետական ծրագիր) փասթաթուղթ է, որը սահմանում է գյուղատնտեսության զարգացման եւ  գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի շուկայի կարգավորման նպատակներն ու հիմնական ուղղությունները, միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների իրականացման մեխանիզմները  եւ գործունեության ֆինանսական ապահովումը, յուրաքանչյուր երեք օրացույցային տարիների համար (այսուհետ` եռամյա):

2. Պետական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության այն բոլոր մարմինները, որոնց գործառույթներն առնչվում են գյուղատնտեսության ոլորտին, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Եռամյա  պետական ծրագրի հիմնական ցուցանիշները, ներկայացված առաջարկությունները, ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում է գյուղատնտեսության ոլորտում պետական միասնական քաղաքականություն մշակող եւ իրականացնող  գործադիր իշխանության պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից: Հանձնաժողովը բաղկացած է տասնհինգ անդամից, որից` հինգ անդամ լիազոր մարմնի ներկայացմամբ, հինգ անդամ` գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների (միավորումների) կողմից առաջադրված թեկնածուներից, հինգ անդամ` գյուղատնտեսության ոլորտի գիտակրթական կազմակերպությունների առաջադրած թեկնածուներից:

4. Հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության, պետական ծրագրի նախագծի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետները, ինչպես նաեւ պետական ծրագրի նախագիծը լիազոր մարմին ներկայացնելու կարգը` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

5. Պետական ծրագիրը ներառում է կանխատեսումների վրա հիմնված գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները, նպատակները, խնդիրները, արդյունավետության ցուցանիշները ու դրանցից բխող պարտականություններն ու գործառույթները` ներառյալ  առաջիկա 3 տարիներին յուրաքանչյուր տարվան հատկացվող, պետական ծրագրի նպատակների ու խնդիրների իրագործման համար նախատեսված անհրաժեշտ ֆինանսական միջոցների բաշխումը:

6. Լիազոր մարմինը պետական ծրագրի առաջին ֆինանսական տարվան նախորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ տեղեկություններ է հրապարակում` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներով պետական ծրագրի նախագծին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվություն մասնակիցների կողմից մասնակցության համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ձեւը, միաժամանակ այդ տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի ինտերնետային կայք էջում:

7. Պետական լիազոր մարմինը հաստատման նպատակով` մինչեւ պետական ծրագրի ավատին նախորդող տարվա օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաջորդ եռամյակին վերաբերող պետական ծրագրի նախագիծը:

ՀՈԴՎԱԾ 13. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. Պետական ծրագրի ենթածրագրերի մեջ ներառված հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ հանձնաժողովը կարող է դիմել լիազոր մարմնի աջակցությանը:

2. Պետական ծրագրի ենթածրագրերի մեջ ներառված մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի գնահատման համար լիազոր մարմնի կողմից ստեղծում են փորձագիտական  հանձնաժողովներ, որոնց մեջ մտնում են անկախ փորձագետներ, գյուղատնտեսական արտադրողների ներկայացուցիչներ ու գյուղատնտեսական արտադրանք, հումք ու սննդամթերք իրացնող անձիք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործադիր իշխանության պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

3. Փորձագիտական հանձնաժողովում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի հանձնաժողովի անդամների թվի 1/3-ը:

4. Փորձագիտական հանձնաժողովների ստեղծման, ֆինանսավորման կարգը, աշխատակարգն ու գործունեության ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անհատական կազմը` պետական լիազոր մարմինը:

5. Փորձագիտական հանձնաժողովը փորձաքննության ներկայացված յուրաքանչյուր ենթածրագրի վերաբերյալ ներկայացնում է եզրակացություն, որը ներառում է յուրաքանչյուր ենթածրագրի իրականացման արդյունքների եւ արդյունավետության գնահատականը, պետական ագրարային քաղաքականության նպատակների մատչելիության աստիճանը եւ իրականացման ողջամտությունը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, այդ ենթածրագրերի փոփոխության  մասին առաջարկություններ:

6. Փորձագիտական հանձնաժողովը եզրակացությունը սահմանված ժամկետում եւ կարգով ներկայացնում է պետական լիազոր մարմնին:

ՀՈԴՎԱԾ 14. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Պետական ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ ուշ քան պետական ծրագրին նախորդող տարվա նոյեմբերի 15-ը` երեք տարի ժամկետով:

2. Հաստատված պետական ծրագրում եռամյակի համար նախատեսված ֆինանսավորման չափը նվազման առումով հետագայամ փոփոխության ենթակա չէ:

3. Հաստատված պետական ծրագրում նախատեսված` եռամյակի յուրաքանչյուր տարվան հասանելիք ֆինանսավորման չափը, համապատասխան ֆինանասական տարվան նախորդող տարում, հաջորդ տարվա համար կազմվող` «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նվազեցման առումով ներառվում է առանց փոփոխությունների:

ՀՈԴՎԱԾ 15. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆՑՈՒՄԸ

1. Պետական ծրագիրը իրականացնում են լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման  մարմինները` իրենց լիազորությունների շրջանակներում:

2. Գյուղատնտեսության ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ համապատասխան տարածքային նպատակային ծրագրերը ձեւավորվում եւ իրականցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 16. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի մինչեւ մարտի 30-ը, նախապատրաստում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախորդ տարում պետական ծրագրի իրականացման ընթացքի ու արդյունքների մասին ազգային զեկույց (այսուհետ` ազգային զեկույց):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում եւ հաստատում է ազգային զեկույցը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային զեկույցն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:

4. Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային զեկույցը մինչեւ տվյալ տարվա մայիսի 15-ը հրապարակում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում եւ միաժամանակ այն տեղադրվում է լիազոր մարմնի ինտերնետային կայք էջում:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստում լսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչի կողմից ներկայացվող ազգային զեկույցի մասին հաշվետվությունը:

ՀՈԴՎԱԾ 17. ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետական ծրագրի իրականացման ընթացքի ու արդյունքների մասին ազգային զեկույցը ներառում է.

1) պետական ծրագրի իրականացման արդյունքները ամբողջ անցած տարվա ընթացքում, ինչպես նաեւ դրա մեջ ներառված առանձին միջոցառումների արդյունքները: Եռամյակի ավարտի դեպքում` նաեւ եռամյակի ամբողջ ընթացքը եւ արդյունքները.

2) պետական ծրագրով սահմանված նպատակների եւ խնդիրների համապատասխան գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները.

ա. գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրանքի եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակող արդյունաբերությունում արտադրված արտադրատեսակների համախառն արտադրանքի ցուցանիշները,

բ. գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման մակարդակը,

գ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները եւ դրանց կառուցվածքը,

դ. գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` ըստ տեսակների,

ե. բուսաբուծական եւ անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները,

զ. գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքատվությունը եւ գյուղատնտեսական կենդանիների մթերումը,

է. գյուղատնտեսության մեջ զբաղվածների միջին թվաքանակը,

ը. գյուղատնտեսության մեջ զբաղվածների հաշվով համախառն արտադրանքը (արտադրողականությունը),

թ. գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը,

ժ. ոռոգելի հողերի տեսակարար կշիռը` ցանքատարածությունների եւ բազմամյա տնկարկների տարածքների նկատմամբ,

ժա. գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքինության վերաբերյալ տվյալները,

ժբ. առաջնային անհրաժեշտ սննդամթերքի ինքնաբավության մակարդակը,

ժգ. գյուղատնտեսական մթերքների գները,

ժդ. այլ ցուցանիշներ.

3) հաջորդ տարում գյուղատնտեսության զարգացման կանխատեսումները.

4) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են առաջարկություններ` պետական ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

ԳԼՈՒԽ 6

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 18. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ապահովագրությանն ենթակա են այն ռիսկերը, որոնք կապված են գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորստի հետ, որոնք առաջանում են բնական աղետների (երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, երկրաշարժեր, ջրհեղեղներ, հողի ճահճացում, սողանք եւ այլն), գյուղատնտեսական կենդանիների անկումը, որոնք առաջանում են հիվանդությունների եւ բնական աղետների հետեւանքով:

2. Գյուղատնտեսական ապահովագրության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ այլ միջոցների հաշվին տրամադրվում են սուբսիդիաներ, մինչեւ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական վճարի 50 տոկոսը:

3. Ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական ծախսերի փոխհատուցման համար պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները սահմանվում են ,Պետական բյուջեյի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Ապահովագրության նպատակով իրականացվող ծախսերի համար պետական բյուջեյից սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 19. ՀՈՂԵՐԻ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Էկոլոգիյական հավասարակշռության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շրջանակներում եւ ի կատարումն գյուղատնտեսության զարգացման պետական ծրագրերի, գյուղատնտեսական հողերի պաշտպանության եւ դրանց բերրիության բարձրացման միջոցառումներ իրականացնելիս գյուղատնտեսական ապրանքարտադրողները ստանում են պետական աջակցություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եւ համայնքային բյուջեների հաշվին հակակարկտային համակարգերի տեղադրման եւ շահագործման, ինչպես նաեւ հողերի բերրիության բարձրացման համար խթանող միջոցներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ եւ այլ անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար:

ՀՈԴՎԱԾ 20.  ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետության կարգավորիչ միջամտությունն իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում գների կարգավորման եւ գյուղատնտեսական ապրանքարտադրողների եկամուտների ողջամիտ մակարդակը պահպանելու նպատակով:

2. Միջամտությունը իրականացվում է իրացվող գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ անկման, այնպես էլ գների անհիմն աճի դեպքում:

3. Պետական ապրանքային միջամտության կարգը, մթերքների անվանացանկը, մեթոդները եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 21. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

1. Լիազոր մարմինը ագրոպարենային համակարգի գյուղատնտեսական ապրանքարտադրողների հասարակական նշանակություն ունեցող շահերի համաձայնեցման նպատակով, գյուղատնտեսական ապրանքարտադրողների միություններին կամավոր հիմունքներով մասնակից է դարձնում ագրարային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

2. Ագրարային քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը կարող են մասնակցել գյուղատնտեսական ապրանքարտադրողների այն միությունները (միավորումները) որոնց անդամակցող գյուղատնտեսական ապրանքարտադրողները արտադրում են տեղական գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի առանձին տեսակների առնվազն մեկ հինգերորդը:

3. Գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների պետական քաղաքականության մշակմանը եւ իրականցմանը մասնակցության ձեւերն են`

1) նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, նպատակային ծրագրերի նախագծերի կազմման մասնակցությունը.

2) գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված գիտության եւ տեխնիկայի հայտնագործությունների, արտասահմանյան եւ տեղական փորձի ուսումնասիրման արդյունքների ներդրումը եւ տարածումը.

3) պետական ագրարային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը եւ ստացումը.

4) պետական կառավարման մարմիններին` գյուղատնտեսությանը վերաբերող առաջարկությունների ներկայացնելը.

5) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված մասնակցության այլ ձեւեր:

ԳԼՈՒԽ 7

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 22. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ոլորտում պետական տեղեկատվական համակարգը ձեւավորում եւ նրա գործունեությունն ապահովում է պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Գյուղատնտեսության ոլորտում պետական տեղեկատվական համակարգի հիմքում ընկած է գյուղատնտեսության փաստացի վիճակը ու նրա զարգացման միտումները, արտահայտված` պետական լիազոր մարմնի, պաշտոնական վիճակագրական տեղեկատվական պետական մարմնի, մաքսային գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականցնող պետական կառավարման լիազոր մարմինների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավքրման մարմինների տեղեկատվական համակարգերում:

3.Պետական տեղեկատվության համակարգի մեջ պարտադիր ներառվում է հետեւյալ տեղեկությունը`

1) պետական եւ ճուղային նպատակային ծրագրերի իրականացման մասին.

2) բուսաբուծության եւ անասնաբուծության ճուղերի զարգացման մասին.

3) գյուղատնտեսական տեխնիկայի քանակի եւ վիճակի մասին.

4) գյուղատնտեսական նշանակության հողերի ուսումնասիրման մասին.

5) տարածքների սանիտարական եւ բուսասանիտարական վիճակի ուսումնասիրության մասին, կապված բույսերի եւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ու վնասատուների հայտնաբերման, ոչնչացման եւ կանխարգելման.

6) գյուղատնտեսության ոլորտում աշխատողների (զբաղվածների) թվաքանակի մասին

7) գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ սննդամթերքի շուկայում հիմնական պարենային ապրանքների գների եւ ծավալների վերաբերյալ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:

4. Պետական լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում եւ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիների ինտերնետային կայքերում, պարտադիր տեղադրման եւ ոչ ուշ քան յուրաքանչյուր եռամսյակ թարմացման ենթակա տեղեկատվությունը ներառում է`

1) պետական լիազոր մարմնի որոշումները.

2) գյուղատնտեսության զարգացման պետական աջակցությանն առընչվող, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակած նորմատիվ իրավական ակտերը.

3) մաքսատուրքերի, սակագնային քվոտաների ծավալի, գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ սննդամթերքի քանակի ներմուծման եւ արտահանման մասին տեղեկատվությունը.

4) գյուղատնտեսական հիմնական ապրանքատեսակների արտադրության ներկա վիճակի եւ կանխատեսումների մասին տեղեկատվությունը` ըստ մարզերի եւ հանրապետության ամբողջ տարածքում ամբողջապես, ներառյալ` ամենամսյա հաշվետվություններ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի, բերքահավաքի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, մսի, կաթի եւ այլ գյուղատնտեսական մթերքների արտադրության մասին տեղեկատվություն.

5) գյուղատնտեսական ապրանքարտադրողների կողմից իրացաված գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի միջին արժեքի, նրանց կողմից ձեռք բերված արդյունաբերական արտադրանքների եւ առանձին պարենային ապրանքների գների մասին տեղեկատվություն.

6) պետական գնումային եւ ապրանքային միջամտությունների մասին.

7) պետական կարիքների համար գյուղատնտեսական արտադրանքի մրցույթների անցկացման մասին տեղեկատվություն.

8) պետական լիազոր մարմնի կողմից սահմանված այլ տեղեկատվություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի մեջ նշված տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, բոլոր շահագռգիռ անձանց երաշխավորվում է տեղեկատվության հավասար մատչելիությունը:

ՀՈԴՎԱԾ 23. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Գյուղատնտեսության եւ գյուղի սոցիալական զարգացման բնագավառներում պաշտոնական վիճակագրությունը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը` օրենքով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքագրումն իրականացվում է ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ անցկացվող համատարած հաշվառման արդյունքում` օրենքով սահմանված կարգով:

3. Համատարած հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին եւ ֆինանսավորման այլ աղբյուրներից:

4. Գյուղատնտեսական արտադրության բնագավառում իրավիճակին համարժեք քաղաքականության մշակման եւ իրականացման նպատակով, բացի վիճակագրական ռեգիստրից լիազորված մարմինը կարող է վարել նաեւ վարչական ռեգիստր` օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 24. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում ապահովում է սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությամբ, որպես սոցիալ-տնտեսական կարեւոր հիմնահարցեր ամրագրված են երկրի պարենային անվտանգության, այդ թվում` տեղական արտադրության սննդամթերքի ծավալների ավելացման, ներմուծման եւ արտահանման հաշվեկշռի բարելավման, տարածքային համալիր ծրագրերի իրականացման, հատկապես` սահմանամերձ ու բարձրլեռնային գոտիների բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունը սահմանող դրույթներ: Այդ հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել գյուղատնտեսության ոլորտի պետական կարգավորման նպատակները, հիմնական ուղղությունները, գյուղատնտեսական մթերքի (հումքի) արտադրանքի շուկայի պետական կարգավորման ձեւերը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցությամբ պայմանավորված` հնարավոր ռիսկերի մեղմման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով երկրի գյուղատնտեսության խոցելիությունը (հարաբերական սակավահողությունը, սակավաջրությունը, ենթակառուցվածքների թերզարգացածությունը, գյուղատնտեսական արտադրության ռիսկայնությունը, փոխառու միջոցների համալրման հնարավորությունների սղությունը եւ այլն) անհրաժեշտություն է առաջացել ներքին շուկայի եւ տեղական արտադրողների շահերի պաշտպանության նպատակով կատարելագործել ոլորտի պետական կարգավորման մեխանիզմները:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները: Ներկայումս մի շարք իրավահարաբերություններ, որոնք ծագում են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների, գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, իրավաբանորեն հստակեցված չեն: Մասնավորապես, դեռեւս օրենսդրորեն սահմանված չեն գյուղի եւ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, ուղղությունները, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի պետական կարգավորման մեխանիզմները: Դրա հետ մեկտեղ, դեռեւս օրենսդրորեն հստակեցված եւ սահմանված չեն գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հասկացություններ, օրինակ` գյուղատնտեսություն, գյուղատնտեսական արտադրություն, գյուղի զարգացում, գյուղատնտեսության համար անբարենպաստ տարածքներ եւ այլն: Նշված խնդիրները պահանջում են օրենսդրական կարգավորում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Գյուղատնտեսությունը հանդիսանում է հանրապետության տնտեսության գերակա ոլորտներից մեկը եւ ոլորտում վարվում է պետական կարգվորման եւ աջակցության արդյունավետ քաղաքականություն: Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է ոլորտում վարվող քաղաքականությանը եւ նպատակաուղղված է ագրարային քաղաքականության համակարգված իրականացմանը, այն ներդաշնակեցնելով գյուղական տարածքների կայուն համաչափ զարգացմանը, հաշվի առնելով այդ բնագավառների փոխկապակցվածությունը եւ փոխազդեցությունը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը: Առաջարկվող օրենքը կարգավորելու է այն հասարակական հարաբերությունները, որոնք ծագում են գյուղատնտեսական ապրանքարտադրողների,  քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ: Օրենքի նախագիծը սահմանում է գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության մշակման եւ իրականացման, սննդամթերքի շուկայի կարգավորման պետական քաղաքականության ուղղությունները, գյուղատնտեսության զարգացման պետական ծրագրի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգը: Օրենքի նախագիծը սահմանում է նաեւ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական աջակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման բնագավառների տեղեկատվական ապահովման ու վիճակագրության ոլորտի հարաբերությունները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք: Նախագծի լրամշակման գործընթացին ներգրավվել են, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ս. Բալասանյանը եւ նրա աշխատակազմը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձինք, հաշվի առնելով, որ «Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 76-րդ կետով:

Ակնկալվող արդյունքները: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում պետական կարգավորման եւ աջակցության գործընթացի համակարգմանը, ագրարային արտադրության արդյունավետռության բարձրացմանը, տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը ներքին եւ արտաքին շուկաներում, ինչպես նաեւ ոլորտի միջազգային ինտեգրմանը:

Այլ տեղեկություններ: Նախագիծը լրամշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության  եզրակացությունում նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ տրված առաջարկությունները եւ համապատասխանեցվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության եւ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներին: