Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0171-30.06.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասում «առավել երկար» բառերը փոխարինել «այլ» բառով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «տասն օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ սնանկության առնչությամբ կազմակերպված աճուրդի դեպքում` հինգ օրվա ընթացքում, » բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները .

Սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է: Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության սուբյեկտների սնանկության հետ կապված հարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքով (այսուհետ` Օրենք), որում իրենց արտացոլումն են գտել Միավորված ազգերի կազմակերպության առեւտրային իրավունքի հանձնաժողովի ընդունած «Անվճարունակության մասին օրենսդրության հարցերով օրենսդիր մարմինների ուղեցույց»-ում արտացոլված սկզբունքները: Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը սնանկության վարույթի մասնակիցների իրավունքները եւ օրինական շահերը էլ ավելի երաշխավորելու նպատակով իր 2011 թվականի դեկտեմբերի 22-ի  ?1930-Ն որոշմամբ նախանշել է Օրենքի կատարելագործման որոշակի ուղղություններ, որոնց տեսանկյունից Օրենքը դիտարկելիս կարելի է ուշադրության հրավիրել առկա հետեւյալ խնդիրները.

1/ Օրենքը, կանոնակարգելով պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով օտարելու հետ կապված հարաբերությունները, 76-րդ հոդվածով նախատեսել է, որ պարտապանին պատկանող գույքի վաճառքը իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով: Իսկ ինչպես Օրենքի, այնպես էլ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համադրված վերլուծությունից հետեւում է, որ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով օտարելիս կատարվելիք գործողությունների համար նախատեսված ժամկետները որոշ դեպքերում արդարացված չեն որեւէ իրավաչափ նպատակով: Այդ իսկ պատճառով դրանց կրճատումը հիմնավոր է թվում, քանի որ այդ դեպքում առանց անհարկի ձգձգումների կապահովվի պարտատերերի շահերի պաշտպանությունը:

2/ Օրենքի ամբողջական ուսումնասիրությունը վկայում է, որ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո նրա անունով առկա բոլոր դրամական միջոցները պետք է հաշվեգրվեն կառավարչի կողմից պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին: Ըստ որում, Օրենքը չի ամրագրում որեւէ դրույթ դրանց տնօրինման արդյունավետության բարձրացման նպատակով այն դեպքում, երբ այդ միջոցները, բացառությամբ Օրենքով խստորեն նախատեսված դեպքերի, մինչեւ պարտատերերի պահանջների բավարարումը  ենթակա չեն դուրսգրման այդ հաշվից: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ սնանկ պարտապանի անվամբ առկա դրամական միջոցները, բավականին երկար ժամանակ որեւէ կերպ չօգտագործվելով, կորցնում են իրենց իրական գնողունակությունը: Մինչդեռ բանկային հաշվի պայմանագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա իրավակարգավորումից հետեւում է, որ սնանկության հատուկ հաշիվը բացելիս կարելի է այդ հաշվի պայմանագրում նախատեսել բանկի կողմից սնանկության հատուկ հաշվին առկա դրամական միջոցների օգտագործման եւ դրա դիմաց բանկի կողմից տոկոսներ վճարելու դրույթներ, ինչը թույլ կտա, չվտանգելով պարտատերերի շահերը, ավելացնել պարտապանի դրամական միջոցները:

Հիմք ընդունելով վերոգրյալը նպատակահարմար է համարվում Օրենքում կատարել համապատասխան լրացում, որը հավասարապես ուղղված է եւ' պարտատերերի, եւ' պարտապանի շահերի պաշտպանությանը:

Առաջարկվող լուծումները .

Նախագծերով նախատեսվում է ընդունել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Դրանցով, մասնավորապես, սահմանվում են.

1/ պարտապանի գույքի օտարման կապակցությամբ կատարվող գործողությունների առավել կարճ ժամկետներ,

2/ պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվում եղած դրամական միջոցների բանկի կողմից օգտագործման եւ դրա դիմաց տոկոսներ վճարելու վերաբերյալ դրույթներ:

Ակնկալվող արդյունքը .

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել սնանկության վարույթում գտնվող պարտապանի գույքի օտարման ավելի կարճ ժամկետներ եւ պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացում: