Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0221-20.07.2012-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 14-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում.».

2. ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում.

1. վերնագիրը «Պետական» բառից հետո լրացնել «եւ համայնքային» բառերով.

2. 1-ին մասում «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների պաշտոնների)» բառերը փոխարինել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնների)» բառերով.

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1. կետով.

«1.1. Համայնքային պաշտոններն են` Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի Հայաստանի Հանրապետության համայնքների ավագանիների անդամների, ինչպես նաեւ համայնքային ծառայության պաշտոնները։».

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14-րդ կետով.

«14. Համայնքային ծառայության պաշտոնը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ համայնքային ծառայության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «բաժնեմաս» բառը փոխարինել «մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ եւ այլն)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաեւ օրենքի առանձին դրույթների միջեւ եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերի համաձայն օրենքի գործողությունը տարածվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատակազմ է համարվում քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը:

Նկատի ունենալով, որ Երեւանը համայնք է, հետեւաբար կարելի է եզրակացնել, որ «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմ» տերմինն իր մեջ ընդգրկում է նաեւ «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ»-ը: Միաժամանակ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմ» հասկացությունը բացակայում է:

2. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանրային ծառայությունն իր մեջ ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական եւ համայնքային պաշտոնները: Պետական եւ համայնքային ծառայությունների, ինչպես նաեւ պետական պաշտոնների մասին խոսվում է օրենքի մյուս հոդվածներում, մինչդեռ համայնքային պաշտոններին որեւէ անդրադարձ չի կատարվել:

3. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, ինչպես նաեւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ չեն համարվում, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն հանրային ծառայող է համարվում պետական եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող անձը` առանց բացառությունների:

3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ պաշտոնների անվանացանկեր են նախատեսվում հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաեւ համայնքային ծառայության համար: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համայնքային ծառայությունն ընդգրկվում է հանրային ծառայության մեջ, իսկ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով համայնքային ծառայությունն, ըստ էության, առանձնացվում է հանրային ծառայությունից:

4. Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ գլխի համաձայն առեւտրային ընկերությունների կանոնադրական կապիտալներում անձանց մասնակցությունն արտահայտվում է, որոշ դեպքերում բաժնեմաս ունենալով (օրինակ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում), որոշ դեպքերում բաժնետոմսեր ունենալով (բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունների դեպքում), որոշ դեպքերում փայ ունենալով (կոոպերատիվների դեպքում) եւ այլն, մինչդեռ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում խոսք է գնում միայն բաժնեմասի մասին:

5.  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող վճարովի աշխատանքը թույլատրելի է ոչ միայն հանրային ծառայողների, այլեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ լինելու արգելք է նախատեսված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաեւ հանրային ծառայող համարվող անձանց որոշ շրջանակի համար, մասնավորապես` պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների, դատախազների, նախարարների, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողների համար եւ այն:

ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության մարմիններում, համայնքների մասով, հստակություն մտցնելն ու օրենքում առկա անհամապատասխանությունների վերացումն է:

Առաջարկվում է`

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում օգտագործել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված`  «քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմ» տերմինը, որն իր մեջ ընդգրկում է ինչպես Երեւանի, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքապետարանների ու գյուղապետարանների աշխատակազմերը: Նշվածի հետ կապված առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը.

- օրենքով ամրագրել համայնքային պաշտոնները.

- նախատեսել, որ հանրային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք հանրային ծառայողներ չեն համարվում.

- օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով «համայնքային ծառայություն»-ը դիտարկել «հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակ» հասկացության ներքո.

- հստակեցնել առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում հանրային ծառայողի հնարավոր մասնակցության ձեւերը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ եւ այլն)

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող այլ վճարովի աշխատանք կատարելու արգելք սահմանել ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված անձանց համար, որով, ըստ էության, կվերացվի նաեւ նշված իրավական ակտերի միջեւ եղած հակասությունը:

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը` սույն հիմնավորմամբ ներկայացված խնդիրների բացակայությունն է.