Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` օրենք) 25-րդ հոդվածը «Համայնքի ղեկավարը չի կարող» բառերից հետո լրացնել «անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում.
1. վերնագրում «վարձատրությունը» բառը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.
2. «աշխատավարձը» եւ «աշխատավարձի» բառերը փոխարինել համապատասխանաբար «պաշտոնային դրույքաչափը» եւ «պաշտոնային դրույքաչափի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Աշխատակազմի (բացառությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի) կառուցվածքում կարող են նախատեuվել միայն «բաժին» տեuակի կառուցվածքային եւ (կամ) առանձնացված uտորաբաժանումներ, որոնց հաuտիքային միավորների նվազագույն թվաքանակը uահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:
2. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիu հաշվարկվում եւ աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամuվա 15-ը:
3. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգեւատրումները եւ հավելումները:
4. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսը:
5. Սույն օրենքի իմաստով հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոuային ավելացումն է, որը տրվում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ uահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում:
6. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոuային ավելացումը, uահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատաuխանող դաuային աuտիճանից բարձր դաuային աuտիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաեւ համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար:
7. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողներին ծանր եւ վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
8. Հավելավճարի կիրառման կարգը եւ չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
9. Աշխատանքի վարձատրության հետ կապված սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ օրենքներով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետությանօրենքի նախագծի ընդունման
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացված օրենքի նախագիծը մշակվել է ելնելով Երեւանի քաղաքապետարանի առանձնահատկություններով պայմանավորված` աշխատակազմին ներկայացվող պահանջներից, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածից եւ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքից:
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով նկարագրվում է համայնքի ղեկավարի պաշտոնի անհմատեղելիությունը այլ պաշտոն եւ այլ վճարովի աշխատանք կատարելու հետ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով հանրային ծառայողներին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` 50000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին, արգելվում է նաեւ անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք է սահմանված նաեւ Երեւանի քաղաքապետի համար` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վերը նշվածի առնչությամբ խնդիր է առաջանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը տարածել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա:
2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանվում է համայնքի ղեկավարի աշխատավարձի առավելագույն չափը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի որոշակի տոկոսային հարաբերակցությամբ, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ոչ թե աշխատավարձի չափը, այլ պաշտոնային դրույքաչափը: Այսինքն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի չափ սահմանված չէ, մինչդեռ համայնքի ղեկավարի վարձատրությունը կախվածության մեջ է դրվում դրանից:
Հարկ է նշել, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների եւ այլ աշխատակիցների մասով կիրառվում է «պաշտոնային դրույքաչափ» հասկացությունը:
3. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը: Օրենքի նշված դրույթի հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով «քաղաքապետարանի աշխատակազմ» հասկացության ներմուծմամբ, որն իր մեջ ընդգրկում է ինչպես Երեւանի, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքապետարանների աշխատակազմերը: Այս առումով` գոյություն ունի որոշակի անհամապատասխանություն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի միջեւ:
Բացի վերը նշվածից, առկա է որոշակի անհամապատասխանություն Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի միջեւ, ըստ որի ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է այդ բնագավառի լիազորված մարմինը, որը ՀՀ կառավարության 11.08.2011թ-ի N 1233-Ն որոշման համաձայն հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
4. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգեւատրումները եւ հավելումները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի (գործող խմբագրությամբ) համաձայն յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը, այսինքն` հնարավոր են դեպքեր երբ համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ չկիրառվի, օրինակ` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով երաշխավորված հավելավճարը` դրա արդյունքում վերջինիս աշխատավարձի չափը տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի չափի 80 տոկոսը, թեկուզ չնչին, գերազանցելու պատճառով:
Հաշվի առնելով նշվածը եւ սույն հիմնավորման 2րդ կետը, գտնում ենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը պետք է տարածվի պաշտոնային դրույքաչափի, այլ ոչ թե աշխատավարձի չափի վրա:
«Քաղաքացիական ծառայությողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել են հավելումների տրման դեպքերը եւ չափերը, որոնց անալոգիայով առաջարկվում է սահմանել նաեւ քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերի ու բյուջետային հիմնարկների աշխատողներին տրվող հավելումների դեպքերը եւ չափերը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն ՏԻՄ-երի ծառայողների աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով հարցին առնչվող դրույթներ նախատեսված չեն:
Ելնելով վերը նշվածից գտնում ենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու կարիք ունի:
ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացված օրենքի նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Ներկայացված օրենքի նախագծի նպատակը`
1. ՀՀ բոլոր համայնքներ ղեկավարների համար անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի սահմանումն է.
2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օգտագործվող հասկացությունների համապատասխանեցումն է.
3. Երեւանի քաղաքապետարանի մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով աշխատակազմերին ներկայացվող իմպերատիվ պահանջի, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի ու «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի միջեւ առկա անհամապատասխանությունների վերացումն է.
4. աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատանքի վարձատրության կարգի եւ պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթների սահմանումն է:
ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը`
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների տարածումը ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա,
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից «վարչություն» եւ (կամ) «բաժին» տեսակի ստորաբաժանումներով կառուցվածքի ձեւավորման հնարավորությունն է,
- քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերի ներքին աուդիտի ստորաբաժանումների մասով ՀՀ ֆինանսների նախարարի կողմից սահմանված հիմնական պահանջները չեն հակասի ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից աշխատակազմերի մյուս ստորաբաժանումների համար սահմանված պահանջներին,
- բոլոր համայնքների համար աշխատանքի վարձատրության ընդհանուր կարգի եւ պայմանների, իսկ յուրաքանչյուր առանձին համայնքի դեպքում` նաեւ աշխատանքի վարձատրության չափի հաշվարկման միատեսակ կարգի ներմուծումն է: