Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը «օրենքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի եւ հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) բազային եկամուտ` աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ վճարումներ, ձեռնարկատիրական եւ նոտարական գործունեությունից, այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեությունից ստացման ենթակա եկամուտ (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) պայմանագրային եկամուտ` քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը եւ նոտարին վճարված եկամուտների)».
4) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որեւէ գործունեությունից եկամուտ ստացող` վարձու աշխատող, պայմանագրային եկամուտ ստացող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող), ինչպես նաեւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի եւ հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր».
5) 12-րդ կետի «ֆոնդի կառավարչին կամ պահառուին» բառերը փոխարինել «ֆոնդի կառավարչին, պահառուին, ինչպես նաեւ երաշխիքային ֆոնդը կառավարող անձին» բառերով, իսկ «ֆոնդի կառավարիչը կամ պահառուն» բառերը` «ֆոնդի կառավարիչը, պահառուն, ինչպես նաեւ երաշխիքային ֆոնդը կառավարող անձը» բառերով.
6) 31-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«31) հանրային ծառայության համարանիշ՝ «Հանրային ծառայության համարանիշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համարանիշ».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-րդ, 34-րդ եւ 35-րդ կետերով.
«33) հարկային գործակալ` ըստ «Հարկերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի.
34) վարձու աշխատող` գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձ (բացառությամբ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց).
35) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, oտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, oտարերկրյա իրավաբանական անձի մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաեւ նոտար, որն աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ oրենքով uահմանված կարգով փաստացի oգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ա» կետից հանել «եւ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ընդ որում, սույն մասում նշված անձինք պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաեւ պայմանագրային եկամուտներից` սույն օրենքով սահմանված դրույքաչափով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետից հանել «եւ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց» բառերը.
2) 3-րդ մասի`
ա. «Կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձը վերը նշված հավաստումը պարտավոր է տրամադրել իր գործատուին (հարկային գործակալին), որը դրա հիման վրա կիրականացնի սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողությունները:» բառերը փոխարինել «Մասնակիցների ռեեստրը վարողը սույն մասով սահմանված մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է գործատուին:»,
բ. հանել երկրորդ պարբերությունը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետեւյալ կերպ.
1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.
2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի համար (օգտին) (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը) պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարում է մասնակիցը.
3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.
4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի համար (օգտին) (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը), պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարում է մասնակիցը:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մասնակիցների պայմանագրային եկամուտներից, ինչպես նաեւ որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտներից վճարվող կուտակային վճարը կատարվում է 5% դրույքաչափով` առանց պետական բյուջեից հավելյալ վճար կատարելու: Ընդ որում, մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից կուտակային վճար կատարում է կամավորության սկզբունքով:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը կուտակային վճարներ է կատարում բազային եկամտի եւ պայմանագրային եկամուտների, ինչպես նաեւ որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտների 5%-ի չափով: Նրա համար (օգտին) պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում: Ընդ որում, մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից կուտակային վճար կատարում է կամավորության սկզբունքով:
4. Եթե 1974 թվականից հետո ծնված եւ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած պայմանագրային եկամուտ ստացողները եւ ինքնազբաղված անձինք դառնում են վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանք կուտակային վճարը կատարում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով: Եթե պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից վարձու աշխատողը, նոտարը կամ անհատ ձեռնարկատերը դառնում են ինքնազբաղված անձ կամ պայմանագրային եկամուտ ստացող, ապա նրանք պայմանագրային եկամուտներից եւ, որպես ինքնազբաղված անձինք, ստացված եկամուտներից կուտակային վճարը կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
5. Մասնակցի` սույն օրենքով սահմանված բազային եկամուտ մի քանի աղբյուրներից միաժամանակ ստանալու դեպքում կուտակային վճարները կատարելու պարտավորությունը եւ կուտակային վճարի դրույքաչափը կիրառվում են յուրաքանչյուր առանձին դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված եւ մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցների համար (օգտին) պետության կողմից կատարվող ընդհանուր վճարները չեն կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասով պետության վճարների համար սահմանված չափերը: Մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո մինչեւ հաջորդ տարվա մայիսի 31-ը լրավճարել իր համար կուտակային վճար` իր տարեկան բազային եկամտի 10 տոկոսի եւ պետության կատարած համապատասխան վճարների տարբերության չափով:
6. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է կատարել կուտակային վճարներ` մինչեւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելը:
7. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակիցը դադարում է կուտակային վճար կատարելը, եթե`
1) հարկային մարմին է ներկայացնում դիմում կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ, կամ
2) մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
8. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վարձու աշխատողը եւ պայմանագրային եկամուտ ստացող անձը դիմումը հարկային մարմին են ներկայացնում գործատուի միջոցով:
9. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կողմից կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գործատուին:
10. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակիցը կուտակային վճար կատարելը դադարեցնում է`
1) աշխատավարձից ու դրան հավասարեցված այլ վճարումներից եւ պայմանագրային եկամուտներից` դիմումը հարկային մարմին ներկայացնելու նպատակով գործատուին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռնարկատիրական եւ նոտարական գործունեությունից, ինչպես նաեւ որպես ինքնազբաղված` ստացված եկամուտներից` դիմումը հարկային մարմին ներկայացնելու նպատակով գործատուին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
11. Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կուտակային վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը
1. Վարձու աշխատող եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին եւ պայմանագրային եկամուտ ստացողներին, ինչպես նաեւ, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու եւ վճարելու համար սահմանված ժամկետներում, սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում եւ փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները:
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային գործակալ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները գործատուի համար սույն կետով սահմանված ժամկետում սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում եւ փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները: Այս դեպքում հարկային գործակալը «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում պարտադիր կուտակային վճարի տարեկան անձնավորված հաշվարկ:
3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:
4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողները եւ պայմանագրային եկամուտ ստացողները` որպես ինքնազբաղված անձինք ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում եւ փոխանցում են կուտակային վճարները տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողը եւ պայմանագրային եկամուտ ստացողը կուտակային վճարը հաշվարկում եւ փոխանցում են ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:
5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղված անձինք «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:
Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները եւ պայմանագրային եկամուտ ստացողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ:
6. Վարձու աշխատողների, պայմանագրային եկամուտ ստացողների գրանցման, անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7. Գործատուները եւ սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները եւ պայմանագրային եկամուտ ստացողները նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված պարտադիր կուտակային վճարի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակահատվածների համար պարտադիր կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկ:
8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան պարտադիր կուտակային վճարի մասին հաշվարկը ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում:
9. Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող պարտադիր կուտակային վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հաշվետվությունները» բառը փոխարինել «հաշվարկները» բառով, «10-օրյա ժամկետում» բառերը` «առավելագույնը 10-օրյա ժամկետում» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Այն անձանց համար, որոնց վերաբերյալ» բառերը փոխարինել «Եթե հարկային գործակալների, ինքնազբաղված անձանց, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի մոտ աշխատող` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողների կամ այդ գործատուից պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացված» բառերով.
2) 3-րդ մասի «բ» կետի «սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ» բառերով.
3) 4-րդ մասից հանել «բացառությամբ հարցը ըստ էության լուծող դատական ակտի եւ ստուգման ակտի արդյունքում կատարված ճշտումների հիման վրա» բառերը:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «ժառանգման ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «դատական կարգով անժառանգ ճանաչված փայերի մարումը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «գումարը ստանալուց» բառերից հետո լրացնել «, իսկ գումարն ստանալու դրությամբ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարված չլինելու դեպքում` համապատասխան ընտրությունը կատարվելուց» բառերով:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «հաշվետվությունները» բառը փոխարինել «հաշվարկները» բառով, իսկ 7-րդ կետի «հաշվետվություն» բառը` «հաշվարկ» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) գործատուներից, նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ստացված հաշվարկների հիման վրա հաշվարկում է մասնակիցների օգտին փոխանցվող` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մասնակցության չափը.».
3) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը «տրամադրման» բառից հետո լրացնել «ձեւը եւ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետի «ակտիվի» բառը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդի» բառերով.
2) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) ժառանգների կամահայտության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում է կենսաթոշակային փայերը եւ ձեւավորված դրամական միջոցները փոխանցում պետական բյուջե.»:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «պահառուն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը» բառերով.
2) 4-րդ մասը «հարկային մարմինը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը», իսկ «գործատուի» բառից հետո` «կամ Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Կենտրոնական բանկը եւ Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Երաշխիքային ֆոնդի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկություններ են փոխանակում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձեւով եւ կարգով:».
4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Մասնակիցների ռեեստր վարողը կամ հարկային մարմինը մասնակիցների վերաբերյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող է տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
1) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների թիվը.
2) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կուտակային վճար կատարող մասնակիցների թիվը.
3) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած (սույն օրենքի 38-րդ կամ 39-րդ հոդվածի կամ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տվյալ կենսաթոշակային ֆոնդն ընտրած) մասնակիցների թիվը.
4) այլ ֆոնդերի փայերի փոխանակման արդյունքում տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած մասնակիցների թիվը.
5) այլ կենսաթոշակային ֆոնդի ընտրության հիմքով տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կուտակային վճարների կատարումը դադարեցրած մասնակիցների թիվը.
6) փայերի փոխանակման հիմքով տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների թիվը.
7) տարվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի` կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը եւ նրանց պատկանող փայերի քանակը.
8) տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից ծրագրային վճար ստացող մասնակիցների թիվը, նրանց պատկանող փայերի ընդհանուր քանակը եւ ընդհանուր հաշվարկային արժեքը.
9) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-6-րդ կետերում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել ըստ մասնակիցների տարիքային կազմի (նվազագույնը 5 տարվա բաշխվածությամբ), սեռի, մասնակիցներին պատկանող փայերի ընդհանուր քանակի եւ ընդհանուր հաշվարկային արժեքի, կատարված կուտակային վճարների չափի (նվազագույնը տասը հազար դրամի բաշխվածությամբ), ինչպես նաեւ ըստ մարզերի (Երեւան քաղաքի):
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել ավելի հաճախ, քան ամսական պարբերականությամբ:
9. Մասնակիցների ռեեստր վարողը եւ հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին կամ կոնկրետ գործատուին, որտեղ աշխատում է մասնակիցը:»:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը երաշխիքային ֆոնդը կառավարող անձին
1. Բացի սույն օրենքի 18-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված տեղեկությունների փոխանակումից, Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Կենտրոնական բանկից կամ կենսաթոշակային գաղտնիքին տիրապետող այլ անձանցից կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկատվություն կարող է ստանալ միայն մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպք առաջանալու դեպքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:»:
Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) վերնագրի «կապիտալը եւ դրան» բառերը փոխարինել «կապիտալին եւ իրենց կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդում մասնակցությանը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.
«2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնադրական կապիտալից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իր միջոցներից: Սույն մասով նախատեսված մասնակցության չափի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Սույն հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին եւ միջոցներ ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում, սակայն ոչ ավել, քան չորս ամսվա ընթացքում:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը չի տարածվում այն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների վրա, որոնց մասնակցությունն իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափը: Ընդ որում, սույն մասով նախատեսված պարտադիր մասնակցության չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամից:»:
Հոդված 14.1. Օրենքի 31-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի «կառավարչի ինքնալուծարման» բառերը փոխարինել «կառավարչին լուծարման նախնական համաձայնություն տալու կամ նրա լիցենզիան» բառերով.
2) 6-րդ մասի «կառավարչի գործունեության դադարման» բառերը փոխարինել «կառավարումն այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցվելու» բառերով.
3) 7-րդ մասի «Սույն հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լիցենզիան կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ինքնալուծարման կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու հիմքով» բառերով:
Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետի «սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ» բառերով.
2) 3-րդ մասը «պարտավոր են» բառերից հետո լրացնել «մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով» բառերով:
Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը «ծրագրային մոդուլի միջոցով» բառերից հետո լրացնել «` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը» բառերով:
Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «դիմումը» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ» բառերով.
2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) եւ նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:»:
Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) մասնակցի կողմից տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում, բացառությամբ այն ֆոնդի փայերի փոխանակման դեպքերի, որի փայերը (դրանց մի մասը) ձեռք են բերվել վերջին 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած փայերի փոխանակման արդյունքում: Ընդ որում, սույն կետի իմաստով`
ա. առաջին անգամ փոխանակում է համարվում նաեւ տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի փայերով փոխանակումը, եթե այդ փոխանակման գործարքների համար սույն օրենքով նախատեսված փոխանակման դիմումը (դիմումները) մասնակիցների ռեեստրը վարողին են ներկայացվել նույն օրվա ընթացքում,
բ. կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման հաշվարկում չեն ներառվում միեւնույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակման գործարքները.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում մասնակցի ակտիվների հաշվին այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելիս:»:
Հոդված 21. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «ակտիվների շուկայական» բառերը փոխարինել «զուտ ակտիվների» բառերով:
Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում «Մասնակիցների» բառը փոխարինել «Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մասնակիցների» բառերով, եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված կուտակային վճարների գումարի` տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 23. Օրենքի 52-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին նրա մասնաբաժինը ստանալու նպատակով եւ այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողին:».
2) 7-րդ մասը «լիազորված մարմնի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստրը վարողի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի» բառերով.
3) 8-րդ մասի «Երաշխիքային ֆոնդի» բառերը փոխարինել «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի» բառերով:
Հոդված 24. Օրենքի 54-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերը.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «հավասարաչափ» բառից առաջ լրացնել «սույն օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աղյուսակների հիման վրա հաշվարկած» բառերով, իսկ «վերածելու դեպքում ամսական գումարի» բառերը հանել.
3) 3-րդ մասի`
ա. «ա» եւ «գ» ենթակետերը «ծրագրային վճարների» բառերից առաջ լրացնել «անուիտետի կամ» բառերով, իսկ նույն ենթակետերից «(բացառությամբ սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերը հանել,
բ. «բ» ենթակետը «փոքր» բառից հետո լրացնել «կամ հավասար» բառերով:
Հոդված 25. Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ պայմաններ:»:
Հոդված 26. Օրենքի 58-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «օրենքով սահմանված կարգով վճարելու դեպքում» բառերը փոխարինել «վճարելու, իսկ դատական կարգով անուիտետի մնացորդային գումարն անժառանգ ճանաչվելու պարագայում` պետական բյուջե փոխանցելու դեպքում».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ապահովագրական ընկերության կողմից տասներկուամսյա ժամանակահատվածում երկու եւ ավելի անգամ անուիտետ չվճարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անգամ անուիտետի պայմանագրի որեւէ այլ խախտում թույլ տալու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միակողմանի լուծելու անուիտետի պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարելու մնացորդային գումարը եւ պատճառած վնասները:»:
Հոդված 27. Օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը «մեթոդաբանությունը» բառից հետո լրացնել «եւ վճարման կարգը» բառերով:
Հոդված 28. Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 60. Միանվագ վճարը
«1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կամ «գ» կետերով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դիմում ներկայացվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տասը աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման հաշվին կատարում է միանվագ վճար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:»:
Հոդված 29. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 60.1-ին հոդվածով.
«Հոդված 60.1. Մասնակցի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջը
1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.
1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակիցը մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, եւ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:
3. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվում են, եւ համապատասխան միջոցները վճարվում են նրան սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մասնակցի դիմումը եւ հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որեւէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 30. Օրենքի 61-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը եւ անուիտետի մնացորդային գումարը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց, իսկ դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա ընդհանուր հաշվարկային արժեքով հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով (կամ դրանից պակաս) կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի ընտրությամբ փոխանցվում են վերջինիս կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով մարվում են, եւ մարման արդյունքում ստացված միջոցները վճարվում են ժառանգին միանվագ վճարի տեսքով: Հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափը գերազանցող փայերը ենթակա են պարտադիր փոխանցման ժառանգի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին, բացառությամբ, եթե ժառանգը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ:».
3) 5-րդ մասը «ֆոնդի փայերը» բառերից հետո լրացնել «համապատասխան չափով» բառերով, իսկ վերջին նախադասությունը հանել.
4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:
Մահացած մասնակցին պատկանող փայերը մասնակցի մահվանից 3 տարի հետո Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի դիմումի հիման վրա դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Անժառանգ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, եւ ձեւավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
5) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները կիրառվում են նաեւ այն դեպքերում, երբ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` 10 տարվա ընթացքում, մասնակցի կուտակային կենսաթոշակային հաշվին չի մուտքագրվել որեւէ գումար, կամ չի տրվել ծախս կատարելու որեւէ հանձնարարական:»:
Հոդված 31. Օրենքի 62-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում`
ա. 2-րդ եւ 6-րդ կետերի «սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման ձեւի (փոխանցում ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում) եւ չափի (յուրաքանչյուր ձեւի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.»,
գ. 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները.»,
ե. վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի առաջին նախադասության «3» թիվը փոխարինել «10» թվով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:».
4) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Երեք տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում ֆինանսական ոլորտի կառավարման մարմնի դիմումի հիման վրա կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում փայերը մարվում են, եւ մարման արդյունքում առաջացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
Հոդված 32. Օրենքի 63-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «համապատասխանում 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին» բառերը փոխարինել «ներկայացվել սահմանված ժամկետում կամ չի համապատասխանում սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձեւին» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված դիմումը սահմանված պահանջները չբավարարելու հիմքով մերժվելու դեպքում ժառանգը պետք է ներկայացնի սահմանված պահանջները բավարարող դիմում:»:
Հոդված 33. Օրենքի 65-րդ հոդվածում`
1) 6-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.
2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, ավանդի գումար, ներառյալ` հաշվեգրված տոկոսները, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված միանվագ վճար կատարելու համար պայմանագրով կարող են նախատեսվել առավել մեծ մարման վճար, տուգանք եւ (կամ) ավելի ցածր տոկոսներ, բացառությամբ, եթե նման պահանջը ներկայացվել է հետեւյալ դեպքերում.
1) մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որ հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությամբ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, եւ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր.
5) կամավոր կենսաթոշակային ֆոնդը դադարեցվել (լուծարվել) է, եւ մասնակիցը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել բաշխման ենթակա ակտիվների հաշվին այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու պահանջ.
6) բանկը կամ ապահովագրական ընկերությունը լուծարման գործընթացում է, կամ ապահովագրական ընկերությունը համապատասխան ապահովագրական պորտֆելը փոխանցել է այլ ապահովագրական ընկերության.
7) տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է ավելի քան տասը տարի:
9. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարման վճարի, տուգանքի եւ (կամ) տոկոսների առավելագույն չափ:»:
Հոդված 34. Օրենքի 66-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրով ապահովադիր հանդիսացող անձն իրավունք ունի ապահովագրական ընկերությունից ցանկացած ժամանակ պահանջելու տվյալ պայմանագրով ապահովագրողի պարտավորությունները փոխանցել իր ընտրած ապահովագրական ընկերությանը` վերջինիս փոխանցելով վճարված ապահովագրավճարները` նվազեցրած ապահովագրության պայմանագրի կնքման, կատարման եւ փոխանցման ծախսերը: Սույն մասով նախատեսված ապահովագրավճարների փոխանցումը չի համարվում մասնակցի կողմից դրանց միանվագ ստացում:»:
Հոդված 35. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.
«1.1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու իր կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը փոխանցելու իր` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով նախատեսված փոխանցման համար բանկի կողմից գանձվող վճարի առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը, եւ այն կախված է փոխանցող բանկի կողմից մատուցվող կենսաթոշակային սխեմային մասնակցի մասնակցության ժամկետից:
1.2. Բանկի լուծարման գործընթացում նախքան մասնակցի կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը մասնակցին միանվագ վճարելը բանկը պարտավոր է գրավոր եւ պատշաճ ձեւով առաջարկել նրան այդ գումարը առանց որեւէ վճարի փոխանցել նրա` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով սահմանված առաջարկն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կողմից համապատասխան պահանջ չներկայացվելու դեպքում համապատասխան միջոցները միանվագ վճարվում են մասնակցին:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսված կենսաթոշակային ավանդի գումարի փոխանցումը չի համարվում մասնակցի կողմից դրանց միանվագ ստացում: »:
Հոդված 36. Օրենքի 68-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) եւ նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:
Կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայը հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:
Կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայը տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով, եթե կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված չէ, որ փայը տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված եւ հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով:».
2) 8-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «եւ պայմաններով» բառերով.
3) 9-րդ մասի 2-րդ կետի «ծրագրային վճարի տեսքով» բառերը փոխարինել «ժամկետային պարբերական վճարների տեսքով, ընդ որում, պարբերական վճարների տեսքով կենսաթոշակի վճարման համար մարվող կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) եռամսյակային կտրվածքով չեն կարող գերազանցել առաջին պարբերական վճարը կատարելու պահին անձին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) 10 տոկոսը, իսկ տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի գծով պարբերական վճարների կատարման ժամկետը չի կարող պակաս լինել 3 տարուց» բառերով.
4) 15-րդ մասի «մարելու դեպքի» բառերը փոխարինել «մարելու, կենսաթոշակային ֆոնդի դադարեցման (լուծարման) եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարումն առանց իր համաձայնության այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցելու դեպքերի» բառերով:
Հոդված 37. Օրենքի 74-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «աշխատակիցներին» բառը փոխարինել «վարձու աշխատողներին» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.
«7. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իրավունք ունի ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ միայն սույն օրենքի 65-րդ հոդվածի 8-րդ մասի 1-6-րդ կետերով, ինչպես նաեւ սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե առաջին կուտակային վճարի կատարման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի:
8. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը սույն օրենքի 66-րդ հոդվածի 1.1-ին մասով կամ 68-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում`
1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.
2) գործատուի եւ տվյալ կենսաթոշակային ֆոնդի (նրա կառավարչի) կամ ապահովագրական ընկերության միջեւ կնքված համապատասխան պայմանագիրը լուծվելուց հետո.
3) գործատուի լուծարվելուց հետո:»:
Հոդված 38. Օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 39. Օրենքի 76-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, կուտակային վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործատուին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ չկատարված կուտակային վճարներն ամբողջությամբ մարված չեն:
Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճարի գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձի (այսուհետ` պարտադիր կուտակային վճար կատարող) գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով պարտադիր կուտակային վճար կատարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաեւ գույքի տնoրինման, տիրապետման կամ oգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների չափով:
Գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների չափով: Գույքի արգելանքը դրվում է պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների եւ ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների եւ դրամական միջոցների վրա:
Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, պարտադիր կուտակային վճար կատարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում նաեւ հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը), չկատարված պարտավորության չափը եւ արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է պարտադիր կուտակային վճար կատարողին:
Պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը` այն oրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:
Գույքի բացակայության, անբավարարության կամ պարտադիր կուտակային վճար կատարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձեւը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը եւ պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:
Միաժամանակ պարտադիր կուտակային վճար կատարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, oտարելու, թաքցնելու կամ ապoրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ oրը պատշաճ ձեւով ուղարկվում է պարտադիր կուտակային վճար կատարողին, ինչպես նաեւ այլ անձանց ու մարմիններ:
Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել պարտադիր կուտակային վճար կատարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8.00-ից մինչեւ 18.00-ն:
Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ պարտադիր կուտակային վճար կատարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տեւողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչեւ 6 ամիս ժամկետով: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում պարտադիր կուտակային վճար կատարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար եւ ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումը ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը, ապա հարկային մարմնի ղեկավարը պարտադիր կուտակային վճար կատարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:
Հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորության դադարման, արգելանք դնելուց հետո` 1-ամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացնելու կամ պարտադիր կուտակային վճար կատարողի հետ սույն հոդվածում նշված պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում գույքի արգելադրման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:
Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:
Արգելանքի վերցված գույքը վատնելը, oտարելը, թաքցնելը, ապoրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:
Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտադիր կուտակային վճար կատարողին` ստացականով, իսկ եթե պարտադիր կուտակային վճար կատարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապoրինաբար մեկ ուրիշի հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է պարտադիր կուտակային վճար կատարողը:
Պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի արգելադրում իրականացնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին եւ նրանց oժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:
Պարտադիր կուտակային վճար կատարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու պարտադիր կուտակային վճար կատարողի պահանջի իրավունքը եւ ստացված գումարներն ուղղելու պարտադիր կուտակային վճար կատարողի պարտավորությունների մարմանը:
Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը եւ դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:
Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի եւ պարտադիր կուտակային վճար կատարողի միջեւ կարող է կնքվել գրավի պայմանագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:»:
Հոդված 40. Օրենքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «խզել» բառը փոխարինել «միակողմանի լուծել» բառերով:
Հոդված 41. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: