Հոդված 1. «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառում (այսուհետ` անձնավորված հաշվառում) իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավորված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2 . Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը
1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անհատական տվյալների մասին», «Եկամտային հարկի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Uույն oրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
1) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
2) ինքնազբաղված անձ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) անհատ ձեռնարկատեր՝ համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի եւ հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.
4) նոտար` համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պայմանագրային եկամուտ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
6) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.
7) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն.
8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված` եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված` անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.
9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անհատական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.
10) անձնավորված հաշվառում` գրանցման հայտ, անձնավորված (պարզեցված) հաշվարկ ձեւավորելը, ներկայացնելը, ֆիզիկական անձի համար անհատական հաշիվ բացելը, ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը.
11) գործատու` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Հոդված 4. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրները
1. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են`
1) հարկային օրենսդրության կիրառման եւ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը.
2) մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը եւ հաշվարկ-կանխատեսումների իրականացումը.
3) կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը.
4) ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:
Հոդված 5. Անձնավորված հաշվառման սկզբունքները
1. Անձնավորված հաշվառման սկզբունքներն են`
1) անհատական տվյալների հաշվառման անձնավորված լինելը.
2) եկամտային հարկ եւ պարտադիր կուտակային վճար վճարած յուրաքանչյուր ֆիզիկական անձի` անձնավորված հաշվառման համակարգում պարտադիր ընդգրկված լինելը.
3) իրեն վերաբերող տվյալների հասանելի լինելը ֆիզիկական անձին (տվյալների սուբյեկտին).
4) տեղեկատվական բազայում ներառված տվյալների օգտագործումը բացառապես օրենքով նախատեսված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները խորհրդապահական են եւ կարող են տրամադրվել տվյալների սուբյեկտին եւ երրորդ անձանց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալների սուբյեկտին, ինչպես նաեւ երրորդ անձանց տրամադրվող տվյալները եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 6. Անձնավորված հաշվառում իրականացնող մարմինը
1. Անձնավորված հաշվառումն իրականացնում է եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները
1. Տեղեկատվական բազան ներառում է`
1) ֆիզիկական անձանց վերաբերող հետեւյալ տվյալները.
ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան oրը, ամիuը եւ տարին, անձի մահվան դեպքում` մահվան oրը, ամիuը եւ տարին,
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի եւ, առկայության դեպքում, նույնականացման քարտի (մինչեւ 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը եւ նույնականացման քարտը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարին,
գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մաuին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
դ. uեռը,
ե. բնակության վայրի հասցեն,
զ. քաղաքացիությունը,
է. պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության կարգավիճակը,
ը. կուտակային վճարի լրավճարի չափը՝ այդ պարտավորության առաջացման դեպքում.
2) վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողների) դեպքում նաեւ`
ա. աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի) սկիզբը եւ վերջը, մաuնագիտությունը (պաշտոնը)` ըստ գործատուների,
բ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը,
գ. հաշվարկված (վճարված) աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, դրանցից հաշվարկված, վճարված եկամտային հարկի եւ կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա) չափերը` ըստ գործատուների եւ ըստ ամիսների,
դ. վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափերը` ըստ գործատուների եւ ըստ ամիսների,
ե. հարկվող եկամտից նվազեցված կամավոր կուտակային վճարի չափը (առկայության դեպքում),
զ. սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` վճարման ենթակա եկամտային հարկը եւ կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերը,
է. գործատուի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով կուտակային վճարը չփոխանցվելու դեպքում հաշվարկված տույժերը,
ը. վարձու աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը),
թ. վարձու աշխատողի մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը).
3) անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաեւ`
ա. պետական գրանցման oրը, ամիuը եւ տարին, պետական ռեգիստրում գրանցման համարը, ձեռնարկատիրական գործունեության տեսակը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու oրը, ամիuը եւ տարին (նոտարի դեպքում` պաշտոնում նշանակվելու եւ պաշտոնից ազատվելու oրը, ամիuը եւ տարին),
բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) եւ ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) oրը, ամիuը եւ տարին (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում),
գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած եկամտային հարկի չափը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով եկամտային հարկը չվճարելու եւ սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման oրը, ամիuը եւ տարին,
դ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած կուտակային վճարի չափը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով կուտակային վճարը չփոխանցելու եւ սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, կուտակային վճարը կատարելու oրը, ամիuը եւ տարին,
ե. վճարած եկամտային հարկի կանխավճարների չափը` վճարման oրը, ամիuը եւ տարին (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում).
5) ինքնազբաղվածի դեպքում նաեւ`
ա. գործունեության տեսակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված զբաղմունքների դասակարգչի,
բ. որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած եկամտային հարկի չափը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով եկամտային հարկը չվճարելու եւ սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման oրը, ամիuը եւ տարին,
գ. որպես ինքնազբաղված անձ ստացած` կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու oրը, ամիuը եւ տարին,
դ. արտոնագրային վճար վճարողների կողմից վճարված արտոնագրային վճարի չափը, այն կատարելու oրը, ամիuը եւ տարին.
6) վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ գործատուի միջոցներից վճարված նպաստի գումարների չափերը, նպաստից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափերը, այդ գումարները փաստացի վճարելու ամիuը:
Հոդված 8. Անհատական հաշիվը
1. Անհատական հաշիվը յուրաքանչյուր ֆիզիկական անձի` տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալների ամբողջությունն է:
2. Անհատական հաշիվ բացում է լիազոր մարմինը`
1) գործատուի ներկայացրած գրանցման հայտի հիման վրա.
2) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի հարկային հաշվառման կանգնելու հիման վրա.
3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից լիազոր մարմին ներկայացված` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով անձի միանալու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա.
4) սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարձու աշխատողի եւ պայմանագրային եկամուտ ստացողի՝ հարկային հաշվառման կանգնելու հիման վրա:
3. Անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 9. Տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ վարումը
1. Տեղեկատվական բազան ձեւավորելու եւ վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է`
1) գործատուներից.
2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից.
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից:
2. Գործատուները եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով` գրանցման հայտերի եւ անձնավորված (պարզեցված) հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ:
Լիազոր մարմինը գործատուներին եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է հասանելիություն` գրանցման հայտը եւ անձնավորված (պարզեցված) հաշվարկները ձեւավորելու եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով:
3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է oրենքով uահմանված կարգով:
4. Գրանցման հայտը եւ անձնավորված (պարզեցված) հաշվարկը ձեւավորելու եւ լիազոր մարմին ներկայացնելու կարգը, պետական կառավարման մարմինների եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձեւավորելու եւ վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների, գրանցման հայտի ներքին եւ արտաքին ձեւը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 10. Տեղեկատվական բազան ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացվելը
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում`
1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ oրենքով uահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու), վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (oրենքով uահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.
2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքում.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.
5) սույն մասով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որեւէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում:
2. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած անձնավորված հաշվարկը պարունակում է՝
1) անձնավորված տեղեկություններ նախորդ ամսվա (տարվա) ընթացքում իր հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ.
2) ամփոփ տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
3. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած գրանցման հայտում եւ անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
5. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային գործակալ հանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում պարտադիր կուտակային վճարի տարեկան անձնավորված հաշվարկ:
6. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուն սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է միայն գրանցման հայտ` իր վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների համար:
Հոդված 11. Տեղեկատվական բազան ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը
1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված (պարզեցված) հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները եւ պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ:
2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված անձանց դեպքում` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող պարզեցված հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իրենց համար եկամուտներ հաշվարկած` սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործատուի, հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված (վճարման ենթակա) կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:
4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց` սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող անձնավորված (պարզեցված) հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. Ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը
1. Լիազոր մարմինը գրանցման հայտի կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված տվյալները համադրում է տեղեկատվական բազայում առկա եւ պետական կառավարման մարմիններից ու այլ կազմակերպություններից ստացած տեղեկատվության հետ:
2. Եթե ներկայացված տվյալներում անճշտություններ չեն հայտնաբերվում, ապա լիազոր մարմինը տվյալները ներառում է տեղեկատվական բազա:
3. Ներկայացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը մերժում է գրանցման հայտը կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկն ընդունելը՝ այդ մասին տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին: Այդ դեպքում գրանցման հայտը կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկը համարվում է չներկայացված:
4. Տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 13. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը
1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե`
1) տվյալներում առկա են անճշտություններ.
2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որեւէ տվյալ:
2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել`
1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը).
2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը):
3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում`
1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի հիման վրա.
2) պետական կառավարման մարմիններից եւ այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա.
3) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա.
4) հարցը ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:
Սույն մասի 1-ին կետով սահմանված` ճշտված անձնավորված հաշվարկ ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
4. Պետական կառավարման մարմիններից եւ այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. Տեղեկատվական բազայից պետական մարմիններին եւ այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը
1. Տեղեկատվական բազայից լիազոր մարմինը տվյալներ է տրամադրում`
1) Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած` կենuաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին.
2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին.
3) Հայաuտանի Հանրապետության օրենքով եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին:
Հոդված 15. Ֆիզիկական անձանց իրավունքները եւ պարտականությունները
1. Ֆիզիկական անձն իրավունք ունի`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանալու իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
2) իր անհատական հաշվում առկա անհատական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմելու լիազոր մարմնին կամ գործատուին.
3) գործատուից անվճար ստանալու լիազոր մարմին ներկայացրած իր անհատական տվյալների կրկնօրինակը.
4) դատական եւ վարչական կարգով բողոքարկելու կամ վիճարկելու լիազոր մարմնի կամ գործատուի պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալներին առնչվող գործողությունները կամ անգործությունը:
2. Ֆիզիկական անձը պարտավոր է`
1) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված տվյալները.
2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր.
3) գործատուին եւ լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող տվյալները հաստատող փաստաթղթեր:
Հոդված 16. Գործատուի իրավունքները եւ պարտականությունները
1. Գործատուն իրավունք ունի`
1) իր վարձու աշխատողներից եւ պայմանագրային եկամուտ ստացողներից պահանջելու եւ ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթեր.
2) սույն օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր վարձու աշխատողներին եւ պայմանագրային եկամուտ ստացողներին վերաբերող տվյալները:
2. Գործատուն պարտավոր է`
1) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկ եւ գրանցման հայտեր.
2) իր վարձու աշխատողի եւ պայմանագրային եկամուտ ստացողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացրած նրա անհատական տվյալների կրկնօրինակը:
Հոդված 17. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմնի լիազորություններն են`
1) գործատուից, ֆիզիկական անձանցից եւ պետական կառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.
2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանել գործատուների եւ ֆիզիկական անձանց ներկայացրած գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները.
4) գործատուին ծանուցել նրա ներկայացրած տվյալներում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.
5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
6) գործատուներին եւ ֆիզիկական անձանց ապահովել հասանելիություն` գրանցման հայտը եւ անձնավորված հաշվարկները ձեւավորելու եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
Հոդված 18. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար
1. Սույն օրենքը խախտելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 19. Եզրափակիչ մաս
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ պարտադիր կուտակային վճարին առնչվող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչեւ 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար:
3. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքով սահմանված կարգով տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչեւ 2014 թվականի ապրիլի 15-ը` 2013 թվականի համար:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային հաշվառման կանգնած անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները 2012 թվականի համար հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով` մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչեւ սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, գործատուները պարտավոր են լիազոր մարմին գրանցման հայտեր ներկայացնել այն անձանց համար, որոնց հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ եղել են աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների մեջ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: