Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-025-30.07.2012-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՆՏՈՍԱՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որակելով այն որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՆՏՈՍԱՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվների ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով: Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը. 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին ընդունել է բանաձեւ (2397/1996)` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն: Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր:

Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների դեմ իրականացված հանցագործությունը՝ նաեւ պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում: Ներկայացվող օրինագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ որը սահմանում է, թե կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր Սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Օրինագիծը զարգացնում է պոնտոսահույների ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական եւ կազմակերպչական համակարգը:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով ՄԱԿ-ի հետեւյալ կոնվենցիաներով.

ու ելնելով Հայաստանի Հանրապետության մարդասիրական ավանդույթներից` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է 1912-1923 թվականներին պոնտոսահույների նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը: