Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-026-30.07.2012-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետեւ` Հանձնաժողով) պետական եւ տեղական ինքանկառամարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուսումնասիրության, մասնավորապես`
հանքաարդյունաբերության, սեփականաշնորհման, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու, պետական գնումների գործընթացի ոլորտներում կոռուպցիոն դրսեւորումների, ինչպես նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրման նպատակով` Ազգային Ժողովին եզրակացություն(ներ) ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ուսումնասիրել կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով իրավական նորմատիվ ակտերը, օրեսդրական նախագծերը եւ ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման համար,

բ) ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հակակոռուպցիոն չափորոշիչների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահպանումը,

գ) պատգամավորներին ներկայացնել եզրակացություն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.2-րդ հոդվածի դրույթների պահպանման վերաբերյալ` նպաստելով պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելու կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, եթե էթիկայի հանձնաժողովը խնդրին չի անդրադառնում,

դ) ուսումնասիրել պետական բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների օգտագործման գործընթացները` նպաստելով կոռուպցիոն ռիսկերի եւ վերահսկողության իրականացման խախտումների բացահայտմանը,

ե) առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը եւ պատասխանատու այլ մարմիններին` Հանձնաժողովի հայտնաբերումների ու չարաշահումների բացահայտման դեպքում:

3. Հանձնաժողովի գործունեության կարգը, կազմը եւ ժամկետները

ա) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է հակակոռուպցիոն Հանձնաժողովը, որը գործում է 6 ամիս ժամկետով` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ ներկայացնելով Ազգային ժողովին իր գործունեության վերաբերյալ եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:

բ) Հանձնաժողովի գործունեության ժամկետը կարող երկարացվել Ազգային ժողովի որոշմամբ:

գ) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկուական պատգամավոր Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից:

դ) պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ:

ե) Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի որոշումները համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալի ձայնը որոշիչ է:

զ) Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության նախագահի, նրա տեղակալի կամ առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ,

է) ձեւավորվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում հակակոռուպցիոն ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ պետական մարմինների, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ,

4. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում պահանջել եւ ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր,

բ) Հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

դ) ցանկացած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցի քննարկման մասին, պահանջել ներկա գտնվել Հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ եւ պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին,

դ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

5. Ազգային ժողովի աշխատակազմն Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Խորհրդարանական ընդդիմության ներգրավվածության բարձրացումը պետական կառավարման տարբեր մարմինների վերահսկողական գործընթացներում, անմիջականորեն նպաստում է կայուն ժողովրդավարության կայացմանը, խորհրդարանի նշանակության եւ դերի բարձրացմանը, իշխանության տարանջատմանը, հավասարակշռության եւ հակակշիռների, ինչպես նաեւ` ակտիվ վերահսկողական գործընթացների հաստատմանը: Այն իր արտացոլումն է գտել Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի  «Ընդդիմության դերը ժողովրդավարական խորհրդարաններում» զեկույցում (Ստրազբուրգ, 15 նոյեմբեր, 2010 թվական, CDL - AD (2010) 025), ինչպես նաեւ` ԵԽԽՎ 1601 (2008) բանաձեւում եւ մի շարք այլ զեկույցներում եւ դիրեկտիվներում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակներն ու խնդիրներն են քաղաքական փոքրամասնությանը մասնակից դարձնել խորհրդարանական վերահսկողության գործունեությանը, մասնավորապես` ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրմանը` ուժեղացնելով հանձնաժողովների վերահսկողական գործառույթները եւ ստեղծելով իրական զսպումների ու հակակշիռների մեխանիզմ: Հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում է պահելու շինարարության ոլորտում (շուրջ 250 մլն. դրամ), գնումների գործընթացում, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման (շուրջ 400 մլն. դրամ), գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքի եւ հողային պաշարների (շուրջ 800 մլն. դրամի չգանձված գումար), սոցիալական ոլորտի (շուրջ 150 մլն. դրամ), պետական սեփականության կառավարման (շուրջ 200 մլն. դրամ), գյուղատնտեսության, արտադրության եւ սպառման վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման եւ օգտագործման (շուրջ 300 մլն. դրամ), գիտության եւ կրթության (շուրջ 235 մլն. դրամ), ինչպես նաեւ` հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներում ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային ստուգմամբ արձանագրված խախտումներն ու թերությունները:

Ժամանակավոր հանձնաժողովների ինստիտուտը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների պառլամենտներում եւ պետական կառավարման բարձրագույն մարմիններում, որը նպաստում է քաղաքական ընդդիմության վերասկողության գործառույթների բարձրացմանը, ինչպես նաեւ` պառլամենտարիզմի զարգացմանը: Միջազգային պրակտիկայում ընդունված են, թե' օրենսդրորեն` Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով, եւ թե' ավանդույթի ուժով, վերահսկողական բնույթի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների, իսկ որոշ երկրներում նաեւ Վերահսկիչ պալատի նախագահների պաշտոնները հատկացնել ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք կոչված են ուսումնասիրել եւ բացահայտել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հնարավոր իրավախախտումները, չարաշահումներն ու կոռուպցիոն ռիսկերը: Այդօրինակ երկրներից են Ֆրանսիան, որտեղ կանոնակարգ օրենքով (հոդված 39, 3-րդ մաս) վերապահված է ընդդիմությանը ղեկավարել «Ֆինանսական, տնտեսական եւ բյուջետային մոնիտորինգի հանձնաժողովը» (The Finance, General Economy and Budgetary Monitoring Committee), ինչպես նաեւ`  Գերմանիան, Լիտվան եւ Լեհաստանը, որտեղ ընդդիմությունն ունի սահմանադրությամբ «հատուկ իրավունքներ»: Մակեդոնիայում եւ Պորտուգալիայում այս ոլորտը կարգավորվում է  «Ընդդիմության մասին» օրենքներով: Որոշ եվրոպական երկրներում այն կարգավորվում է խորհրդարանների կանոնանկարգերով, եւ պետական բյուջեի համար պատասխանատու խորհրդարանական հանձնաժողովները հանդես չեն գալիս իբրեւ «մշտադիտարկող կամ վերահսկող» մարմին: Նորվեգիայի խորհրդարանում ֆինանսների մշտական հանձնաժողովը (Finans komiteen), որն ըստ ավանդույթի ղեկավարում է իշխանական քաղաքական ուժը,  չի դիտվում զուտ որպես «մոնիտորինգի» հանձնաժողով, այլ` ինքնուրույն որոշումներ կայացնող հանձնաժողով, ի տարբերություն, մշտական Վերահսկիչ կոմիտեի (Kontroll komiteen), որն ըստ ավանդույթի, տրվում  է ընդդիմությանը որպես հակակշիռ: Ընդդիմության վերահսկողության վառ օրինակ է Մոլդովայի խորհրդարանի «Տեղեկատվական ծառայությունների եւ անվտանգության խորհրդարանական վերահսկողություն իրականացնող ենթահանձնաժողովը», որի նախագահը ընտրվում է ընդդիմությունից (հոդված 28, 2-րդ մաս):

Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ կամրապնդվի հասարակության վստահությունը Ժողովրդավար խորհրդարանի նկատմամբ, որը ենթադրում է ուժեղ ու կառուցողական քաղաքական փոքրամասնության կամ ընդդիմության առկայություն: Խորհրդարանում երաշխավորված իրավունքներով ու պարտականություններով ընդդիմությունը կարող է իրականացնել իր հիմնական առաքելությունը` վերահսկողություն կառավարության գործունեության նկատմամբ: