Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)`
1) 169.1-րդ հոդվածի վերնագրում «հաշվարկը» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերը:
2) 169.1-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիացիայում «ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը» բառերը փոխարինել «անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխումը կամ առաքումը կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելը» բառերով:
3) 169.1-րդ հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Թղթային եղանակով ներկայացվող հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը, կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ օրենսդրությամբ սահմանված ժամկետներից հետո 30-օրյա ժամկետում չներկայացնելը`»,
4) 169.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով.
«Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ օրենսդրությամբ սահմանված ժամկետներից մինչեւ 30 օր ուշացումով ներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում` հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով սահմանված այլ փաստաթուղթ ուշ ներկայացնելու առաջին դեպքի համար:
Սույն հոդվածի երրորդ մասով ներկայացված խախտումն առաջին անգամ կատարելուց հետո երեք տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու համար (անկախ հարկային մարմին կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող փաստաթղթի տեսակից)`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասով ներկայացված խախտումը երկրորդ անգամ կատարելուց հետո երեք տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու համար (անկախ հարկային մարմին կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող փաստաթղթի տեսակից)`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը պայմանավորված է հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելու` էլեկտրոնային եղանակին անցումը խթանելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն` տուգանքի տեսքով: Ընդ որում, նշյալ պատասխանատվությունը կիրառելի է հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու բոլոր դեպքերի վրա` անկախ հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացնելու հանգամանքից:
Խնդիրը կայանում է նրանում, որ հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնող տնտեսավարող սուբյեկտների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով պատասխանատվության առավել մեղմ միջոցներ նախատեսված չեն:
Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությունը վերաբերում է մասնավորապես ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելուն, այն դեպքում, երբ 2012 թվականի հունվարի 1-ից ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման կարգը փոխարինվել է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների կամ արտադրանքն ուղեկցող փաստաթուղթների գրանցման կարգով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելու` էլեկտրոնային եղանակի կիրառության շրջանակների ընդլայնմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելու` էլեկտրոնային եղանակի կիրառության շրջանակների ընդլայնման խթանների ձեւավորումն է, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությունը 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների կամ արտադրանքն ուղեկցող փաստաթուղթների գրանցման կարգի խախտումների վրա կիրառելն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել այնպիսի օրենսդրական խթաններ, որոնք կնպաստեն հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելու` էլեկտրոնային համակարգի կիրառության շրջանակների ընդլայնմանը: