ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում՝
1) առաջին եւ 1.1 մասերում «աշխատակազմի քարտուղարը՝» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.3 մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) 1.2 մասում «շրջանի ղեկավարը՝» բառերից հետո լրացնել «, (բացառությամբ սույն հոդվածի 1.3 մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով.
«1.3. Աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մի շարք իրավահարաբերությունների հստակեցմամբ, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում:
Մասնավորապես` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում է կազմակերպության ղեկավարը:
Բացի այդ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված են նորմեր, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս՝ կապված առավելագույն դասային աստիճանների շնորհման ժամկետների, քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի կողմից կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակման, փաuտաթղթային ատեuտավորման եւ այլ գործընթացի կազմակերպման հետ:
Օրենքի նախագծով հստակեցվել է նշված նորմերի կիրառման ընթացակարգերը:
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ձեւավորման գործընթացը, աուդիտորների մասով, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակումն իրականացվում է ըստ պաշտոնների խմբերի: Համապատասխան մարմիններում, բացառությամբ աշխատակազմի ղեկավարների պաշտոնների` քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը (բարձրագույն, ինչպես նաեւ գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում) եւ աշխատակազմի ղեկավարը (գլխավոր պաշտոնների 2-րդ, 3-րդ ենթախմբերի, առաջատար եւ կրտսեր պաշտոններում):
Քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում ձեւավորվող ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներին պաշտոնի նշանակման հարցում հակասություններ են ի հայտ գալիս «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի միջեւ: Մասնավորապես` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից ենթադրվում է, որ ստորաբաժանման աշխատակիցներին պաշտոնի է նշանակում եւ ազատում աշխատակազմի քարտուղարը, իսկ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն աուդիտորներին պաշտոնի նշանակում կամ ազատում է կազմակերպության ղեկավարը, տվյալ դեպքում` քաղաքապետը կամ գյուղապետը: Հավելենք նաեւ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն համայնքային ծառայողների նշանակման եւ զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը uահմանվում է «Համայնքային ծառայության մաuին» ՀՀ oրենքով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նշված օրենքի ընդունմամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է մարմնի ղեկավարը:
Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աուդիտորներին պաշտոնի նշանակման, ազատման, ինչպես նաեւ խրախուսանքի եւ կարգապահական տույժերի կիրառման լիազորությունները համայնքի ղեկավարին վերապահելն է, որով աուդիտորների հետ ձեւավորվող աշխատանքային հարաբերությունների գործընթացները համապատասխանեցվում են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետեւյալ արդյունքները.
Կանոնակարգվում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների (քաղաքացիական ծառայողների) ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հստակեցվում է քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետների հաշվարկումը եւ այլն:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան: