Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0301-15.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 169.15-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 189.1-ին հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի  նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».

2. 2-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.

3. 3-րդ մասի «հարգադրոշմման» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները եւ» բառերը, իսկ «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

4. 4-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «վեցհարյուրապատիկի» բառով.

5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ մասերով.

«Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի  նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի 7-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասում «եւ 21-րդ մասերի» բառերը փոխարինել «21-րդ, 26-րդ եւ 27-րդ մասերի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 244.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 189.1-ին հոդվածի 5-րդ, 6-րդ 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «169.15» թիվը:

Հոդված 6. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.7 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իր իրավասության շրջանակներում քննում է սույն օրենսգրքի 95.3-րդ հոդվածի, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, (ոչ պարենային ապրանքների մասով) 21-րդ, մասերով, 188-րդ (ոչ պարենային ապրանքների մասով) հոդվածներով եւ 189.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը` գլխավոր պետական տեսուչը:

Սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1763-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների կատարման ապահովմամբ, ինչպես նաեւ  «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի եւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի որոշ դրույթների հակասությունների վերացմամբ: ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1763-Ա որոշման 1-ին կետի համաձայն`  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է վերապահվել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազոր մարմնի իրավասությունները, մասնավորապես` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորման եւ գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում? մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողության իրականացումը: Նույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է ՀՀ կառավարություն ներկայացնել որոշումից բխող համապատասխան իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ եւ (կամ) լրացումներ: Նշենք, որ ընդունվել են նաեւ ՀՀ կառավարության այլ որոշումներ, որոնց համաձայն` թանկարժեք մետաղների ոլորտում վերոնշյալ գործառույթները իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ելնելով այդ գործառույթների վերաբաշխումից` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում, որտեղ ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների գործառույթները հստակեցման կարիք ունեն: Ելնելով արարքի նվազ վտանգավորության աստիճանից` ուժը կորցրած է ճանաչվել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը, որով տուգանք էր նախատեսված որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը լիազոր մարմնին չվերադարձնելու համար:

Ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.15-րդ հոդվածը, քանի որ նույն օրենսգրքի 169-րդ հոդվածով արդեն իսկ պատասխանատվություն է սահմանված առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` փոփոխություններ են կատարվել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1-ին, 244.1-ին, 244.2-րդ, 244.7-րդ հոդվածներում: Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.1-ին եւ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածների միջեւ առկա են հակասություններ` թանկարժեք մետաղների ոլորտում կատարված իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերի հետ կապված:

Ուստի,  իրավական ակտերի ընդունման նպատակը թանկարժեք մետաղների ոլորտի օրենսդրական ներդաշնակությունն ապահովելն ու հակասությունները վերացնելն է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1763-Ա որոշման 1-ին կետի, 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1765-Ն եւ ՀՀ կառավարության այլ որոշումների համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը թանկարժեք մետաղների ոլորտում մշակում եւ իրականացնում է թանկարժեք մետաղների բնագավառում քաղաքականությունը, իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզավորումը եւ գործունեության պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը, իրականացնում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունը, թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների կազմակերպումը: Վերոնշյալ որոշումների համաձայն` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիաները  տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշերի պատվիրումը, հաշվառումը եւ տրամադրումը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում ՀՀ մաքսային մարմիններին? վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերի արտատիպերը: Ուստի «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մաքսային մարմիններին տեղեկատվություն տրամադրելու գործառույթների վերաբերյալ դրույթները:

Հարկ է նշել նաեւ, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության պահանջների, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի հետ կապված իրավախախտումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.1-ին եւ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածներում սահմանված են տուգանքի տարբեր չափեր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված թանկարժեք մետաղների ոլորտում նույն վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառող մարմին են հանդիսանում տարբեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, այսինքն` տեղի է ունենում գործառույթների համընկնում: Այսպիսով, օրենսդրական բացերը լրացնելու ու հակասությունները շտկելու նպատակով անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում քաղաքականությունն ուղղված է ՀՀ օրենսդրության կատարելագործմանը` ՀՀ օրենքների միջեւ հակասությունների եւ անհամապատասխանությունների վերացմանը, թանկարժեք մետաղների բնագավառում իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահելուն, ինչպես նաեւ պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանցման առավել արդյունավետ մեխանիզմներ մշակելուն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Իրավական ակտերի կարգավորման նպատակը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1763-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների կատարումն է, ինչպես նաեւ տվյալ բնագավառին վերաբերող որոշ հարաբերությունների հստակեցումը եւ օրենսդրական հակասությունների վերացումը:

Ելնելով այն հանգամանքից, որ հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզավորման գործառույթը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ տարբերանիշերի, անվանանիշերի պատվիրման, տրամադրման եւ հաշվառման գործառույթը` ՀՀ ֆինանսների նախարարությանը` «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվել են ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների կողմից հարգորոշողների եւ հարգադրոշմողների լիցենզավորման մասին տեղեկատվության եւ տարբերանիշերի արտատիպերը  մաքսային մարմիններին տրամադրելու վերաբերյալ դրույթները: Մասնավորապես` քանի որ տարբերանիշերը պատվիրում, տրամադրում եւ հաշվառում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ուստի առավել նպատակահարմար է, որպեսզի տարբերանիշերի արտատիպերը մաքսային մարմիններին տրամադրվի ՀՀ ֆինանսների նախարարության, իսկ լիցենզավորման մասով տեղեկատվությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը թանկարժեք մետաղների ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող մարմնի հստակեցումն է: Վերոնշյալ օրենքի նախագծի համաձայն` հարգորոշման եւ հարգադրոշմման օրենսդրությամբ նախատեսված պահանջները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առեւտրի կանոնները խախտելու հետ կապված գործերի քննությունը վերապահվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությանը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված տուգանքները համապատասխանեցվում են «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքների չափերին: Միաժամանակ հանվել է որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը լիազոր մարմնին չվերադարձնելու համար տուգանքը, քանի որ տվյալ արարքը վտանգավորություն չի ներկայացնում որպես իրավախախտում նախատեսելու համար: Ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.15-րդ հոդվածը, քանի որ նույն օրենսգրքի 169-րդ հոդվածով արդեն իսկ պատասխանատվություն է սահմանված առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար, այսինքն` նույն իրավախախտման համար պատասխանատվություն է սահմանված եւ? 169-րդ, եւ? 169.15-րդ հոդվածներով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Իրավական ակտերի նախագծերի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը  կնպաստի տվյալ ոլորտում աշխատանքների իրականացման կատարելագործմանը եւ արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ կբացառվեն ոլորտի օրենսդրական դաշտում առկա հակասություններն ու անհամապատասխանությունները:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)