Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի «կեսից ավելին» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդը» բառերով.
Հոդված 2.
Օրենքի 14-րդ հոդվածի.
1. 2-րդ մասում «կեսից ավելին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով:
2. 5-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասություններով. «Ավագանու նիստերն արձանագրվում են: Նիuտերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրությունները ստորագրում են համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը, ինչպես նաեւ ավագանու անդամները:»
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին
Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել.
1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում,
2) այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները,
3) մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկու անգամ խախտելու դեպքում:
Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկության քննարկման նպատակով հրավիրված ավագանու նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:
Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստացած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:»
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «1.1» կետով.
«1.1. ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում.
1. 1-ին մասի 7-րդ կետում «քվեարկությունների» բառից հետո լրացնել «(ինչը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերի ստորագրություններով)» բառերը.
2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3. 3-րդ մասում «հոդվածի 9-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ, եթե.
1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.
2) օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:»
Հոդված 7 . Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին:»
Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ Մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:
Մարզպետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն.
1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում,
2) այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները,
3) մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկու անգամ խախտելու դեպքում:
Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները եւ, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին եւ մարզպետին: Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը եւ համայնքի ավագանու որոշումը:
Մարզպետը կարող է դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները:»
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Անհրաժեշտությունը
Համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքմերի հետ կապված օրեսդրական փոփոխություններ, կապված վերջին տարիներին առաջացած խնդիրների վերլուծության արդյունքում ձեռքբերված փորձի հետ:
2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի համաձայն` «Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին:» Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` «Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին:» Օրինակ, եթե ավագանու անդամների` օրենքով սահմանված թիվն է 15-ը եւ ընտրվել է թվով 8 ավագանու անդամ` (ինչպես Իջեւանում) ավագանին համարվում է կազմավորված, սակայն նիստերի գումարումը դառնում է խնդրահարույց, քանի որ ավագանու անգամ մեկ անդամի բացակայության դեպքում նիստը իրավազոր չի լինում:
Արդյունքում, ավագանու նիստերի զգալի մասը իրավազոր չլինելու հիմքով չի կայանում: Դա կարող է համընկնել համայնքի բյուջեի հաստատման, այլ կարեւոր որոշումների ընդունման գործընթացների հետ: Դրա հետեւանքով զգզգվում է համայնքի համար կարեւորագույն ծրագրային փաստաթղթի (բյուջեի) եւ այլ փաստաթղթերի ընդունումը: Նախագծով նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածում ավագանու կազմավորման անհրաժեշտ շեմը ավելացնել մինչեւ օրենքով սահմանված թվի երկու երրորդը, իսկ 14-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխություննը նպատակ ունի հստակեցնել ավագանու նիստերի իրավազորության անհրաժեշտ շեմը:
Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ եւ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են:» Սակայն լինում են դեպքեր, երբ ավագանու անդամը ստորագրում է ավագանու նիստի օրակարգի կոնկրետ հարցի դիմաց, սակայն հրաժարվում է ստորագրել ավագանու նիստի ամփոփ արձանագրությունը: Արդյունքում առաջանում է երկակի ընկալմամբ մի իրավիճակ, երբ արձանագրությունների ստորագրությունները հաշվարկելիս ստացվում է մի արդյունք, իսկ ավագանու որոշումների ստորագրությունները հաշվարկելիս` մեկ այլ արդյունք: Առաջին դեպքում դա կարող է դառնալ ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հիմք (օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմնավորմամբ), 2-րդ դեպքում` ոչ բավարար հիմք: Վերջնական արդյունքում դա բերում է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների վիճաբանության եւ տեղական ինքնակառավբարման մարմինների գործունեության ժամանակավոր խաթարման:Օրենքի 14-րդ հոդվածում առաջարկվում է հստակ սահմանել, որ ավագանու նիստերի ընթացքում պետք է կազմվի նիստի արձանագրություն, եւ որ այն պետք է ստորագրեն համայնքի ղեկավարը (պաշտոնակատարը) եւ ավագանու` նիստին ներկա անդամները: Ավագանու անդամի կողմից իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերի ստորագրման պարտադիր պայմանն ամրագրվում է նաեւ օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածներում (նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներ):
Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է ավագանու լիազորությունների դադարեցման եւս մեկ հիմք, այն է` ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալը:
Նախագծի 7-րդ հոդվածով հստակեցվում են օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները` նշվում է, թե ավագանին ինչի վերաբերյալ է կազմում արձանագրություն (համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման մասին), ինչպես նաեւ նշվում է այդ արձանագրությունը` պետական լիազորված մարմին ներկայացնող պաշտոնատար անձը (համապատասխան մարզպետը):
Նախագծի 3-րդ եւ 8-րդ հոդվածները հիմնականում կրում են խմբագրական բնույթ, ինչպես նաեւ սահմանում են համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման եւս մեկ հիմք, այն է` մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը (ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ) երկու անգամ խախտելը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N380-Ա որոշման 4.2.2 հոդված. «Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների
որակի, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների եւ ունակությունների մեծացում»
ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 4-րդ կետ.
«4.«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»` 2011 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, շահագրգիռ պետական մարմիններ, հասարակական կազմակերպություններ:
6. Ակնկալվող արդյունք
Օրինագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքմերի հետ կապված որոշակի դրույթներ:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)