Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-033-16.08.2012-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի «կեսից ավելին» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի.

1. 2-րդ մասում «կեսից ավելին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով:

2. 5-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասություններով. «Ավագանու նիստերն արձանագրվում են: Նիuտերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրությունները ստորագրում են համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները:»

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին

Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել.

1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում,

2) այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները,

3) մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկու անգամ խախտելու դեպքում:

Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկության քննարկման նպատակով հրավիրված ավագանու նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստացած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:»

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «1.1» կետով.

«1.1. ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 7-րդ կետում «քվեարկությունների» բառից հետո լրացնել «(ինչը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերի ստորագրություններով)» բառերը.

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3. 3-րդ մասում «հոդվածի 9-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ, եթե.

1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

2) օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:»

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին:»

Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ

Մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:

Մարզպետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն.

1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում,

2) այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները,

3) մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկու անգամ խախտելու դեպքում:

Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները եւ, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին եւ մարզպետին: Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը եւ համայնքի ավագանու որոշումը:

Մարզպետը կարող է դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները:»

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: