Հոդված 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության (2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն) օրենքի`
1) 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ մասի 3-րդ կետի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 1-ին մասի 1-ին կետի թ) ենթակետի «նախնական» եւ «(արհեստագործական)» բառերը հանել.
2) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «նախնական» բառը հանել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Անհրաժեշտությունը
«Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսչական բարեփոխումների իրականացմամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ կրթության պետական տեսչությունը կրթության բնագավառի պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ միայն հանրակրթական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում: Վերահսկողության դաշտից դուրս են գտնվում մասնագիտական կրթության մյուս երկու` միջին եւ բարձրագույն մասնագիտական ոլորտները:
Կրթության շարունակականության պայմաններում, հանրակրթության եւ մասնագիտական կրթության ոլորտում ներկայումս առկա չէ կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի առկա վիճակի միասնական պատկերը:
Մասնագիտական կրթության առաջին երկու` նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական աստիճանները կարգավորվում են «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, սակայն դրանցից առաջինի նկատմամբ ՀՀ կրթության պետական տեսչությունը իրականացնում է պետական վերահսկողություն, իսկ մյուսի նկատմամբ` ոչ:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագիծը նպատակ ունի կրթության ոլորտում իրականացնել միասնական պետական վերահսկողություն: Այն հնարավորություն կտա ունենալ կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի առկա վիճակի իրական եւ ամբողջական պատկերը ՀՀ-ում:
Պետական կրթական ծրագրերի միասնական վերահսկողությունն իր հերթին կնպաստի ինչպես կրթության շարունակականության ընթացքում, այնպես էլ կրթական տարբեր աստիճաններում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների նվազեցմանը:
Արդյունքում, վերահսկողության ամբողջ գործընթացը կդառնա պարզ, հնարավորինս թափանցիկ ու կանխատեսելի:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում ունենալ` կրթության բնագավառում իրականացվող միասնական պետական վերահսկողություն, կրթության ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կրթական պետական վերահսկողության ամբողջական եւ կատարելագործված իրավական դաշտ, հնարավորինս նվազ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական կրթական համակարգ: