ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) անվանման մեջ «2006-2007 թվականների» բառերը փոխարինել «2006-2015 թվականների» բառերով: Այդ կապակցությամբ Օրենքի տեքստում եւ Օրենքի 5-րդ հոդվածով հաստատված թիվ 1 ցանկի վերնագրում «2006-2007» թվերը փոխարինել «2006-2015» թվերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածով հաստատված` մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների Ցանկ թիվ 1-ում`
1) Գեղարքունիքի մարզպետարանի ընկերությունների ցանկը 90056 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
44.2 | 90058 | «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Վարդենիս, Երիտասարդության փող. 15 |
2) Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90057 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
45.4 | 90059 | «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ | քաղ. Երեւան, Խորենացու 1-ին նրբանցք, շենք 1 |
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկը 90045 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
45.5 | 90060 | «Սեւակ եւ Սաթինե» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը | քաղ. Երեւան, Արղության 10 |
4) Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, իսկ «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Օրենքի նախագծի հոդված 1-ով առաջարկվում է փոփոխել (երկարաձգել) մասնավորեցման ծրագրի գործողության ժամկետը` այն համապատասխանեցնելով ներկայիս ժամանակաշրջանին: Թեեւ անհրաժեշտ է նշել, որ պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, գործում է նաեւ հաջորդ տարիներին` եթե ծրագրի ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում: Մինչեւ օրս օրենքի գործողության ժամկետը չերկարաձգելու պարագայում, տվյալ ծրագրի շրջանակներում իրականացված մասնավորեցման բոլոր գործարքները համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին:
2. Նախագծի հոդված 2-ով առաջարկվող լրացումների եւ փոփոխության մասին`
Կետ 1)
«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ը մասնավորեցման ծրագրում լրացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 02.11.2006թ. «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման հավելված N 4-ի` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի» III բաժինը` «Վարդենիսի տարածաշրջան», որտեղ 6-րդ կետով սահմանված է, որ Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան պետք է ներկայացվի սեփականաշնորհման:
Առկա են Գեղարքունիքի մարզպետի 08.04.2009թ. N Մ-1-1-193 եւ 19.05.2009թ. N Մ-1-1-265 գրությունները, ըստ որի Գեղարքունիքի մարզպետարանը առարկություններ չունի «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն մասնավորեցման գործող ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:
Կետ 2)
«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ը մասնավորեցման գործող ծրագրում լրացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի 27.01.2009թ. N 1-09/47 եւ 13.02.2009թ. N 1-02/109 գրությունները:
Համաձայն ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 4-ի N 154 որոշման «Դ.Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկը վերակազմավորվել է «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):
Ընկերությունը Հայաստանում գործող ջրային մարզաձեւերի մասնագիտացված մարզադպրոց է, որի նպատակն է ջրային մարզաձեւերի զարգացումը Հայաստանում: Ներկայումս մարզաբազայում իրենց ամենօրյա մարզումներն են իրականացնում ջրացատքի եւ լողի հավաքական թիմերը, այստեղ են անցկացվում համահայկական խաղերը եւ Դավիթ Համբարձումյանի հիշատակին նվիրված ջրացատկի միջազգային ավանդական մրցաշարը: Ընկերությունում գործում են ջրացատկի, լողի եւ սինքրոն լողի սպորտային խմբեր, ինչպես նաեւ իրականացվում է սպորտաձեւերի ուսուցում` մասնավոր հիմունքներով:
2008թ. ֆինանսական տարում ընկերությունն ապահովել է 3769,0 ՀՀ դրամի շահույթ:
Ընկերությունը մասնավորեցման առաջարկելու հիմնական նպատակներն են`
լրացուցիչ ներդրումների ներգրավումը` մարզական գույքի ձեռք բերման եւ արդիականացման նպատակով,
ջրային մարզաձեւերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
մարզադպրոցի արդիականացումը` համապատասխանեցումը ժամանակակից միջազգային չափանիշներին, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել նաեւ միջազգային մրցումներ:
Կետ 3)
Առաջարկվում է մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում ներառել նաեւ «Սեւակ եւ Սաթինե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որտեղ պետության մասնակցությունը կազմում է կանոնադրական կապիտալի 24,71743% -ը: ՀՀ կառավարության 2009թ.-ի հուլիսի 9-ի «Բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 753-Ն որոշման 2-րդ կետով ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
«Սեւակ եւ Սաթինե» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ կառավարության 04.08.2005թ. N 1233-Ա որոշմամբ ստեղծված «Բորիկ եւ Նարեկ» ՍՊԸ-ի իրավահաջորդը: Ընկերության գործունեության հիմնական տեսակը ավտոտեխսպասարկումն է: 01.09.2009թ. դրությամբ ընկերությունում աշխատում է 7 մարդ, ընկերությունը շահութաբեր է:
Ավտոտեխսպասարկման ոլորտը ՀՀ տնտեսությունում մրցակցային է, այդպիսի գործունեությամբ զգաղվող ընկերությունները մասնավորեցվել են դեռեւս գործընթացի առաջին փուլում: Պետության ձեռքում բաժնետոմսերի հետագա պահպանման անհրաժեշտությունը ռազմավարական բնույթ չի կրում եւ համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի, որպես սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույք, կարող է առաջարկվել մասնավորեցման:
Ընկերության մասնավորեցման վերաբերյալ հարցը քննարկվել է նաեւ մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2009թ.-ի հուլիսի 9-ի նիստի ընթացքում (արձանագրություն N Ֆ 27-276, հարց 13, կետ 2):