Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0371-17.08.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի  ՀՕ-297 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 6-րդ  հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

 «4.Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին  պետությունը  պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է`  տարրական ընդհանուր կրթական ծրագրերով  նախատեսված դասագրքերով:»:

Հոդված 2.  16-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասում հանել «,մանկավարժական խորհուրդ» բառերը:

Հոդված 4.  Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Ուսումնական  հաստատությունների նյութատեխնիկական բազան,որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության եւ կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում եւ զարգացվում է բյուջետային, ինչպես նաեւ սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի եւ ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի  հիման վրա:

 2. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից եւ ձեւերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ, համակարգչային դասարաններ։

3. Հատուկ ուսումնական հաստատություններում սովորող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով։

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական եւ գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 
 

Տեղեկանք-հիմնավորում
 
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Կրթության մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին  օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտության վերաբերյալ


«Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթություն բոլորի համար»  հռչակագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի եւ «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

2005 թվականին ընդունվել էր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որում «Ներառական կրթությունը» ամրագրված էր, որպես կրթության կազմակերպման ձեւ։ Վերջին 5 տարիների ընթացքում նշված օրենքն անցավ իր փորձությունը, սակայն 2009 թվականի օգոստոսին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը կորցրել է իր արդիականությունը, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն բովանդակային իմաստով առավել ամբողջական է։ 2010 թվականի մայիսին վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները հրատապ դարձրեցին օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Ոլորտի կառավարման եւ կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու եւ նույն խնդրին ուղղված գործողությունները համակարգելու, խնդրիների լուծման ուղղությամբ միասնական քաղաքականություն սահմանելու միտումով` նպատակահարմար է ունենալ ամբողջացված մեկ օրենք։ Հետեւաբար՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքում սահմանված որոշակի սկզբունքներ վերանայելով եւ «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում դրանք արտահայտելով` հնարավոր կլինի ապահովել առավել արդյունավետ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական դաշտ։

Նման նախաձեռնությամբ խնդիր է դրված հասնել իրական հավասարության՝ պահպանելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի բոլոր սկզբունքները։

Արդյունքում կունենաք երեխայի անհատական տարբերություններից ու հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորում, որը կերաշխավորի  բոլորի համար  կրթության  հավասարության իրավունքը։

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորություններով, այլեւ Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման,  յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման միտումով։

Օրենսդրական փաթեթի ընդունումը նպաստավոր է թեԲ կրթության նպատակային կազմակերպման, թեԲ ֆինանսական մինջոցների օգտագործման արդյունավետության  եւ թեԲ մարդու իրավունքների հարգման տեսանկյունից։

Սա այն դեպքն է, երբ շահում է երեխան, ընտանիքը, պետությունը եւ հասարակությունը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ։ Նրա կրթության եւ հասարակական կյանքին մասնակցությունը իր փոխարեն չեն որոշում, այլ տրվում է հնարավորություն բացահայտվելու իր բոլոր ունակություններով եւ դրսեւորվելու իր համար հաղթահարելի ձեւով։ Շեշտը դրվում է երեխայի ուժեղ կողմերը զարգացնելու, իսկ թույլ կողմերը ուժեղացնելը իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը գնահատելու եւ այդ պայմանը ապահովելու միջոցով։  Այսինքն, երեխան ունի, ոչ թե «ֆիզիկական ու մտավոր արատներ» , այլ տարբեր պատճառներով ունի «դժվարություններ»՝  կրթությանը լիարժեք մասնակցելու համար։ Դա կարող է լինել, ֆիզիկական միջավայրը, տեխնիկական սարքերը, մասնագետի աշխատանքը, ուսուցման  մեթոդը եւ մեթոդաբանությունը, ուսուցողական հարմարեցված նյութերը եւ այլն։

Կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ընտանիքը դադարում է խուսափել իր երեխայի խնամքից կամ իր երեխայի հետ միջավայրի շփումից, քանի որ նույն միջավայրը հանդուրժողականությամբ է վերաբերում իր երեխային՝ ընդունելով վերջինիս հավասար լինելու փաստը։ Ընտանիքի անդամի հետ տարվող մասնագիտացված աջակցության ծառայությունները, ինչպես նաեւ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի գնահատման գործընթացին անմիջական մասնակցությունը, մասնագետների խորհրդատվությունը եւ միջավայրի վերաբերմունքը օգնում են ծնողին ավելի օգտակար լինել իր երեխային, դուրս գալ անելանելիության ու ամոթի բարդույթից եւ օգնել իր երեխային հաղթահարելու անհատական ուսուցման  պլանը։

Պետությունը աստիճանաբար հաղթահարում է սոցիալական պետության իր խնդիրը. նվազում է հասարակության շերտավորումը եւ դրանով կարողանում է կատարել երկրի ստանձնած միջազգային  հիմնական  պարտավորությունները, հասնում է բյուջետային միջոցների արդյունավետ  ու նպատակային բաշխմանը, քանի որ հատկացումները կատարվում են ավելի մեծ թվով երեխաների կրթությունը կազմակերպելու, յուրաքանչյուր երեխայի`  ոչ թե սոցիալական խնդիր լուծելու համար։ Երեխաների շրջանում իրավահա-վասարություն ապահովումը հանգեցնում է ստեղծագործական հնարավորություններով ու ինքնուրույն գործելու պատրաստ մարդու ձեւավորմանը։

Օրենսդրական փաթեթի ընդունումով հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման եւ իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին։

Օրենսդրական փաթեթի մշակման հեղինակային խումբը խորհրդակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատասխանտուների, Շոտլանդիայի Աբերդին քաղաքի համալսարանի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՈ-ի փորձագետներ  պրոֆեսոր Մարթին Ռաուլսի եւ պրոֆեսոր Լանի Ֆլորյանի, «Առաքելության Արեւելք» դանիական կազմակերպության, Ազգային ժողովի համապատասխան փորձագետների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների  պատասխանատու  պաշտոնյաների, Կրթության ազգային ինստիտուտի, ««Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության հետ։

Նախագծում կատարվել են  լրացումներ եւ փոփոխություններ  նաեւ օրենքի 11-րդ,     12-րդ, 24 րդ  26-րդ եւ 30 հոդվածներում.

1.ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների գործադիր տնօրեններին, ինչպես նաեւ բուհերի կազմում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների տնօրեններին պետական դպրոցների  տնօրենների համար նախատեսված հավաստագրման գործընթացում ընդգրկելու անհրաժեշտությունից:

1-1 Ուսուցչի թափուր պաշտոնի  մրցույթի օրինակելի կարգով սահմանված «կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից գործուղված  մասնագետի»  դրույթը  անհրաժեշտություն առաջացավ լրացնել նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 3-րդ մասում:

1-2  Ոչ մասնագիտական կրթություն ունեցող  ուսուցիչների աշխատելու իրավունքը  հստակեցնելու նպատակով խմբագրվել է 26-րդ հոդվածի 1-ին մասը: Համաձայն նոր խմբագրության ուսուցիչ կարող է աշխատել  վերջին տաս տարիների ընթացքում առնվազն 5 տարի կոնկրետ առարկա  դասավանդած  բարձրագույն կրթությամբ քաղաքացին:

2. Ներկա պահին ոչ պետական դպրոցների եւ կառուցվածքային ստորաբաժանումների  տնօրենները հավաստագրման դաշտից դուրս են:

2.1. Ոչ  մասնագետ ուսուցիչների համար «ուսուցչական աշխատանք» ձեւակերպումը հստակ չէր եւ որեւէ առարկա  դասավանդած անձը  կարող էր դասավանդել ցանկացած առարկա: Կարգավորման  նպատակն է  հատակեցնել  ներկայացվող  պահանջները` բացառելով տարընթերցման հնարավորությունը:

30-րդ հոդվածում առաջարկվող լրացումը  պայմանավորված է այն  փաստով,որ լուծարված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտները հնարավորություն չունեն ստանալու իրենց         ավարտական փաստաթղթի (կորցրած կամ խոտանված)  կրկնօրինակը: Նախագծի ընդունմամբ` համապատասխան հիմքերի առկայության դեպքում փաստաթղթի կրկնօրինակը կտրվի  ՀՀ  կրթության եւ գիտության  նախարարության կողմից:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը  պայմանավորված է տարրական դպրոցի բոլոր  աշակերտներին  անվճար դասագրքերով ապահովման  անհրաժեշտությամբ:

Գործող օրենքով  տարրական դասարաններում  օտար  լեզվի եւ երաժշտության դասագրքերը անվճար տրվում են միայն  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Անհրաժեշտ է պետական դպրոցների  սովորողների համար  ապահովել սոցիալական  արդարություն, որպեսզի բոլոր խավերի ներկայացուցիչները  օգտվեն  նույն արտոնությունից: Արդյունքում տարրական դպրոցների բոլոր աշակերտները անկախ սոցիալական ապահովվածության  մակարդակից կստանան անվճար դասագրքեր:

Մանկավարժական խորհուրդը դուրս բերելով կառավարման մարմինների ցանկից  վերացվում է  նաեւ հակասությունը «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի հետ:

Օրենսդրական փաթեթի ընդունումը նպաստավոր է նաեւ  կրթության նպատակային  կազմակերպման, ֆինանսական, նյութատեխնիկական եւ գիտամեթոդական միջոցներով ապահովման եւ արդյունավետ օգտագործման  տեսանկյունից։

 «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 9,10,11,17-րդ հոդվածներով նախատեսված կարգերը կընդունվեն օրենքի ընդունումից հետո մինչեւ վեցամսյա ժամկետում: