Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-039-17.08.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 29-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«29) հաշվառված ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որը Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից հաշվառված է որեւէ անձի կամ կազմակերպության անվամբ (անվանմամբ) եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավոր չի հանված:»:

Հոդված 2.  Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին կետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «, նրա ժառանգի» բառերով, իսկ «օտարման պայմանագրով» բառերից հետո` «(ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա)» բառերով.

2) 4-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն կամ գործող (ներառյալ` գրանցվող ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման եւ հաշվառման պահին ուժի մեջ մտնող) ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելը կամ վերահաշվառելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հաշվառվում են, սակայն հաշվառումից անմիջապես հետո հաշվառումից ժամանակավոր հանվում են:».

3) 6-րդ մասի առաջին նախադասությունը «ԱՊՊԱ կտրոնը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 1-ին մասում ?նախատեսված չէ? բառերը փոխարինել ?նախատեսված չէ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի, որն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու եւ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) ավտոտրանսպորտային միջոցը հանվել է (ներառյալ` ժամանակավոր հանվել է) հաշվառումից.».

3) 7-րդ մասում «1-4-րդ» բառերը փոխարինել «1-ին, 3-րդ եւ 4-րդ» բառերով, ինչպես նաեւ առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու օրվան հաջորդող օրը, բացառությամբ խոտանման հիմքով հաշվառումից հանվելու, հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաեւ հաշվառումից հանվելու այնպիսի դեպքերի, երբ նույն պահին ավտոտրանսպորտային միջոցը հաշվառվում է այլ անձի անվամբ (անվանմամբ), որոնց դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահին:»:

Հոդված 4.   Օրենքը լրացնել 52.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 52.1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման եւ վարչական ակտի ընդունման փուլերից:

3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժաանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին եւ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին, կամ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհով երթեւեկող ավտոտրանսպորտային միջոցը ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում եւ վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները եւ իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում եւ վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաեւ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:

7. Վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչեւ ենթադրյալ իրավախախտման օրը կնքված եւ համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր կամ կտրոն:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաեւ Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունիսի 1-ին:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ



1. Անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու եւ հակասությունները վերացնելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, յուրաքանչյուր անձ պետք է մշտապեu ունենա uեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանuական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) եւ Հայաuտանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանuպորտային միջոցի համար կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես նաեւ, նույն հոդվածի համաձայն, արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանuպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանuպորտային միջոցների նկատմամբ uեփականության իրավունքի գրանցում իրականացնելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար, որը տեւել է ավելի քան տասն օր:

Հետեւաբար, տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման եւ դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավականին ժամանակ, որը եւ էականորեն ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ գործառութային պարտականություններով եւ հաշվառման գործողությունների կազմակերպման առումով քաղաքացիների համար առաջացնելով զգալի բարդություններ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը:

Նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով նախատեսվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:

Նշված խնդրին լուծում տալու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածում, համաձայն որի, 129.2-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվելու են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը նախապատրաստվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման եւ հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվի քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը: