Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0411-21.08.2012-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի

1) 3-րդ մասի «բանկերում» եւ 4-րդ մասի «հաշվից» բառերից հետո լրացնել «(եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)» բառերը.

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետեւյալ ենթահաշիվները`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները,

բ) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները,

գ) պետական եւ համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային),

դ) պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները,

ե) ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».

3) 5-րդ մասից հետո լրացնել նոր 5.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Գանձապետական միասնական հաշվի հետեւյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները,

բ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի եւ դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները,

գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման եւ ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները:».

4)  6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից

ա) պետական մարմինները տնօրինում են`

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,

- պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները,

բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են`
- համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները,

գ) պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները տնօրինում են`  իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները,

դ) ծրագրեր իրականացնող գրասենյակները (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) տնօրինում են` այդ ծրագրերի իրականացման նպատակով նշված գրասենյակների բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունման

1)  Անհրաժեշտություն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ
«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի (այսուհետ` նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

ա. հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ներկայիս ձեռք բերված արդյունքներն ամրագրելու, զարգացնելու եւ բարեփոխումները շարունակելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու,

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում սահմանված որոշ հասկացություններ հստակեցնելու կամ նոր սահմանումներ տալու,

գ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվների ոլորտում առաջացող հարաբերությունների կանոնակարգման,

դ. տարեկան պետական բյուջեների մասին օրենքների հաստատման վերջին տարիների իրավապրակտիկան «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում ամրագրելու,

ե. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները ներկայումս գործող հարկային օրենսդրությանը համաձայնեցնելու, ինչպես նաեւ

զ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում որոշակի զուտ խմբագրական բնույթի ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությամբ:

2)  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2.1) Տարիներ շարունակ հանրապետությունում ձեւավորված պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հիմքում դրված էին համապատասխան ծրագրի իրականացման համար պահանջվող, հատկացված եւ օգտագործված ռեսուրսների ցուցանիշները (թեեւ վերջին տարիներին դրան զուգահեռ սկսեցին կիրառվել նաեւ մի շարք ոչ ֆինանսական ցուցանիշներ): Նման ցուցանիշները եւ դրանց համադրումները ի վիճակի չեն եղել տալ լիարժեք տեղեկատվություն ինչպես վերլուծողին, այնպես էլ` որոշումներ ընդունող քաղաքական պաշտոնյաներին ծրագրի նպատակների, դրանց հասնելու համար առաջարկվող ուղիների, սպասվելիք արդյունքների եւ ընդհանրապես ծրագրի տնտեսական եւ սոցիալական արդյունավետության մասին: Ուստի եւ, պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման եւ դրա հիման վրա ռազմավարական որոշումների որակը բարելավելու տեսանկյունից անչափ կարեւորվում է պետական գործառույթների իրականացման համար տրամադրվող ֆինանսական (բյուջետային) ռեսուրսների ծախսման ցուցանիշների դիտարկումից ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության եւ ստացվող արդյունքների դիտարկմանն անցում կատարելու խնդրի լուծումը, քանի որ դա հնարավորություն է ընձեռում արդեն այլ դիրքերից քննության առնել պետական մարմինների կողմից ներկայացվող բյուջետային հայտերով առաջարկվող ծրագրերի իրականացման համար պահանջվող որեւէ ծախսատեսակի ֆինանսավորման նպատակով հատկացումների նախատեսման անհրաժեշտության հարցը կամ գնահատել արդեն իսկ հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այսինքն` բյուջետային ծրագրերի կազմման եւ կատարման ժամանակ դրանց ներկայացման ձեւաչափը պետք է արտացոլի ոչ այնքան ծրագրային ծախսերի կառուցվածքն ըստ դրանց տեսակների (աշխատանքի վարձատրություն, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում եւ այլն), որքան այդ ծրագրերի իրականացումից սպասվելիք (ստացված) արդյունքները: Նման մոտեցումների կիրառումը նախատեսող բյուջետավորման մեթոդները ընդհանրացված կրում են «ծրագրային բյուջետավորում» անվանումը:

Վերը նշված խնդրի լուծման շահառուների շրջանակը շատ լայն է եւ ընդգրկում է ինչպես պետությանը (կառավարություն, Ազգային ժողով, այլ մարմիններ, հասարակական եւ այլ կազմակերպություններ, քաղաքացիներ), այնպես էլ` օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին եւ այլն:
Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում իրականացվում են ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման հետ կապված լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ փորձնական ներդրման ծրագրեր` հաշվի առնելով համաշխարհային փորձը եւ տեղական առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ 2012 թվականին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է շարունակել ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումները, որոնց արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ: Դրան համապատասխան աշխատանքների այս ուղղությունն ամրագրվել է որպես առաջնահերթություն եւ արդյունքում տարեցտարի ընդլայնվում են ինչպես ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման շրջանակները, այնպես էլ` այդ գործընթացում բյուջետային ծրագրեր իրականացնող պետական մարմինների ընդգրկվածությունը:

Ուստի, այս ոլորտում արդեն իսկ ձեռքբերված նվաճումները պահպանելու եւ դրանց նոր ընթացք տալու համար վերը նշված գործողությունների տրամաբանական շարունակություն պետք է դառնա ծրագրային բյուջետավորման ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումը, մասնավորապես, օրենքի ուժով ծրագրային բյուջետավորման համակարգը բյուջետային գործընթացի բաղկացուցիչ եւ անբաժանելի մաս դարձնելը: Հակառակ դեպքում, ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումների ընթացքը, չունենալով հստակ իրավական հիմք, պարզապես աստիճանաբար կմարի, ինչը լուրջ խոչընդոտ կհանդիսանա այս ոլորտում համալիր փոփոխությունների համար:

2.2) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում եւ բյուջետային բնագավառին վերաբերող մի շարք այլ իրավական ակտերում կիրառվող հասկացությունների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դրանց մի մասը կարիք ունի սահմանման «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով կամ էլ արդեն իսկ սահմանված լինելով նշված օրենքով` հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, սահմանման կարիք ունեն բյուջետային օրենսդրության մեջ կիրառվող սակայն մինչ օրս սահմանում չստացած «նպատակային բյուջետային մուտքեր», «նպատակային բյուջետային ֆոնդեր», «արտաբյուջետային հաշիվներ», «բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ» եւ մի շարք այլ հասկացությունները: Մյուս կողմից, արդեն իսկ օրենքով տրված հասկացությունների սահմանումներից հստակեցման կարիք ունեն «բյուջետային մուտքեր», «բյուջետային ելքեր», «բյուջետային եկամուտներ», «բյուջետային ծախսեր» եւ «բյուջետային հատկացումներ» հասկացությունների սահմանումները` դրանք ավելի ընդգրկուն, օրենքի այլ դրույթներին կամ գործող իրավապրակտիկային համապատասխանող դարձնելու համար:

2.3) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում ներկայացված բյուջետային համակարգի հիմքում դրված բյուջեների մուտքերի եւ ելքերի արտացոլման լրիվության սկզբունքի համաձայն բյուջեների մուտքերը եւ ելքերը պարտադիր կարգով եւ ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեում:  Միաժամանակ, նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն պետական հիմնարկները կարող են ՀՀ կառավարության որոշմամբ գանձապետարանում կամ որեւէ բանկում բացել արտաբյուջետային հաշիվներ: Հաշվի առնելով նշված հանգամանքը եւ հիմք ընդունելով վերը նշված սկզբունքը` սկսած 2006 թվականից յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բացված արտաբյուջետային հաշիվների միջոցների շրջանառությունն իրականացվում է, եւ այդ հաշիվների մուտքերի եւ ելքերի նախահաշվային ցուցանիշները, ինչպես նաեւ փաստացի ցուցանիշները, արտացոլվում են պետական բյուջեի կատարման հաշվետվություններում` որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ ելքեր` կառավարության սահմանած կարգով: Սակայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը չի պարունակում որեւէ դրույթ, որը հստակորեն կկարգավորի այդ արտաբյուջետային հաշիվների մուտքերի եւ ելքերի համապատասխան բյուջեին պատկանելիության եւ դրանում արտացոլման հարցերը:

2.4) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը սահմանում է պետական բյուջեի կատարման բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորման բավականին խիստ սահմանափակող դրույթներ, որոնք, անշուշտ, բյուջետային կարգապահության պահպանման կարեւորագույն գրավականներից են: Սակայն, բյուջեների կառավարման ոլորտում անցած տարիների արդյունքներով ձեռքբերված փորձը եւ ձեւավորված իրավապրակտիկան վկայում են այն մասին, որ պետական բյուջեի կատարման գործընթացի արդյունավետության բարձրացման համար առանձին դեպքերում նպատակահարմար է ընդլայնել` ողջամիտ սահմաններում, կառավարության իրավասությունները պետական բյուջեի կատարման գործընթացի կառավարման բնագավառում, մասնավորապես, պետական բյուջեով նախատեսվող ծրագրերի գծով ներծրագրային հոդվածային վերաբաշխումներ իրականացնելու, պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու, պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի ծրագրային ցուցանիշների փոփոխության եւ այլ հարցերում:

2.5) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները ներկայումս ենթակա են համապատասխանեցման գործող հարկային օրենսդրությանը:

2.6) օրենքի որոշ դրույթներում, դրանք ավելի պարզ եւ հստակ դարձնելու համար, խմբագրական բնույթի ճշգրտումների անհրաժեշտություն կա:

3) Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Թեեւ նախագծերի փաթեթը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, փաթեթի ընդունումը իրավական հիմքեր կստեղծի այդ քաղաքականության խորացման եւ զարգացման համար:

4) Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակը ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ սահմանադրության դրույթների իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումն է` այդ միջոցների օգտագործման հասցեագրվածության, նպատակայնության, հրապարակայնության, հաշվետվողականության բարելավման, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող միջոցների եւ դրանց հաշվին կատարվող ծախսումների համապատասխան բյուջեներում ամբողջական արտացոլման շնորհիվ: Նախագծերի փաթեթը նպատակ ունի նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում ամրագրել բյուջեների հաստատման ոլորտում նախորդ տարիների իրավապրակտիկան, ինչպես նաեւ արդիականացնել օրենքով արդեն իսկ տրված սահմանումներն ու հասկացությունները եւ առանձին այլ դրույթներ` դրանց հստակեցման եւ լրացման կամ զուտ խմբագրական ճշգրտման շնորհիվ, բյուջետային օրենսդրությունն առավել ամբողջական, ընկալելի եւ կիրառելի դարձնելու համար:
Վերը նշված նպատակներին հասնելու համար նախագծերի փաթեթում զետեղված պահանջների ամրագրումը օրենքով մի կողմից պարտադիր է դարձնում դրանց կատարումը կառավարության համար, իսկ մյուս կողմից հիմքեր է ստեղծում այդ ուղղությամբ կառավարության կողմից առաջիկայում հետեւողական քայլեր իրականացնելու համար:
Մասնավորապես, վերը նշված նպատակներին հասնելու նկատառումով նախագծերի փաթեթով առաջարկվում են հիմնական հետեւյալ քայլերը (նպատակին հասնելու ձեւերը)`

4.1) Ծրագրային բյուջետավորման ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու, մասնավորապես, օրենքի ուժով ծրագրային բյուջետավորման համակարգը բյուջետային գործընթացի բաղկացուցիչ եւ անբաժանելի մաս դարձնելու խնդիրը, նկատի ունենալով ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման գործընթացի իրականացման բարդությունը, կարող է իր լուծումն ստանալ աստիճանաբար իրականացվող քայլերի միջոցով: Ուստի, նշված խնդրի լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է.
ա. որպես առաջին քայլ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվող տվյալ տարվա պետական բյուջեի նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող ՀՀ կառավարության բյուջետային ուղերձը լրացնել կառուցվածքային նոր մասով` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթով եւ

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 6.1 գլխով, որում տրվում են ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի վերոհիշյալ նոր մասում բյուջետային ելքերի ներկայացման ծրագրային ձեւաչափի հիմքում դրվող դրույթները: Մասնավորապես, այդ նոր գլխով առաջարկվում է սահմանել.

(i) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթի կառուցվածքը,

(ii) ծրագրերի իրագործման քաղաքականության միջոցառումների տեսակները, բյուջետային ելքերի եւ ծախսերի ըստ ծրագրերի քաղաքականության միջոցառումների դասակարգումը,

(iii) որ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթուղթը հաստատում եւ հրապարակում է ՀՀ կառավարությունը` նույն տարվա պետական բյուջեի կատարման համամասնությունների սահմանման համար օրենքով նշված նույն ժամանակահատվածներում, ինչպես նաեւ այն, որ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներառում է տեղեկություններ հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթով նախատեսված արդյունքների կատարման վերաբերյալ:

Դրա հետ մեկտեղ, նախագծով սահմանվում են ծրագրային բյուջետավորման գործընթացում կիրառվող մի շարք հասկացություններ (ծրագիր, ծրագրի քաղաքականության միջոցառում, վերջնական արդյունքներ, տրանսֆերտներ):

4.2) արտաբյուջետային հաշիվների բացման բնագավառում պարզություն մտցնելու, հաշիվների միջոցների շրջանառության եւ արտացոլման հարցերն օրենքով հստակորեն կարգավորելու նպատակով նախագծերի փաթեթով առաջարկվում է` բյուջետային գործառնությունների (բյուջեի կատարման) հետ ուղղակի առնչություն ունեցող արտաբյուջետային հաշիվների համապատասխան մուտքերի եւ ելքերի բյուջեներում արտացոլման պահանջն ամրագրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով` վերջինումս «արտաբյուջետային հաշիվներ» հասկացությունը, ինչպես նաեւ արտաբյուջետային հաշիվների եւ բյուջեների միջեւ ուղղակի կապը հաստատող դրույթներ սահմանելու ճանապարհով: Այդ նպատակով առաջարկվում է օրենքով սահմանել ինչ նպատակների համար են նախատեսվում եւ բացվում արտաբյուջետային հաշիվները եւ, մասնավորապես, ամրագրել, որ արտաբյուջետային հաշիվները նախատեսվում են նաեւ առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի եւ դրանց հաշվին կատարվող ելքերի կատարման եւ առանձնացված հաշվառման համար: Ընդ որում, առաջարկվում է օրենքով ամրագրել, որ նպատակային բյուջետային մուտքերը եւ դրանց հաշվին կատարվող ելքերը (ներառյալ նպատակային բյուջետային ֆոնդերինը)` դասվում են բյուջետային մուտքերին եւ ելքերին, ինչպես նաեւ սահմանել, որ

(i) այդ մուտքերը եւ ելքերը տարվա ընթացքում ենթակա են ներառման բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը եւ բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ են դեպքերը, երբ նպատակային բյուջետային մուտքերի եւ դրանց հաշվին կատարվող ելքերի առանձնացված հաշվառման համար արտաբյուջետային հաշիվները բացվում են բյուջետային տարվա ընթացքում եւ այդ իսկ պատճառով դրանց մուտքերը եւ ելքերը հաստատված բյուջեով նախատեսված չեն լինում: Ընդ որում, պետական եւ համայնքային հիմնարկների համար նման նպատակով բացված արտաբյուջետային հաշիվների մուտքերը եւ ելքերը պետական կամ համայնքի բյուջեում ներառվում են` համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ (իսկ համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձեւավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի որոշմամբ),

(ii) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որեւէ բանկում համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրված դրամական միջոցներն այդ անձանց պահանջով կարող են տեղադրվել միայն, եթե դրանք կարելի է դասակարգել որպես համայնքի բյուջեի նպատակային մուտքեր,

(iii) բյուջեի կատարման հետ ուղղակի առնչություն չունեցող գործառնությունների իրականացման նպատակով նախատեսված արտաբյուջետային հաշիվների մուտքերը եւ ելքերը պետական եւ համայնքների բյուջեներում եւ դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:

Որպես վերը նշվածի տրամաբանական շարունակություն, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակեցնել գանձապետարանի կողմից վարվող գանձապետական միասնական հաշվի ենթահաշվի կազմը, պետական համայնքային մարմինների եւ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող ենթահաշիվների տեսակները):

4.3) անցած տարիների արդյունքներով պետական բյուջեի կառավարման ոլորտում կուտակված փորձից եւ պետական բյուջեի կատարման գործընթացի արդյունավետության բարձրացման համար կառավարության իրավասությունները այդ բնագավառում ողջամիտ սահմաններում ընդլայնելու ուղղությամբ ձեւավորված իրավապրակտիկայից ելնելով առաջարկվում է`

ա. վերացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի կողմից կառավարության սահմանած կարգով այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ հատկացումների ներքին վերաբաշխումների չափին վերաբերող սահմանափակումը (15%): Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ սկսած 2003 թվականից յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով կառավարությանը թույլ է տրվել բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով բյուջեում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, փոփոխել վերջինիս բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների` առանց սահմանափակումների: Բացի այդ, հարկ է նշել նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմամբ քայլ է արվում պետական բյուջեի նախագծի քննարկման, պետական բյուջեի կատարման եւ վերջինիս վերահսկման գործընթացում շեշտը ծախսերի հոդվածային բաշխվածությունից դրանց կատարմամբ պայմանավորված արդյունքների վրա աստիճանաբար տեղափոխելու ուղղությամբ: Առաջարկվող քայլը հնարավորություն կընձեռի ծրագրերի կատարման բնագավառում դրանց կատարողների գործողությունների արդյունավետության բարձրացման համար արդեն իսկ տարիներ շարունակ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվող ազատության մակարդակն ամրագրել ինստիտուցիալ ձեւով:

բ. թույլատրել կառավարությանը, անհրաժեշտության դեպքում, չգերազանցելով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով պետական բյուջեի դեֆիցիտի հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաեւ վերջիններիս առանձին տարրերի միջեւ դրանց գծով տվյալ տարվա համար նախատեսված հատկացումները, եւ (կամ) տվյալ տարվա պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կազմում կատարել դրանց ընդհանուր զուտ գումարի ավելացմանը չհանգեցնող այլ հավասարակշռված փոփոխություններ եւ (կամ) լրացումներ, նկատի ունենալով, որ նշվածն արդեն իսկ թույլ է տրվել կառավարությանը սկսած 2006 թվականից, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Նշվածը հնարավորություն է տվել կառավարությանը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կարգով արձագանքել դեֆիցիտի ֆինանսավորման բնագավառում առաջացող խնդիրներին` դրանով իսկ թույլ չտալով պետական բյուջեով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման խաթարմանը.

գ. սահմանել, որ պետական բյուջեում փոփոխությունները եւ լրացումները (մասնավորապես պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի գումարների փոփոխությունները) կարող են կատարվել ոչ միայն օրենքով, այն նաեւ կառավարության կողմից` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված առանձին դեպքերում կառավարությանը տրված լիազորությունների սահմաններում, քանի որ, սկսած 2006 թվականից, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով կառավարությանն արդեն թույլ է տրվել պետական բյուջեն հաստատելուց հետո վավերացված կամ հաստատված եւ այդ պատճառով պետական բյուջեում չնախատեսված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաեւ արտաբյուջետային հաշիվների գծով մուտքերի եւ ելքերի գումարները ներառել տվյալ տարվա պետական բյուջեում` այդ գումարների չափով փոփոխելով հաստատված պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի գումարները:

4.4) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները ներկայումս գործող հարկային օրենսդրությանը համաձայնեցնելու նպատակով առաջարկվում է`

ա. «Պարզեցված հարկի մասին» եւ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյուհանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքները համապատասխանաբար 2009 թվականի հունվարի 1-ից եւ 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու եւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում  2011 թվականի նոյեմբերի 28-ին կատարված փոփոխությունը 2012 թվականի հունվարի 1-ից եւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը 2010 թվականի հունվարի 30-ից ուժի մեջ  մտնելու հանգամանքով պայմանավորված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանվող պետական բյուջեի հարկային եկամուտների աղբյուրների

- կազմից հանել պարզեցված հարկը, ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի, ինչպես նաեւ ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճարը, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները (ռոյալթիները հանդիսանում են հարկային եկամուտների աղբյուրների կազմում արդեն իսկ ներկայացված բնօգտագործման վճարի տեսակ եւ հետեւաբար հարկային եկամուտների կազմում դրանք առանձնացված ներկայացնելու անհրաժեշտություն չկա),

- կազմում լրացնել արտոնագրային վճարները,

բ. «Բենզինի եւ դիզվառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը 2011 թվականի հունվարի 1-ից ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որում հղում է կատարվում ներմուծվող բենզինի եւ դիզվառելիքի գծով հաստատագրված վճարների վրա:

4.5) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում սահմանված որոշ գործընթացներ գործող իրավապրակտիկային համապատասխանեցնելու, առանձին հասկացությունները հստակեցնելու կամ նոր սահմանումներ տալու նպատակով առաջարկվում է`

ա. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանել տվյալ օրենքում եւ այլ իրավական փաստաթղթերում կիրառվող սակայն բյուջետային օրենսդրության մեջ չսահմանված «նպատակային բյուջետային մուտքեր», «նպատակային բյուջետային ֆոնդեր», «արտաբյուջետային հաշիվներ», «բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ», «բյուջեն հաստատող իրավական ակտ», «փոխառու միջոցներ», «ոչ ֆինանսական ակտիվներ» եւ «ֆինանսական ակտիվներ» հասկացությունները, ինչպես նաեւ գործող բյուջետային դասակարգմանը եւ վերը նշված նոր մտցվող սահմանումներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված հստակեցնել «Բյուջետային մուտքեր», «բյուջետային ելքեր», «բյուջետային եկամուտներ», «բյուջետային ծախսեր» եւ «բյուջետային հատկացումներ» հասկացությունների օրենքով արդեն իսկ տրված սահմանումները,

բ. համապատասխանեցնել իրողությանը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված այն դրույթը, համաձայն որի Կառավարության բյուջետային ուղերձը, անհրաժեշտության դեպքում, ներառում է առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը: Վերը նշված օրենքների նախագծերը, բյուջետային ուղերձի կառուցվածքային մաս հանդես գալու դեպքում, չեն կարող քվեարկության դրվել Ազգային ժողովում, քանի որ բյուջետային ուղերձը չի դրվում քվեարկության եւ հետեւաբար դրանք պետք է ներկայացվեն առանձին: Այդ կապակցությամբ առաջարկվում է օրենքից հանել վերը նշված դրույթը` միաժամանակ օրենքով սահմանելով, որ եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունը ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչեւ պետական բյուջեի նախագծի ներկայացումը.

գ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով եւ 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները համանման դարձնելու նպատակով սահմանել, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել ոչ միայն տվյալ տարվա պետական բյուջեով չկանխատեսված ելքերի ֆինանսավորման այլ նաեւ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար, սակայն պետական բյուջեի դեպքում պահուստային ֆոնդի օգտագործման ուղղությունները սահմանափակվում են միայն տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի ֆինանսավորմամբ):

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակի իրագործման վերը նշված ձեւրը հնարավոր է ապահովել միայն գործող օրենսդրության բարելավման եղանակով եւ դրա փոխարեն նպատակի իրագործումն որեւէ այլընտրանքային ձեւով (օրինակ` հանրային իրազեկում, գործող օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացում, իրավական ակտերի կասեցում, ֆինանսավորման ավելացում կամ «ոչինչ չանել») տվյալ դեպքում կիրառելի չէ:

5) Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի փաթեթի նախագծմանը ներգրավված է եղել ՀՀ ֆինանսների նախարարությունը:
6) Ակնկալվող արդյունքը

Բյուջեների կազմման եւ կատարման գործընթացների կատարելագործմանը եւ արդյունավետության բարձրացմանը նպաստող բարելավված իրավական դաշտի առկայություն:

7) Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

ՀՀ Ազգային Ժողովում օրենքների նախագծերի փաթեթների ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

8) Հանրային քննարկում

Նախագծերի փաթեթը սահմանված կարգով դրվել է հանրային քննարկման, սակայն փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ստացվել: