Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի «դ» կետի, 4.1-րդ գլխի վերնագրի, 24.1-րդ եւ 24.2-րդ հոդվածների վերնագրերի եւ տեքստերի «Զոհված`» բառից հետո «Հայաստանի» բառը հանել:
Հոդված 2. Օրենքի 24.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ազգային հերոս կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրի պատճենը.».
2) 4-րդ մասի 1-ին կետում «հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բառերը փոխարինել «հետմահու ազգային հերոս» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության հավասար պայմաններ սահմանել Արցախյան ազատամարտում զոհված` ազգային հերոսների, ինչպես նաեւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների համար:
Նախագծով նախատեսված շահառուների շրջանակի ընդլայնումը կհանգենցնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության:
Այսպես, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած 6 անձանց ընտանիքներից 2-ը նաեւ Հայաստանի ազգային հերոս են, իսկ 1-ը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրվել են 90 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից 26-ը պարգեւատրվել են Հայաստանի Նախագահի հրամանագրով, եւ նրանց ընտանիքներն արդեն իսկ ստանում են /կարող են ստանալ/ զոհված` Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրված ամձի ընտանիքի նպաստ:
Այսպիսով` «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրված անձի ընտանիքի նպաստ» ծրագրից լրացուցիչ կօգտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 65 ընտանիք, որից 1-ը` Արցախի հերոսի, 5-ը` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով, իսկ 59-ը` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրվածի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգրատրված անձանց ընտանիքների նպաստի վճարման համար տարեկան լրացուցիչ կպահանջվի 83,8 մլն դրամ /նպաստի 2012 թվականի համար սահմանված չափով հաշվելու դեպքում` ներառյալ վճարման ծառայության ձեռքբերումը/:
Բացի այդ, առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրված անձի ընտանիքի նպաստ» ծրագրից լրացուցիչ կարող են օգտվել ոչ միայն ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված 65 Հայաստանի Հանրապետության քաղքացիների ընտանիքները, այլ նաեւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղքացի համարվող, զոհված` Արցախի հերոսի` 4 եւ մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց` 311 ընտանիքները: