Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի 45-րդ հոդվածը լրացնել 3.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«3.1 ««Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման մասին
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 02/11.3/48355-2019 հանձնարարականից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման, պետության կայունության, առաջընթացի եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժեւորմամբ:
Անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով եւ սոցիալական երաշխքիների ոչ բավարար աջակցությամբ էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը:
Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 եւ ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ եւ հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է: 2017թ-ի տվյալներով ՀՀ-ում ծնված 6-րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը եւ երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը:
Սույն նախագծի ընդունման դեպքում առաջարկվում է սահմանել 6 եւ ավելի երեխա ունեցող եւ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ առաջընթացի գործում:
«Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողների (ընտանիքների) թիվը ինն է: Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ. դրամ (9x40000x12)` 9 ընտանիքի տրամադրելու համար:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեյում կավելանա 4.320.0 հազ.դրամ ծախս:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1861- Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 20
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2020 թվականի N 20 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հունվարի 9
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1861-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ