Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 02-ի ՀՕ-267 օրենքի 1-ին հոդվածը «գերիները» բառից հետո լրացնել «, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների եւ ստացած վնասվածքների հետեւանքով:» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
1.Անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու եւ ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Մասնավորապես, սույն օրինագծի ընդունումը բխում է «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» ԱՊՀ երկրների միջեւ 1994թ. ապրիլի 15-ին կնքված միջպետական համաձայնագրի դրույթներից /հավելված 1,
2.3. կետ/, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ են համարվում նաեւ նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների եւ ստացած վնասվածքների հետեւանքով:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նշված խմբին պատկանող անձանց բազմաթիվ դիմում-բողոքներին դատարաններ /այդ թվում` նաեւ Սահմանադրական դատարան/ լուծում տալու հանգամանքով:
2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավական եւ սոցիալական պաշտպանության հարցերը կանոնակարգվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով: Համաձայն նշված օրենքի 2-րդ հոդվածի, Հայրենական մեծ պատերազմի վետերան են համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Նույն օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը: «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց /այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցած, Խորհրդային բանակում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի եւ պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս եւ այլն/ սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները, նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից եւ սոցիալական երաշխիքներից: Նշված կատեգորիաներին պատկանող անձինք չեն օգտվում միայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար սահմանված ամենամսյա պատվովճարից, որն ի դեպ, ոչ մի համաձայնագրով նախատեսված չէ:
Խնդիր կա բոլոր վերը նշված անձանց կարգավիճակները հստակեցնելու, նրանց սոցիալական եւ իրավական պաշտպանության հարցերը մեկ իրավական ակտում ամրագրելու եւ ՀՀ գործող օրենսդրությունը ԱՊՀ համաձայնագրերին համապատասխանեցնելու:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ ներքին գործերի եւ պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի անձանց թիվը, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, հանրապետությունում փոքր է /ըստ ՀՀ ոտիկանության` ընդամենը 20 մարդ/, նպատակահարմար է առաջնահերթ օրենսդրական փոփոխությունը կատարել այս կատեգորիայի մասով, հետագայում աստիճանաբար ընդգրկելով նաեւ միջպետական համաձայնագրերում ամրագրված մյուս կատեգորիաներին:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանությունը մշտապես գտնվում է պետության եւ կառավարության ուշադրության ներքո: Ոլորտի քաղաքականությունն ուղղված է վետերանների եւ արտոնություններով նրանց հավասարեցված մյուս անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, նրանց` Հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի գնահատմանն ու կյանքի որակի բարձրացմանը:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական հարցերը կանոնակարգվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի միջազգային պայմանագրերով եւ ՀՀ Կառավարության որոշումներով:
Համաձայն գործող օրենսդրության, Հայրենական մեծ պատերազմի վետերաններն օգտվում են`
- մասնակիցները 8000, իսկ հաշմանդամ վետերանները 18000-27000դրամ /ս.թ. սեպտեմբերի 1ից/` կախված հաշմանդամության խմբից, ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքից` նախկինում ունեցած տրանսպորտային անվճար սպասարկման, էլէկտրաէներգիայի, գազի, ջերմամատակարարման, ջրամատակարարման եւ ջրահեռացման վարձավճարների 50 տոկոս զեղչի դիմաց,
- հաշմանդամ վետերանները` աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու,
- ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ /կտրոնով, երկկողմանի կարգով/ արտոնյալ պայմաններով երթեւեկելու,
- պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ ստանալու,
- 25000 դրամ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունքից /ս.թ.սեպտեմբերի 1-ից/:
Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվել է նաեւ քաղաքային տրանսպորտից անվճար երթեւեկելու արտոնություն:
Միաժամանակ, օրենսդրական դաշտը կատարելագործելու նպատակով, նախարարությունը նախատեսել է մշակել «Վետերանների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում կհստակեցվի ինչպես վետերանների տարբեր խմբերի /պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի/ կարգավիճակները եւ որոշ հասկացություններ, այնպես էլ կմեկտեղի վետերաններին տրամադրվող սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները: Նախագծի նախնական տարբերակը 2010թ. պատրաստ էր, այն քննարկվել էր նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբում, ուղարկվել է նաեւ ՀՀ պատերազմի, աշխատանքի եւ զինված ուժերի վետերանների խորհուրդ` կարծիքի, անհրաժեշտություն կա կազմակերպել լրացուցիչ քննարկումներ տարբեր շահագրգիռ կազմակերպությունների եւ անձանց հետ` մինչ պաշտոնական շրջանառության մեջ դնելը: Պետք է նշել նաեւ, որ նոր օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջեում կառաջացնի լրացուցիչ խոշոր ծախս` ավելի քան 500 մլն դրամի, այդ պատճառով էլ աշխատանքային խումբը նպատակահարմար չգտավ առաջիկա մեկ-երկու տարին այն ներկայացնել ՀՀ Կառավարություն, այդ իսկ պատճառով էլ որոշվեց գործող օրենքում կատարել փոփոխություն, իսկ նոր օրենքի նախագծի ներկայացումը հետաձգել /այն ՀՀ Կառավարության գործունեության ծրագրում ընդգրկված չէ ոչ 2011 եւ ոչ էլ 2012թվականներին/:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված լրացումը կատարելու արդյունքում նախկին ԽՍՀՄ ՆԳ եւ պետական անվտանգության մարմինների շարքային եւ սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն ՀՄՊ հաշմանդամ եւ կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, մասնավորապես` կունենան ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք /մյուս արտոնություններից այսօր էլ են օգտվում/:
Այս նախագծի ընդունմամբ, խնդիրը լուծվում է մասնակիորեն, կամ` փուլային տարբերակով: Հարցի կարգավորման նպատակը մի փոքր խմբի սոցիալական վիճակի բարելավումն է, որը ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման առաջին փուլն է, այնուհետեւ` առաջիկա տարիների ընթացքում, օրենքում աստիճանաբար կընդգրկվեն նաեւ մյուս կատեգորիաներին պատկանող անձինք, մինչեւ նոր օրենքի ընդունումը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է նախարարության աշխատակազմի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունը:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում նախկին ՆԳ մարմինների շարքային եւ սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն ՀՄՊ վետերան եւ կստանան ամենամսյա պատվովճար /մյուս արտոնություններից այսօր էլ են օգտվում/, ինչը մասամբ կբարելավի նրանց սոցիալական վիճակը: Այդ անձանց թիվը Հայաստանի Հանրապետությունում 20 է: