ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀO-297 oրենքի (այսուհետ` օրենք)` 3-րդ հոդվածի`
1. 1-ին մասի 3-րդ կետում «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերը.
2. 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել նոր «4.1-րդ» կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.».
3. 1-ին մասի 20-րդ կետում «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի`
1. 1-ին մասում «Բուհական» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության)» բառերը, իսկ «ուսանողներն» բառը փոխարինել «ուսանողները (կուրսնատները, ունկնդիրները)» բառերով.
2. 4-րդ մասում «Ուսանողներն» բառը փոխարինել «Ուսանողները (կուրսնատները, ունկնդիրները)» բառերով.
3. 5-րդ մասի առաջին նախադասությունում.
1) «ռեկտոր,» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ,» բառերը.
2) «ղեկավար» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ» բառերը.
3) «վարիչ» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ)» բառերը.
4. 8-րդ մասից հետո լրացնել նոր 8.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկու-թյունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 37-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.
«Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-րդ, 7-րդ, 10-րդ եւ 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 105-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք են հանդիսացել ռազմակրթական համակարգի բարեփոխումները եւ ռազմական կրթության չափորոշիչների, ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությունը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմաուսումնական հաստատությունները չունեն իրավական կարգավիճակ, հանդիսանալով զորամասեր իրականացնում են կրթական գործունեություն, ինչն օրենսդրորեն կարգավորված չէ: Միաժամանակ ռազմական կրթությունն իրականացվում է առանց հստակ կրթական չափորոշիչների սահմանման, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ապահովել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների եւ ունկնդիրների ուսումնառության բովանդակության պարտադիր նվազագույնի, ուսումնական գործընթացի առավելագույն ծավալի եւ շրջանավարտ սպաներին ներկայացվող որակական պահանջները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2012թ. «ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը եւ սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 9 արձանագրային որոշմամբ նախատեսվել է ռազմական կրթության ինտեգրումը ընդհանուր կրթական համակարգին, ռազմական ուսուցման գործընթացի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, քայլեր են ձեռնարկվում զինվորական ծառայության յուրաքանչյուր կազմի ուսուցման համար հստակ կրթական չափորոշիչների եւ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է պետական կրթական չափորոշիչներում ներառել ռազմական կրթական ծրագրերը, սահմանվում է ռազմաուսումնական հաստատության հասկացությունը, կարգավիճակը, ռազմաուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրի մակարդակը, ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների շրջանակը, կրթության գործընթացի ապահովման շրջանակներում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի համագործակցության ուղղությունները կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի հետ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության, իրավաբանական վարչությունների կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են`
Մհեր Շիրինյան,
Ալբերտ Հակոբյան,
Սասուն Սիմոնյան
6. Ակնկալվող արդյունքը
Ռազմական կրթական չափորոշիչների եւ ռազմական կրթական ծրագրերի սահմանման, ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակի հստակեցման միջոցով ապահովել ՀՀ ռազմական կրթության զարգացումը, դրա համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, բարձրացնել բոլոր կազմերի զինծառայողների կրթության որակը եւ մասնագիտական պատրաստվածության մակարդակը:
Օրենքի նախագծի ընդունումը
7. Այլ տեղեկություններ չկան: