ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ կետով.
«5.1) զուգորդված խոշտանգմամբ,»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 118-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 118. Ծեծը եւ այլ բռնի գործողությունները
1. Ծեծելը կամ բռնի արարքներ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Ծեծելը կամ դիտավորյալ կերպով անձին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է սույն օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված նպատակներով կամ պատճառով, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքները`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հաuարակական պարտքի կատարման հետ,
3) անչափահաuի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպեu նաեւ առեւանգված կամ որպեu պատանդ վերցված անձի նկատմամբ,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) առանձին դաժանությամբ,
7) ազգային, ռաuայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով`
պատժվում է ազատազրկմամբ` իննից տասնհինգ տարի ժամկետով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 119. Խոշտանգումը
1. Խոշտանգումը` ցանկացած այնպիսի արարք, որով հանրային ծառայողը կամ նրա հրամանով, կարգադրությամբ կամ հանձնարարությամբ հանդես եկող անձը` կապված իրենց լիազորությունների իրականացման հետ, դիտավորյալ կերպով անձին պատճառում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն ստանալու, կամ նրա կամ երրորդ անձի կողմից կատարված արարքի կամ դրա կատարման մեջ կասկածվելու համար նրան պատժելու, կամ նրան կամ երրորդ անձին ահաբեկելու կամ որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով,
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) առանձին դաժանությամբ,
7) անզգուշությամբ տուժողի մահ առաջացնելով`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 341-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 341. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը
1. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիքով կամ այլ ապoրինի գործողություններով` վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաuտանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաեւ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը`
պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց պատիվը եւ արժանապատվությունը նսեմացնելով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»։
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Անհրաժեշտությունը:
Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ամրագրված խոշտանգման հանցակազմը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, մասնավորապես ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) դրույթներին:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) խոշտանգմանը նվիրված է 119-րդ հոդվածը: Այդ հոդվածով խոշտանգմանը տրված է ակնհայտ թերի բնորոշում, մասնավորապես հիմք է ընդունվել Կոնվենցիայով ամրագրված սոսկ այն դրույթը, որ խոշտանգումը անձին դիտավորյալ կերպով ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելն է: Հոդվածում բացարձակապես բացակայում է որեւէ դրույթ` արարքի շարժառիթների, նպատակների եւ հանցակազմի հատուկ սուբյեկտի վերաբերյալ:
Խոշտանգման առանձին հանցակազմեր նախատեսված են Օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում, ինչը տրամաբանական կլիներ ու հիմնավորված կլիներ, եթե նվազագույնը պահպանվեին անձի իրավունքների գերակայության, արդարության եւ պատասխանատվության անհատականացման վերաբերյալ քրեական օրենսդրության սկզբունքները: Այսպես, խոշտանգման առանձին հանցակազմ է նախատեսված Օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 390-րդ հոդվածի 1-ին մասով եւ 392-րդ հոդվածով: Խոշտանգման վերաբերյալ միասնական եւ սպառիչ բնորոշման բացակայության պարագայում կարելի է պնդել, որ այդ արարքի հատկանիշներ ամրագրված են նաեւ Օրենսգրքի 309-րդ, 375-րդ հոդվածներով:
Առավել խոցելի է նախատեսված սանկցիան: Այսպես, ըստ 119-րդ հոդվածի 1-ին մասի խոշտանգման համար նախատեսված է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում, իսկ 341-րդ հոդվածի 3-րդ մասով` վեցից տասներկու տարի ժամկետով եւ այլն: Այն, որ այդ սանկցիան համարժեք չէ արարքի հանրային վտանգավորությանը եւ միջազգային փորձին, հիմնավորվում է մի քանի փաստարկներով`
ա) մեկ մասնավոր օրինակ. խոշտանգման արդյունքում ծանր հետեւանք պատճառելը` գործող օրենսդրությամբ կարող է ընդգրկել նաեւ սպանելը, ինչի արդյունքում ստացվում է, որ այդ եղանակով սպանությունը չի համարվում որակյալ,
բ) որպես կանոն, խոշտանգման համար Կոնվենցիային մասնակից պետությունները սահմանում են առավել խիստ պատժաչափեր: Այսպես, Ռումինիայի քրեական օրենսգրքով նախատեսված է այդ արարքի հասարակ տեսակի համար` 2-ից 7 տարի ժամկետով ազատազրկում, Վրաստանի քրեական օրենսգրքով` 7-ից 10 տարի ժամկետով ազատազրկում, Սլովակիայի քրեական օրենսգրքով` 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում, Սերբիայի եւ Մոնտենեգրոյի Հանրապետության քրեական օրենսգրքերով` 1-ից 8 տարի ժամկետով ազատազրկում եւ այլն:
Կոնվենցիայի դրույթները եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների[1]` խոշտանգման արարքի հատկանիշների եւ պատժելիության վերաբերյալ: Կոնվենցիայի 1-ին հոդվածի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների վերլուծությունը միանշանակ ցույց է տալիս, որ խոշտանգումը ներկայացվում է, որպես հանցավոր այնպիսի արարք, որը համապատասխանում է հետեւյալ հատկանիշներին`
ա) խոշտանգմամբ պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք,
բ) արարքը կատարվում է դիտավորությամբ,
գ) արարքի շարժառիթներն են` անմիջապես տուժողից կամ երրորդ անձից տեղեկություններ եւ խոստովանություն ստանալը, կամ տուժողին այն գործողության համար պատժելը, որի կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ տուժողին կամ երրորդ անձին վախեցնելը կամ հարկադրելը, կամ խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառը,
դ) արարքի սուբյեկտ է պետական պաշտոնյան կամ որպես այդպիսին հանդես եկող այլ անձ, կամ պետական պաշտոնյայի դրդմամբ, կամ թույլտվությամբ կամ լռելյայն համաձայնությամբ հանդես եկող այլ անձ:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջադրվող լուծումները եւ դրանց հիմնավորումները: Նախ, առաջարկվել է Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5.1-րդ կետով, ինչի արդյունքում այսուհետ խոշտանգմամբ զուգորդված սպանությունը եւս կգնահատվի, որպես որակյալ սպանություն: Ընդ որում, սպանությունը որակյալ դարձնող հատկանիշներից որեւէ մեկը չի կարող մեկնաբանվել, որպես խոշտանգում: Այսպես, առանձին դաժանությամբ սպանությունը կատարելը բացառապես վերաբերում է եղանակին, սակայն անտեսվում են այն շարժառիթները, որոնք բնորոշ են խոշտանգմանը: Բացի այդ, խոշտանգումը կարող է կատարվել նաեւ առանց առանձին դաժանության:
Վերանայվել է Օրենսգրքի 118-րդ հոդվածը, որպեսզի խոշտանգման եղանակով արարքներ կատարելը համապատասխան պատասխանատվություն առաջացնի նաեւ մասնավոր անձանց համար, բայց արդեն սահմանազատվեն խոշտանգումից, քանի որ վերջինիս հատկանիշները ավելի ընդգրկուն են:
Խոշտանգման վերաբերյալ 119-րդ հոդվածը ամբողջովին ներկայացվել է նոր խմբագրությամբ: Ընդ որում, դա արվել է այն նկատառումով, որ, թեպետ հանցակազմի սուբյեկտը հատուկ է` հանրային ծառայող, սակայն արարքի հիմնական օբյեկտը անձի կյանքն ու առողջությունն է, պատիվն ու արժանապատվությունը, որոնք գերակայում է քրեական օրենսդրությամբ պաշտպանվող մյուս շահերին:
Միաժամանակ, առաջարկվել է վերանայել Օրենսգրքի 341-րդ հոդվածը, որով ամրագրված է խոշտանգման առանձին տեսակ, որի համար սանկցիան առավել խիստ սահմանելը պայմանավորված է արդարադատության, որպես առանձնահատուկ պաշտպանվող օբյեկտով:
Օրենսգրքի 119-րդ հոդվածով խոշտանգմանը տրված է այնպիսի բնորոշում, որը միաժամանակ համապատասխանում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին եւ համահունչ է Օրենսգրքի իրավակիրառական լուծումներին եւ ընտրված հասկացություններին: Այսինքն, նախապատվությունը տրվել է ոչ թե Կոնվենցիայում ամրագրված, այլ` դրանց ճշգրիտ համարժեքը կազմող իրավական հասկացություններին, ինչն ապահովում է առավել կանխատեսելի եւ որոշակի իրավակիրառ պրակտիկա եւ համապատասխանում է ?Իրավական ակտերի մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքի այն պահանջներին, ըստ որոնց միեւնույն իմաստն ունեցող հասկացությունները պետք է ամրագրվեն միեւնույն տերմիններով:
Սանկցիաներն ընտրված են այնպես, որպեսզի ապահովվի ներքին համամասնություն, համահունչ լինի Կոնվենցիայի պահանջներին եւ միջազգային փորձին:
Օրենսգրքի 390-րդ եւ 392-րդ հոդվածներին անդրադարձ չի արվել, որովհետեւ այդ հոդվածներում ամրագրված է խոշտանգման միանգամայն ինքնուրույն տեսակ, ուստի կարիք չկա այն ներառել ընդհանուր կարգավորման մեջ: Մասնավորապես, խոսքը զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, ինչպես նաեւ` մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին է: Ընդ որում, դրանով չի խախտվում անձի իրավունքների պաշտպանության գերակայությունը, քանզի նշված դեպքերում դարձյալ անձի` հավաքական իրավունքների պաշտպանության մասին է, որ համար նախատեսված է առավել խիստ պատժաչափ:
Բացի այդ, հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 183-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություններ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ 3-րդ մասերը, ինչպես նաեւ 119-րդ հոդվածը հանել բացառապես տուժողի բողոքի հիման վրա հարուցվող գործերի ցանկից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը համաձայնեցվել են ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննաչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կունենանք ՀՀ քրեական օրենսգրքում առկա խոշտանգման վերաբերյալ հոդվածը կհամապատասխան ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին եւ կունենա առավել հստակ եւ բազմակողմանի կարգավորում:
--------------------------------------------------------------------------------
[1]` Տվյալ դեպքում հիմք են ընդունվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Ակսոյն ընդդեմ Թուրքիայի (Aksoy v. Turkey), Դայկմեն ընդդեմ Թուրքիայի (Dikme v. Turkey) գործերով կայացված որոշումները: