Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «ենթակա չեն»բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 16.1-րդ գլխով նախատեսված դեպքերի»բառերով:
Հոդված 2. Օրենuգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «,բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի»բառերը:
Հոդված 3.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 16.1 գլխով.
Հոդված 92.1. Դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը սահմանափակելու մասին միջնորդության ներկայացման եւ քննարկման կարգը
1. Քրեակատարողական հիմնարկում անվտանգության ու ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանման, հանրության առողջության եւ բարոյականության, արդարադատության հեղինակության պահպանման, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության, այդ թվում նաեւ այլ դատապարտյալի սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգը կանխելու նպատակներով քրեակատարողական հիմնարկի պետը պատճառաբանված միջնորդություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը սահմանափակելու, այդ թվում` նամակագրությունը բացելու, դրա բովանդակությանը ծանոթանալու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այն առգրավելու համար թույլտվություն ստանալու նպատակով:
2. Միջնորդության մեջ նշվում են դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման հիմքերը, ժամկետը եւ այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են դատարանին որոշում կայացնելու համար: Միջնորդությանը կցվում են այն բոլոր նյութերը, որոնք հիմնավորում են նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը: Միջնորդությանը չեն կարող կցվել այնպիսի նյութեր, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ: Միջնորդությունը կից նյութերի հետ միասին դատարան ներկայացնելու օրը հանձնվում է նաեւ դատապարտյալին:
3. Դատարանը միջնորդությունը քննարկում եւ որոշում է կայացնում այն ստանալու պահից հինգ օրվա ընթացքում: Միջնորդությունը քննարկվում է դատական նիստում` միջնորդությունը ներկայացրած քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրա տեղակալի եւ դատապարտյալի ու նրա փաստաբանի ներկայությամբ, եթե դատապարտյալն ունի այդպիսին:
4. Միջնորդության քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակումը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
5. Դատարանի որոշումն անհապաղ հանձնվում է միջնորդությունը ներկայացրած անձին եւ դատապարտյալին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` այն ստանալու պահից տասնօրյա ժամկետում:
6. Վերաքննիչ դատարանը բողոքը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասնակցությամբ հրավիրում է դատական նիստ եւ կայացնում է որոշում` ներկայացված բողոքը բավարարելու կամ մերժելու մասին: Վերաքննիչ դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:
7. Ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման գործողության ժամկետը հաշվարկվում է դատապարտյալին այդ որոշումը հանձնելու պահից, իսկ եթե վերջինս այն բողոքարկել է` վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու պահից եւ չի կարող գերազանցել վեց ամիսը:
8. Դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը, ոչ ուշ, քան նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման ժամկետը լրանալուց 10 օր առաջ պետք է դատարան ներկայացնի պատճառաբանված միջնորդություն: Այդ միջնորդության հետ կապված հարցերը կարգավորվում են սույն հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված կարգով:
Հոդված 92.2 Դատապարտյալի նամակագրության բացման եւ առգրավման կարգը
1. Դատարանի որոշման հիման վրա քրեակատարողական հիմնարկի պետը որոշում է կայացնում դատապարտյալին ուղղված կամ նրա կողմից ուղարկվող նամակագրությունը բացելու մասին:
2. Դատապարտյալի նամակագրությունը բացվում է քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրա տեղակալի կողմից` դատապարտյալի ներկայությամբ:
3. Դատապարտյալի նամակագրությունը բացելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեջ նշվում է արձանագրությունը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, այն կազմող պաշտոնատար անձի, դատապարտյալի եւ այն անձանց տվյալները, որոնք մասնակցում են այդ գործողության իրականացմանը, նամակն ուղարկողի կամ դրա հասցեատիրոջ տվյալները, իսկ նամակն առգրավելու դեպքում նաեւ` առգրավման փաստը եւ սույն օրենսգրքի 92.1 հոդվածի առաջին մասով նախատեսված կոնկրետ հիմքերը:
4. Արձանագրությունը ստորագրում են այն կազմած պաշտոնատար անձը եւ դատապարտյալը: Դատապարտյալի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում: Նամակն առգրավելու դեպքում այն կցվում է արձանագրությանը:
5. Արդարադատության նախարարին, դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, ձեռնադրված հոգեւորական-խոստովանահորը, քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, պաշտպանին կամ բուժական հաստատությանը ուղղված կամ նրանցից ստացվող դատապարտյալի նամակները բացման կամ առգրավման ենթակա չեն:
6. Առգրավված նամակները եւ համապատասխան արձանագրությունները կցվում են դատապարտյալի անձնական գործին:
7. Առգրավված նամակները վերադարձվում են դատապարտյալին ազատազրկման ձեւով պատիժը կրելուց ազատվելու օրը:ե:
Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «,բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը»բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Տասնութ տարին լրացած դատապարտյալը սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխան՝ պատիժը շարունակում է կրել միեւնույն ուղղիչ հիմնարկի առանձնացված տեղամասում:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը` Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ անչափահաս դատապարտյալներն անջատ պահվեն չափահաս դատապարտյալներից, որը կբացառի չափահասների կողմից անչափահասների վրա բացասական ազդեցությունը: Բացի այդ, 14-ից 18 տարեական անչափահասների տարիքային խումբն ունի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական այլ առանձնահատկություններ, քան 18-ից բարձր տարեկանների տարիքային խումբը, որը կարող է ազդել նրանց փոխհարաբերությունների վրա: Նշված խմբերի անջատ պահելը անհրաժեշտ է նաեւ նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների արդյունավետ իրականացման առումով:
Օրենսգրքի 109-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի 14-ից 18 տարեական հասակում հանցագործություն կատարած անչափահասները իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրեն միեւնույն քրեակատարողական հիմնարկում մինչեւ նշանակված պատժի վերջը, եւ նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները չընդհատվեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելիս, այլ շարունակվեն այդպիսի աշխատանքների կատարումը միեւնույն աշխատակիցների կողմից, որոնք արդեն կունենան այդպիսի դատապարտյալների հետ աշխատելու որոշակի պրակտիկա, ինչն ավելի արդյունավետ կլինի պատժի նպատակներն իրականացնելու առումով:
Օրենսգրքում կատարվելիք լրացումները պայմանավորված են դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակմանն ուղղված ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչեւ պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միեւնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը: Ինչը հնարավորություն չի տալիս հանցագործություն կատարած անչափահասներին իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրել միեւնույն քրեակատարողական հիմնարկում մինչեւ նշանակված պատժի վերջը, եւ նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները ընդհատվում են այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելիս:
Բացի այդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն դատապարտյալն իրավունքի ունի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում` նամակագրություն վարելու իրավունք, իսկ նույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալի նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:
Սակայն ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, սահմանելով դատապարտյալի այս իրավունքը, չի նախատեսում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավունքը ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ներքին զննման ենթարկելու դատապարտյալի նամակագրությունը եւ առգրավելու այն: Այսինքն ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը դատապարտյալի խոսքի ազատության եւ նամակագրության գաղտնիության իրավունքների սահմանափակման ՀՀ սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմքերի առկայության դեպքում հնարավորություն չի տալիս վերահսկելու դատապարտյալի նամակագրությունը:
Օրենսդրական այդ թերկարգավորվածությունը պրակտիկայում հանգեցնում է բազմաթիվ դժվարությունների կապված դատապարտյալների կողմից արդարադատության հեղինակության, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ու կարգապահության կանոնների պահպանման, հանրության առողջության եւ բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության հետ: Դա նպաստում է քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման, արդարադատության վարկաբեկման, այլ դատապարտյալների սոցիալական վերականգման վտանգման:
Այս պայմաններում անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել դատապարտյալի նամակագրության սահմանափակման այնպիսի ընթացակարգ, որը մի կողմից կկանխի դատապարտյալի վերը նշված խախտումները եւ կապահովի նրա պատշաճ վարքագիծը ազատազրկման ձեւով պատժի կրման ընթացքում, իսկ մյուս կողմից կապահովի նրա սահմանադրական իրավունքների համաչափ սահմանափակում, որը ապահովված կլինի համապատասխան երաշխիքներով եւ կբացառի քրեակատարողական հիմնարկի կողմից համապատասխան չարաշահումները: Ընդ որում, որ ՀՀ Սահմանադրության 23 հոդվածը, ի տարբերության Եվրոպական կոնվենցիայի, նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման համար նախատեսում է դատարանի որոշման պարտադիր առկայություն:
Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանել դատապարտյալի նամակագրության սահմանափակման այնպիսի ընթացակարգ, որը սպառիչ կնախատեսի դատապարտյալի վերը նշված իրավունքների սահմանափակման համաչափ հիմքերը, այդ միջոցառման իրականացման համար դատարան դիմելու եւ դատարանի որոշումը ստանալու կարգը եւ միաժամանակ կապահովի դատապարտյալի դատական պաշտպանության իրավունքը` որպես քրեակատարողական հիմնարկի վարչակազմի չպատճառաբանված որոշումներից պաշտպանվելու երաշխիք:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հանցագործություն կատարած անչափահասներին իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրել միեւնույն քրեակատարողական հիմնարկում (չափահաս դառնալուց հետո անչափահասներից անջատ) մինչեւ նշանակված պատժի ավարտը, չեն ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները, կշարունակվեն այդպիսի աշխատանքների կատարումը միեւնույն աշխատակիցների կողմից, ինչն ավելի արդյունավետ կլինի պատժի նպատակներն իրականացնելու առումով:
Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պետը դատարանի որոշման հիման վրա հնա՟րավորություն կունենա սահմանափակելու դատապարտյալի նամակագրության գաղտնի՟ու՟թյան իրավունքը, որը կնպաստի քրեակատարողական հիմնարկում անվտանգության ու ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանմանը, հանրության առողջության եւ բարո՟յա՟կանության, արդարադատության հեղինակության պահպանմանը, այլոց սահմանա՟դրա՟կան իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաեւ այլ դատապարտյալի սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգի կանխմանը: