ՀՈԴՎԱԾ 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունները
1) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«վայրի կենդանի` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող կենդանիներ, այդ կենդանիների տեսակների անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներ ու դրանց սերունդներ.»
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«անազատ պայմաններում պահվող կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեuակներ կամ առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, որոնց տեղաշարժերը uահմանափակված են որոշակի տարածքով եւ կենդանու կենսաապահովումը իրականացնում է պահողը.»
3) տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«կիuաազատ պայմաններում պահվող կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեuակներ կամ առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, որոնց տեղաշարժերը uահմանափակված են բնական կամ արհեստական սահմաններով եւ կենդանու կենսաապահովումը մասամբ իրականացնում է պահողը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 27.1-27.2 հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 27.1. ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկություններից բխող կարիքները, առողջությունը եւ կյանքի անվտանգությունը, ինչպես նաեւ բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական եւ որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:
3. Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը սահմանում է լիազորված մարմինը, ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից:
Սույն հոդվածի 3-րդ մասով նշված չափերը չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում եւ աճեցվում են ուuումնական փորձերի, կենuաբանական թեuտավորման, uննդում կամ այլ կենդանիների համար որպեu կեր oգտագործելու, մորթի եւ այլ արգասիք uտանալու նպատակներով:
4. Անազատ եւ կիսաազատ պայմանններում վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահվում են`
1) կենդանիների վերարտադրություն իրականացնող տնտեսություններում` բուծման կենտրոններում.
2) կենդանաբանական այգիներում.
3) վնասված կենդանիների բուժում իրականացնող տնտեսություններում` վերականգնողական կենտրոններում.
4) որսորդական տնտեսություններում` կենդանիների վերարտադրության գոտիներում.
5) այդ նպատակով առանձնացված այլ տարածքներում:
Նշված տարածքներում կենդանիները կարող են պահվել մեծավանդակներում, վանդակներում, տերարիումներում, ջրավազաններում, ակվարիումներում եւ այլ տարանջատված տեղերում:
5. Կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում լիազորված մարմնի կողմից այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ նախապես կատարվում է վայրի կենդանիների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառում (գույքագրում) եւ տվյալները գրանցվում են կենդանական աշխարհի կադաստրում:
6. Կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 27.2. ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առեւտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու,
մորթի եւ այլ արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի եւ որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ ) օգտագործելու նպատակներով:
2. Կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առեւտրի, գիտահետազոտական, ուսումնական, սննդի համար օգտագործելու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու եւ որսի նպատակներով:
3. Կիսաազատ պայմաններում պահվող Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների սերունդը կիսաազատ պայմաններում պահելու եւ օգտագործելու թույլտվություն ունեցողները կարող են լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործել որսի, սննդի եւ այլ նպատակներով, եթե տվյալ տեսակի բուծման արդյունքում ապահովել են դրանց վերարտադրությունը:
4. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, առնվազն 10 տոկոսը լիազորված մարմնի թույլտվությամբ տրամադրվում է պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց որսի կամ այլ նպատակներով օգտագործելու համար, իսկ բնապահպանական անհրաժեշտության դեպքում լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է տրամադրվել սահմանված չափից ավելի` համապատասխան հիմնավորման առկայության դեպքում:
5. Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի կողմից սահմանված նվազագույն չափաքանակից:
6. Կենդանիների տվյալ տեսակին բնորոշ կազմվածքին կամ այլ հատկանիշներին չհամապատասխանող` կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առանձնյակները չեն կարող օգտագործվել սերունդ ստանալու եւ բնության մեջ բաց թողնելու նպատակով, իսկ որսորդական տնտեսություններում նման կենդանիները ենթակա են պարտադիր որսացման: Լիազորված մարմնի թույլտվությամբ որսացմանը կարող են ենթարկվել նաեւ`
1) ծերության պատճառով` վերարտադրության տարիքն անցած,
2) պահվող կենդանիների հանդեպ չափազանց ագրեսիվ վարք դրսեւորող,
3) մարդկանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող,
4) անբուժելի կամ վարակիչ հիվանդությամբ տառապող վայրի կենդանիները:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: