Հոդված 1.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«առեւտրական տարածք` խանութների եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար առեւտրական դահլիճի ներառյալ` ապրանքների ցուցադրման եւ վաճառքի համար` նախատեսված առեւտրական սարքավորումների, գույքի, եւ առեւտրական դահլիճում վաճառքի համար ցուցադրված խոշորաչափ ապրանքների զբաղեցրած մակերեսը, կրպակների համար` ամբողջ մակերեսը, իսկ առեւտրի իրականացման վայրերի համար դրանցում տեղակայված առեւտրի օբյեկտների առեւտրական դահլիճների ներառյալ` ապրանքների ցուցադրման եւ վաճառքի համար նախատեսված առեւտրական սարքավորումների, գույքի եւ առեւտրական դահլիճում վաճառքի համար ցուցադրված խոշորաչափ ապրանքների, ինչպես նաեւ վաճառասեղանների զբաղեցրած մակերեսների գումարը.
առեւտրական ցանց` երկու եւ ավելի առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման համակարգում կամ օգտագործում են ընդհանուր ֆիրմային անվանում.
պարենային ապրանքների խանութ` առեւտրի օբյեկտ, որտեղ ոչ պարենային ապրանքների վաճառքի ցուցադրման սարքավորումների եւ գույքի (դարակաշարեր, պահարաններ, վաճառասեղաններ եւ այլն), ինչպես նաեւ առեւտրական դահլիճում վաճառքի համար ցուցադրված խոշորաչափ ապրանքների զբաղեցրած մակերեսների գումարը կազմում է առեւտրական տարածքում ապրանքների վաճառքի ցուցադրման համար զբաղեցված ամբողջ մակերեսի առավելագույնը` 20%-ը.
2) «առեւտրի օբյեկտ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առեւտրի օբյեկտ` գնորդներին սպասարկելու, ապրանքներ վաճառելու եւ գնորդների հետ դրամական հաշվարկներ կատարելու նպատակով սարքավորումներով հատուկ կահավորված շենք կամ շենքի մաս, շինություն կամ շինության մաս, որտեղ առեւտուրը կատարվում է մեկ վաճառողի կողմից:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 2.1-րդ հոդվածով.
«Հոդված 2.1. Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի դասակարգումն ըստ տիպերի
Առեւտրի օբյեկտները եւ առեւտրի իրականացման վայրերը դասակարգվում են հետեւյալ տիպերի `
1) փոքր` առեւտրի օբյեկտներ եւ առեւտրի իրականացման վայրեր, որոնք զբաղեցնում են մինչեւ 100 քառակուսի մետր առեւտրական տարածք.
2) միջին` առեւտրի օբյեկտներ եւ առեւտրի իրականացման վայրեր, որոնք զբաղեցնում են 100 քառակուսի մետրից մինչեւ 600 քառակուսի մետր առեւտրական տարածք.
3) խոշոր` առեւտրի օբյեկտներ եւ առեւտրի իրականացման վայրեր, որոնք զբաղեցնում են 600 քառակուսի մետրից ավելի առեւտրական տարածք:»:
Հոդված 3.
Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «առեւտրատեխնոլոգիական» բառը փոխարինել «համապատասխան» բառով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 5.2-րդ հոդվածով.
«Հոդված 5.2. Բնակչությանը նվազագույն առեւտրական մակերեսներով ապահովվածության չափորոշիչները եւ խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղաբաշխման առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի առեւտրական տարածքով բնակչության ապահովվածության նորման սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը (վերակառուցումը) թույլատրվում է բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` համայնքների գլխավոր հատակագծերին եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծերին համապատասխան, եթե չի ապահովված սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորման:
Եթե տվյալ բնակավայրում առեւտրական տարածքները չեն գերազանցում սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ապահովվածության նորման, խոշոր պարենային եւ ոչ պարենային առեւտրի օբյեկտների տեղակայման (վերակառուցման) թույլտվությունը տրվում է այն դեպքում, եթե տվյալ տեսակների համար չեն գերազանցվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարենային եւ ոչ պարենային ապրանքների մասով առեւտրական տարածքով ապահովվածության նորմաները:
3.Եթե խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման) թույլատվության համար նույն օրը հայտերով ներկայացրած առեւտրական տարածքների մակերեսների արդյունքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորման կգերազանցվի, ապա տեղակայման (վերակառուցման) թույլտվությունը տրվում է համայնքի բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինի, իսկ Երեւանում քաղաքապետի սահմանած կարգով:
4. Նույն հասցեում կամ հարակից հասցեներում կամ նույն հասցեի հարակից տարածքներում մեկից ավելի փոքր եւ(կամ) միջին առեւտրի օբյեկտների եւ փոքր եւ(կամ) միջին առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը (վերակառուցումը) միեւնույն անձի կամ նրա փոխկապակցված անձի կողմից դիտվում է որպես խոշոր առեւտրի օբյեկտների կամ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայում (վերակառուցում), եթե դրանց լրացուցիչ տեղակայման (վերակառուցման) արդյունքում առեւտրական մակերեսների ընդհանուր գումարը գերազանցում է խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի համար սահմանված առեւտրական մակերեսի նվազագույն շեմը, եւ դրանց տեղակայման (վերակառուցման) թույլտվությունը տրվում է սույն օրենքով սահմանված կարգով:
5. Հիմք ընդունելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջները խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման) թույլատվությունը բնակավայրում տալիս է համայնքի ղեկավարը, Երեւանում` քաղաքապետը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները չեն տարածվում բնակավայրերից դուրս համայնքի վարչական տարածքում տեղակայվող (վերակառուցվող) խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի վրա:»:
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 5.3-րդ հոդվածով.
«Հոդված 5.3. Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի հաշվառման ռեեստրի վարումը
1. Տեղական ինքնակառավարման մարմինները վարում են համայնքի տարածքում գործող առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի հաշվառման ռեեստրը:
Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի հաշվառման ռեեստրի վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:ե:
Հոդված 6.
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «առեւտրատեխնոլոգիական» բառը փոխարինել «առեւտրի իրականացման» բառերով:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.
«2.1. Վաճառքի ներկայացված ապրանքների ողջ տեսականին տեղակայվում է առեւտրական սարքավորումների եւ գույքի վրա (դարակաշարեր, պահարաններ, վաճառասեղաններ, սառնարաններ եւ այլն) ըստ` պարենային եւ ոչ պարենային տեսականու:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Անհրաժեշտությունը`
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առեւտրի ոլորտում առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի տեսակների հստակ սահմանման, հանրապետության տարածքում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման), առեւտրական տարածքներով հանրապետության բնակչության ապահովվածության նորմաների սահմանման, առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման, ինչպես նաեւ կապված` օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների կիրառման պահանջից:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները`
-Ընթացիկ իրավիճակը`
Ներկայումս հանրապետության ներքին շուկայի առեւտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեության օբյեկտները եւ վայրերը հանրապետության բնակավայրերում եւ Երեւանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայացողությամբ, ինչի արդյունքում հանրապետության բնակավայրերում, մասնավորապես` Երեւանում առկա են դրանց, այդ թվում` խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի, սահմանափակ տարածքներում կուտակումներ: Արդյունքում` դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը:
Չեն սահմանված առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի տեսակները, ինչի օգնությամբ կկարգավորվեին դրանց տեղակայման (վերակառուցման) գործառույթները: Չի սահմանված եւ չի ներդրված առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման կարգը, ինչպես նաեւ բնակավայրերում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման թույլտվության տրման կարգը: Դրա հետեւանքով` բնակչությանը առեւտրական տարածքներով ապահովման գործընթացը իրակնացվում է չկանոնակարգված, ինչի հետեւանքով դժվար իրավիճակի մեջ են հայտնվում եւ բնակիչները եւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
-Խնդիրները`
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման) կարգավորում, տնտեսական մրցակցության դաշտում հավասար պայմանների ապահովում, բնակչության եւ սպառողների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանության ապահովում:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը`
Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում վարվում է ոլորտի կարգավորմանն ուղղված քաղաքականություն:
Կարգավորման նպատակը եւ բնույթը`
-Կարգավորման նպատակը`
Պետական կարգավորման լծակների կիրառմամբ կանխել տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսեւորումները, քաղաքաշինական նպատակներով կարգավորել հանրապետության կառուցապատումները եւ խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը (վերակառուցումը), ապահովել բնակիչության եւ սպառողների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանությունը:
-Բնույթը`
Օրենսդրական կարգավորում, այդ թվում` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ կառավարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, շահագրգիռ մարմիններ, Երեւանի քաղաքապետարան:
Ակնկալվող արդյունքը`
Տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսեւորումների կանխում, հանրապետության տարածքում առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման գործընթացի ապահովում, խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի կարգավորված տեղակայում (վերակառուցում), բնակչության եւ սպառողների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանության ապահովում:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)