ՀՈԴՎԱԾ 1. «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-11, այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել 11-րդ եւ 12-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.
«11. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման եւ ներկայացման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը:
12. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին եւ ընթացակարգին համապատասխան:
4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի վկայական:
5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի եւ սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջներին:
6. Հյուրանոցները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի եւ հնգաթեւ աստղերով ու Դելյուքս գրառմամբ նշվող հինգ աստղանի Դելյուքս որակավորման կարգերով:
7. Մոթելները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի որակավորման կարգերով:
8. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորս աստղանի որակավորման կարգերով:
9. Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:
10. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս պետք է օգտագործի որակավորման կարգի նշանը, եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը սահմանված կարգով ունի համապատասխան որակավորման կարգ:
11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի նշանների օգտագործման ձեւերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
13. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշաներին մոլորեցնելու ստիճանի նման նշաշններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտ ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ մասերի, 10-րդ հոդվածի 10-րդ, 12-րդ կամ 13-րդ մասերի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: