Հոդված 1. «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ եւ 12-րդ մասերով.
«11. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման եւ ներկայացման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը:
12. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին եւ ընթացակարգին համապատասխան:
4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է վկայական, որի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի եւ սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջները:
6. Հյուրանոցները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգաստղանի եւ հնգաթեւ աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգաստղանի «Դելյուքս» որակավորման կարգերով:
7. Մոթելները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգաստղանի որակավորման կարգերով:
8. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորսաստղանի որակավորման կարգերով:
9. Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:
10. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս պետք է օգտագործի որակավորման կարգի նշանը, եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը սահմանված կարգով ունի համապատասխան որակավորման կարգ:
11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի նշանների օգտագործման ձեւերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
13. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «տարանցիկ երկրներում`» բառերից հետո լրացնել «վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների եւ դրանց կանխարգելման, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «ապահովագրության պայմանների,» բառերից հետո լրացնել «ժամանման կամ տարանցիկ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների եւ դրանց կանխարգելման, առողջության հետ կապված սահմանափակումների եւ պահանջների,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ մասերի, 10-րդ հոդվածի 10-րդ, 12-րդ կամ 13-րդ մասերի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: