Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-060-30.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է ընտանեկան ձեռնարկություններին հարկային արտոնություն (այսուհետ` արտոնություն) տրամադրելու հետ կապված Հայաստանի Հանրապետության եւ նշված տնտեսվարող սուբյեկտների իրավահարաբերությունները, արտոնությունից օգտվողների շրջանակը, արտոնության տրամադրման անհրաժեշտությունը, նպատակը եւ ժամկետները, արտոնության տրամադրման կասեցումը, ինչպես նաեւ սահմանում է սույն արտոնությունից  չօգտվող գործունեության տեսակների ցանկը :

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է ընտանեկան ձեռնարկությունների կողմից իրականացվող գործունեության վրա (բացառությամբ` սույն  օրենքով սահմանված գործունեության տեսակների):

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1. Ընտանեկան ձեռնարկություն՝  սույն օրենքի իմաստով ընտանեկան ձեռնարկությունը սահմանվում է որպես օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում գրանցված անհատ ձեռնարկատերեր կամ առեւտրային կազմակերպություններ, որոնք չունեն վարձու աշխատողներ` բացառությամբ ընտանիքի անդամների.

2. Ընտանիք` սույն օրենքի իմաստով ընտանիքը սահմանվում է որպես սոցիալական ինստիտուտ, որը միավորում է ընդհանուր բյուջետային ծախսերով կապված մարդկանց, որոնք բնակվում են նույն տարածքում` նույն տանիքի տակ (ընդ տանիք-ընտանիք) կամ ունեն կենսաբանական ընդհանրություն` զավակներ, ծնողներ:

Հոդված 4. Արտոնության տրամադրման անհրաժեշտությունը եւ հիմնական նպատակները

Արտոնության տրամադրման անհրաժեշտությունը առավելապես պայմանավորված է ընտանեկան ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ գործողների պահպանման, հանրային կյանքի սոցիալական խնդիրների առավել հասցեական լուծման եւ ժամանակակից հասարակության հիմքը կազմող միջին խավի ձեւավորման եւ կայացման  տեմպերի արագացման պահանջներով:

Արտոնության տրամադրման հիմնական նպատակներն են.

1. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության  (այսուհետ՝ ՓՄՁ)  ոլորտում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը

2. Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության տրամադրումը

3. ՓՄՁ սուբյեկտների տնտեսական գործունեության շահութաբերության բարձրացումը

4. Ընտանեկան ձեռնարկությունների գործունեության համար լուրջ խթանների ստեղծումը

5. ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռի  կրճատումը

6. ՓՄՁ սուբյեկտների շրջանառու միջոցների ընդլայնումը

7. Հայրենական արտադրության խթանումը

8. Նոր աշխատատեղերի ստեղծումը

9. Բնակչության եկամուտների աճը:

Հոդված 5. Արտոնությունից օգտվողների շրջանակը

Սույն օրենքով սահմանված արտոնությունից կարող են օգտվել այն ընտանեկան ձեռնարկությունները, որոնց նախորդ տարվա տարեկան հարկվող  շրջանառությունը չի գերազանցել 40 միլիոն դրամը:

Հոդված 6. Արտոնության տրամադրման կարգը

Սույն օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին բավարարելու եւ սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված գործունեության տեսակներից որեւէ մեկով չզբաղվելու դեպքում հարկատուն, իր հայեցողությամբ, կարող է օգտվել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված արտոնությունից:

Հոդված 7. Արտոնության սահմանման կարգը

Սույն օրենքի իմաստով հարկային արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահութահարկից, արտոնագրային եւ հաստատագրված վճարներից ազատումն է:

Հոդված 8. Արտոնության տրամադրման ժամկետները

Արտոնությունը տրամադրվում է ընտանեկան ձեռնարկություններին` սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված փաստաթղթերի հարկային մարմին ներկայացման օրվանից:

Հոդված 9. Հարկային տեսչություն ներկայացվող փաստաթղթերի փաթեթը

Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվողի կարգավիճակ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտը տարածքային հարկային տեսչություններ պարտավոր է ներկայացնել.

1. Դիմում՝ հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ

2. Տեղեկանք՝ վարձու աշխատողների վերաբերյալ

3. Տեղեկանք՝  նախորդ տարվա հարկվող եկամտի վերաբերյալ:

Վարձու աշխատողի՝ տնտեսվարող սուբյեկտի ընտանիքի անդամ լինելու փաստն արձանագրվում է`

1)  անձնագրի պատճենի

2)  ամուսնության վկայականի պատճենի

3)  ծննդյան վկայականի պատճենի

4)  հայրության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի

5)  բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմամբ:

Գործունեությունը  նոր  սկսող  տնտեսվարող սուբյեկտները չեն ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված փաստաթուղթը:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դիմումի եւ տեղեկանքների  ձեւերը սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ում:

Հոդված 10. Հարկային տեսչությունների կողմից  ընտանեկան ձեռնարկությանը արտոնությունից օգտվողի կարգավիճակ տրամադրելը

Տարածքային հարկային տեսչությունները, տնտեսվարող սուբյեկտներից ստանալով սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, պարտավոր են եռօրյա ժամկետում ուսումնասիրել եւ տրամադրել տեղեկատվություն տնտեսվարող սուբյեկտին արտոնությունից օգտվողի կարգավիճակ ստանալու վերաբերյալ:

Հոդված 11. Արտոնության տրամադրման կասեցումը

Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված արտոնության տրամադրումը կասեցվում է, երբ արտոնությունից օգտվողի կարգավիճակ ստացած ընտանեկան ձեռնարկությունը աշխատանքային պայմանագիր է կնքում ընտանիքի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձի հետ:

Ընտանիքի անդամ չհանդիսացող վարձու աշխատողի ներգրավման դեպքում արտոնությունը կասեցվում է վարձու աշխատողի ներգրավման ամսվա 1-ից:

Այս դեպքում ընտանեկան ձեռնարկությունը պարտավոր է տարածքային հարկային տեսչություն  ներկայացնել դիմում՝ արտոնությունից օգտվողի կարգավիճակից հրաժարվելու վերաբերյալ:

Արտոնությունից օգտվողի կարգավիճակից հրաժարվելու վերաբերյալ դիմումի ձեւը սահմանվում է սույն օրենքի անբաժանելի մաս կազմող Հավելված 2-ում:

Հոդված 12. Արտոնությունից չօգտվող գործունեության տեսակները

Սույն արտոնությունը չի տարածվում

1. Վարկային կազմակերպությունների

2. Ապահովագրական կազմակերպությունների

3. Ներդրումային հիմնադրամների

4. Գրավատների

5. Փոխանակման կետերի

6. Արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների

7. Խաղատների եւ շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների

8. Աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողների

9. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների

10. Լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող  կամ լիցենզիա ունեցող այն անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելին, ինչպես նաեւ դուստր եւ կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

Հոդված 13. Եզրափակիչ մաս

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 14. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժ մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր պահանջներ են ներկայացնում մասնավոր հատվածի, մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ուղղությամբ: Մասնավորապես` անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՓՄՁ ոլորտին հարկային արտոնությունների տրամադրման չափորոշիչները, ինչն էլ կհանգեցնի պետական աջակցության առավել նպատակային իրականացման:

Ըստ էության, սույն նախագծով ընդլայնվում են ՓՄՁ ոլորտին պետական աջակցության ուղիները: Ավելին՝ ՀՀ տնտեսության հետճգնաժամային եւ ստեղծված իրավիճակը պահանջում է սոցիալական եւ հանրային մեծ նշանակություն ունեցող ՓՄՁ, այդ թվում՝ ընտանեկան ձեռնարկատիրության զարգացման համար ձեւավորել համարժեք եւ բարենպաստ մրցակցային պայմաններ: Գործունեությունը նոր սկսող ՓՄՁ սուբյեկտների համար անհամեմատ կնվազեն շուկա մտնելու, կայանալու խոչընդոտները, կձեւավորվի առավել արդյունավետ ներդրումային միջավայր: Օրենքի ընդունումը կբարելավի նաեւ ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական գրավչության մակարդակը:

Փորձագիտական հաշվարկները եւ գնահատականները ցույց են տվել, որ ՀՀ-ում տարեկան մինչեւ 40 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների ամսական զուտ եկամուտը՝ կախված գործունեության տեսակից եւ շուկայական մրցակցային պայմաններից, ինչպես նաեւ սեզոնայնությունից, տատանվում է 200-450 հազար դրամի սահմաններում:

Անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ վերոնշյալ եկամտային միջակայքում գործող տնտեսվարող սուբյեկտների եկամուտները (անցած հինգ տարիների ընթացքում) հիմնականում նվազման միտում ունեն:

Մինչեւ 40 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյետկները հենց այն թիրախն են, ում նկատմամբ պետությունը պետք է ցուցաբերի տարբերակված մոտեցում հարկային արտոնությունների տրամադրման տեսքով:

Սույն օրենքի շրջանակներում մինչեւ 40 մլն դրամ շրջանառության ամրագրումը բխում է «Ավելացված արժեքի հարկի մասին»Հայաստանի Հանրապետության գործող օրենքի տրամաբանությունից:

Սույն արտոնությունից օգտվող տնտեսվարող սուբյեկտների մոտ հարկային պարտավորությունների նվազեցումից, մասնավորապես` շահութահարկից, արտոնագրային եւ հաստատագրված վճարներից ազատումից առաջացած գումարները մի կողմից կհանգեցնեն ձեռնարկություններում ներդրումների ավելացմանը, մյուս կողմից` կձեւավորեն վճարունակ պահանջարկ, ինչն էլ շղթայական ձեւով դրականորեն կանդրադառնա տնտեսության աշխուժացման վրա:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն օրենքի ընդունումը էապես կբարելավի փոքր եւ միջին ձեռնարկատիրության մաս կազմող ընտանեկան բիզնեսի կայացման եւ հետագա զարգացման պայմանները, կստեղծի գրավիչ ներդրումային միջավայր այս ոլորտի ընդլայնման համար:

Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կձեւավորվեն լրացուցիչ շրջանառու միջոցներ փոքր եւ միջին բազմաթիվ տնտեսվարողների համար, որն էլ իր հերթին մի կողմից կստեղծի լրացուցիչ պահանջարկ ապրանքների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, ծառայությունների եւ այլնի նկատմամբ, մյուս կողմից` հնարավորություն կստեղծի ընտանեկան բիզնեսի ընդլայնման եւ դրանցում շահութաբերության բարձրացման համար:

Կանխատեսելի է նաեւ այն, որ բացառապես ընտանիքի անդամ հանդիսացող վարձու աշխատող ունեցող առեւտրային կազմակերպությունների գերակշիռ մասում ձեռնարկատիրության կազմակերպման եւ հետագա զարգացման առանցքը ընտանիքն է, որի անդամների վստահությունը սեփական ուժերի եւ վաղվա նկատմամբ սույն օրենքի ընդունմամբ  ավելի կամրապնդվի:

Ընտանեկան ձեռնարկություններին հարկային արտոնության տրամադրմամբ դրանց ծախսերի եւ եկամուտների հաշվեկշիռը կթեքվի դեպի եկամուտների կողմը:

Սա նաեւ լուրջ քարշակ դեր եւ նշանակություն կունենա քննարկվող ոլորտում նոր ներդրումների ներգրավման համար:

Սույն օրենքի ընդունումը նաեւ հանրային եւ սոցիալական մեծ նշանակություն կունենա դրական սպասումների առումով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի կողմից՝ մասնագետ-փորձագետների մասնակցությամբ: