Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-062-30.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի N ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ ենթակետում «նկարչական ալբոմների» բառերից հետո լրացնել «գիտական եւ գեղարվեստական» բառերը:

Հոդված 2. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ներկա իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
 
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական եւ մանկական հրատարակությունները, ինչպես նաեւ թերթերի եւ ամսագրերի տպագրությունը եւ շրջանառությունն ունեն հարկային արտոնություն ԱԱՀ-ի գծով: Միաժամանակ հայտնի է, որ գեղարվեստական եւ գիտական հրատարակությունները չեն օգտվում վերոնշյալ հարկային արտոնությունից (բացառությամբ` ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակությունների): Դա մի կողմից անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում գրահրատարակիչների միջեւ` շահավետ չդարձնելով գիտական եւ գեղարվեստական գրականության հրատարակումը, մյուս կողմից էապես թանկացնում գները գրքի շուկայում, երրորդ կողմից` հասարակության բազմահազար ներկայացուցիչներ չեն կարողանում օգտվել այդ գրականությունից:
 
Նշենք նաեւ, որ ընդհանուր գրքերի հրատարակման եւ իրացման շրջանառության ծավալների մեջ գիտական եւ գեղարվեստական գրականությունը կազմում է շուրջ 20 տոկոս:
 
Ըստ այդմ էլ` այդ շրջանառությունից գանձվող ավելացված արժեքի հարկի ծավալները հարաբերականորեն մեծ ծավալ չեն կազմում եւ էական ազդեցություն չեն կարող ունենալ բյուջետային մուտքերի ընդհանուր ծավալի մեջ:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն արտոնության կիրառման արդյունքում`

1) Լուրջ խթաններ կձեւավորվեն գեղարվեստական եւ գիտական հրատարակությունների ծավալների ընդլայնման համար

2) Կավելանա գեղարվեստական եւ գիտական հրատարակություններից օգտվողների թիվը

3) Գեղարվեստական եւ գիտական գրականություն հրատարակող կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ, կբարձրանա վերջիններիս գործունեության շահութաբերությունը:

4) Հարաբերականորեն կիջնեն հրատարակությունների գները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.  Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից`  մասնագետ-փորձագետների մասնակցությամբ: