Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.
«1.1 Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրական իրավունք: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները սույն օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ապահովում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1, 2.2 եւ 2.3 մասերով.
«2.1 Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով ընտրողների ցուցակները կազմում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները:
2.2 Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող՝ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրը բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
2.3 Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով, կարող է դիմել սահմանակից կամ իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:»:
Հոդված 3. 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քվեարկության օրը այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել համապետական ընտրություններին՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաեւ` ՀՀ) Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Նշված իշխանությունը ժողովուրդը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով` համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի:
Վերը նշված հոդվածների բովանդակության վերլուծությունից հետեւում է, որ պետության ինքնիշխանության կարեւոր գրավականներից է այն, որ տվյալ երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է մի շարք եղանակներով, այդ թվում` ազատ ընտրությունների միջոցով:
Ընդ որում, ընտրություններն, ըստ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի, պետք է լինեն ոչ միայն ազատ, այլեւ դրանց հիմքում պետք է ընկած լինի ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքը, որն ապահովվում է գաղտնի քվեարկությամբ:
Խոսքը վերաբերում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության նույն հոդվածը սահմանափակում է վերը նշված ՀՀ քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը միայն դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիների համար:
Վերը նշվածից հետեւում է, որ երկրի հիմնական օրենքը, որտեղ նախատեսված են եւ պետք է նախատեսվեն մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն, ազատությունները եւ դրանց սահմանափակումները, բացի վերը նշվածից, ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի համար որեւէ այլ սահմանափակում չի մատնանշում, հետեւաբար եւ նշված իրավունքի որեւէ այլ սահմանափակում ամրագրելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները ՀՀ սահմաններում բնակվող (գտնվող) ՀՀ քաղաքացիների հետ հավասար ունեն եւ պետք է ունենան ընտրելու եւ ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն ՀՀ օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի ՀՀ պետական համապատասխան մարմինների գործունեությամբ: Այսպիսով, "Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին" օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ, մեջբերում ենք հոդվածն ամբողջությամբ.
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին: Գործող ընտրական օրենսգիրքը քվեարկության օրը միայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողներին եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամներին եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձեւից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներին է հնարավորություն ընձեռում մասնակցել համապետական ընտրություններին: Համապետական ընտրությանը մասնակցելու հնարավորությունից ներկայումս չեն օգտվում արտերկրում գտնվող ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողները, աշխատանք փնտրելու նպատակով արտերկիր մեկնած եւ այլեւայլ պատճառներով արտերկրում գտնվող անձինք: Իրականում, այսպես թե այնպես, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները վերոնշյալ երկու կատեգորիաների անձանց համար կազմակերպում է համապետական ընտրություն եւ առաջարկվող փոփոխության ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում պարզապես կավելանան ընտրությանը մասնակցող ընտրողների թիվը: Փաստացի, ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքից օգտվում են միայն քվեարկության պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ քաղաքացիները, որն ընտրական իրավունքի իրացման խտրական դրսեւորում է:
Իրականում, ընտրական իրավունք ունեցող, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին՝ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից զրկելով խախտվում է նաեւ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը.
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից հավասարապես օգտվելու համար:
Առաջարկվող օրենքի նախագծով հավասար հնարավորություններ կստեղծվի քվեարկության օրը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների համար պետական կառավարմանը մասնակցելու առումով: