ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է մեծահասակների կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները:
Հոդված 2. Մեծահասակների կրթության մասին օրենսդրությունը
Մեծահասակների կրթության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքից, «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հոդված 3. Մեծահասակների կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության խնդիրները, սկզբունքները եւ քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները
Մեծահասակների կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության խնդիրներն են`
1) ողջ կյանքի ընթացքում անձի ուսումնառության հնարավորության ապահովումը,
2) Սահմանադրությամբ ամրագրված անձի կրթության իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը,
3) մեծահասակների կրթության համակարգի գործունեության եւ զարգացման համար իրավական հիմքերի ստեղծումը,
4) մեծահասակների կրթության համակարգի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումը եւ փոխհարաբերությունների իրավական կարգավորումը,
5) մեծահասակների կրթության որակի ապահովումը,
6) մեծահասակների կրթության տարբեր ձեւերի ներառումը միասնական օրենսդրական շրջանակում,
7) որակյալ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման, նրանց կարողությունների եւ հմտությունների կայացմանն ու զարգացմանն ուղղված համակարգի արդյունավետության ապահովումը,
8) ժամանակակից անհատի ու քաղաքացու ձեւավորման, հասարակության մտավոր ներուժի եւ աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության եւ սոցիալական համախմբվածության ապահովումը,
9) ինտեգրումը մեծահասակների կրթության բնագավառի միջազգային զարգացումներին, եւ այդ գծով միջազգային գիտակրթական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը:
Մեծահասակների կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքներն են`
1) մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ապահովումը՝ ունկնդրի անհատական կարողություններին եւ տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան,
2) քաղաքացիական, մշակութային եւ անձի զարգացմանն ուղղված կրթության ապահովումը,
3) մեծահասակների կրթության համակարգի կառավարման եւ ղեկավարման թափանցիկությունն ու կոլեգիալությունը,
4) սոցիալական գործընկերությունը,
5) մրցութայնությունը եւ հրապարակայնությունը,
6) մեծահասակների կրթություն իրականացնող բոլոր սուբյեկտների իրավահավասարությունը,
7) ինքնավարությունը եւ հսկելիությունը,
8) մեծահասակների կրթության մատչելիությունը,
9) մեծահասակների կրթության որակավորումների միջազգային համարժեքությունը,
10) հաստատությունների` մեծահասակների կրթությանն ուղղված գործունեության պետականորեն եւ օրենսդրորեն աջակցումը:
1. Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկայի կազմը եւ կառուցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մեծահասակների պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`
ա) մեծահասակների մասնագիտական ուսուցում` համապատասխան բյուջետային հատկացումների շրջանակներում,
բ) մեծահասակների մասնագիտական ուսուցում սոցիալական գործընկերների կամ քաղաքացիների պատվերով` վճարովի հիմունքներով,
գ) մեծահասակների (մասնագիտական, մշակութային, քաղաքացիական եւ անձի զարգացմանն ուղղված) ուսուցում անհատական շահագրգռվածության շրջանակներում:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) Մեծահասակների կրթություն հասկացությունը
Մեծահասակների կրթություն է համարվում հանրակրթության տարիքն անցած անձանց` հանրակրթական հիմնական ու լրացուցիչ, ինչպես նաեւ մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվող կրթությունը, որն իրականացվում է կրթական եւ ոչ կրթական հաստատությունների միջոցով:
2) Լրացուցիչ կրթություն
Լրացուցիչ կրթությունը մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործելու, մասնագիտական վերաորակավորումն ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթությունն է:
3) Մեծահասակների կրթության ծրագիր
Հիմնական ծրագրերից դուրս անձի մասնագիտական եւ կրթական պահանջմունքների բավարարումը եւ նրանց որակավորման ապահովումն է:
4) Մեծահասակների կրթությունը իրականացնող կազմակերպություններ
Մեծահասակների կրթությունը իրականացնում են պետական, մասնավոր եւ հասարական կազմակերպությունները:
5) Մեծահասակների կրթությունը վերահսկող լիազորված մարմինը
Մեծահասակների կրթությունը վերահսկող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված եւ այդ ոլորտում իրավունքներ եւ պարտականություններ ունեցող մարմինն է:
6) Մեծահասակների կրթության համակարգի մասնակիցները
Մեծահասակների կրթության ծրագրերում մասնակցություն ունեցող անձինք, ուսուցումը շարունակում են իրենց մշակութային, մասնագիտական եւ քաղաքացիական շրջահայացի ընդլայնմամբ:
7) Ճանաչվող որակավորումներ
Պետության կողմից շնորհվող որակավորումներ, որոնք ձեռք են բերվել գիտելիքների քննման, ստուգման եւ հաստատման գործընթացներով:
8) Մեծահասակների ֆորմալ կրթություն
Պետության կողմից կարգավորվող եւ վերահսկվող կրթություն, ուսուցում կամ դասընթաց, որոնց ավարտին շնորհվում է պետականորեն ճանաչված ավարտական փաստաթուղթ:
9) Մեծահասակների ոչ ֆորմալ կրթություն
Մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունն անհատի կամ հասարակության պահանջները բավարարելու նպատակով ստեղծված կրթություն, ուսուցում կամ դասընթացներ են, որոնց բարեհաջող ավարտից հետո շնորհվում է ոչ պետականորեն ճանաչված ավարտական փաստաթուղթ:
10) Մեծահասակների ակամա կրթություն
Մեծահասակների ակամա կրթությունը ամենօրյա կյանքի բնական բաղկացուցիչն է։ Ի տարբերություն ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությանը, ակամա կրթությունը չի ենթադրում պարտադիր ուսումնառություն եւ անհատի գիտելիքների եւ ունակությունների ավելացմանն աջակցություն:
11) Հեռավար /դիստանցիոն/ ուսուցում
Հեռավոր /դիստանցիոն/ ուսուցումը, համակարգված ուսուցման ձեւ է, երբ անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ դասախոսի միջեւ իրականացվումէ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցման միջոցներով:
12) Դրսեկություն /էքստեռնատ/
Դրսեկությունը /էքստեռնատ/ ինքնակրթությամբ եւ գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով իրականացվող կրթություն է:
ԳԼՈՒԽ 2.
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Մեծահասակների կրթության համակարգը
Մեծահասակների կրթության համակարգը ներառում է՝
1) մեծահասակների կրթություն իրականացնող բարձրագույն, միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները, պետական, հասարակական, մասնավոր եւ այլ կազմակերպությունները,
2) մեծահասակների կրթության գործառնությունն ու զարգացումն ապահովող կամ դրան որեւէ կերպ առնչվող կրթական, գիտական, գիտամեթոդական, նախագծային, արտադրական, առողջապահական, սոցիալ-մշակութային, հասարակական եւ այլ կազմակերպություններն ու խորհուրդները,
3) մեծահասակների կրթության կառավարման մարմինների եւ մասնագիտական կրթության բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց ու դրանց միավորումները:
Հոդված 6. Մեծահասակների կրթության կրթական ծրագրերի հասկացությունը
Մեծահասակների կրթության մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ մեծահասկների կրթության հատուկ ծրագրերի եւ երիտասարդների կրթության ծրագրերի բաժինների միջոցով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված ծրագրերը հանդիսանում են բնակչության ընդհանուր կրթությունը եւ մշակութային մակարդակը բարձրացնող ծրագրեր` գործող գրագիտության, աշխատանքին եւ զբաղվածությանն անհրաժեշտ գիտելիքների բարելավման, գործազուրկների կրթության եւ ուսուցման, ժողովրդավարությանն ուղղված կրթության, օտար լեզուների ուսումնառության, օտարերկրացիների կողմից հայերենի ուսումնառության, կյանքի որակին ուղղված կրթության, փոքրամասնությունների իրավունքների իրականացմանն ուղղված կրթության, հատուկ կարիքներով եւ հատուկ խմբերին պատկանող մեծահասակների, ինչպես նաեւ մեծահասակների ընդհանուր կրթության այլ տեսակների համար:
Հոդված 7. Մեծահասակների կրթության ուսումնառության ժամկետները:
Մեծահասակների կրթության ուսումնառության ժամկետները սահմանված են կրթական չափորոշիչներով եւ կրթական ծրագրերով:
Հոդված 8. Մեծահասակների մասնագիտական կրթության մասնագիտությունները
1. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, պետական կառավարման մարմինները, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրավասու են մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:
2. Մասնագիտական կրթության մասնագիտացումները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` համաձայնեցնելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
Հոդված 9. Մեծահասակների կրթություն իրականացնող հաստատությունները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպություն, անկախ դրա սեփականության ու կազմակերպական-իրավական ձեւից, համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կարող է իրականացնել մեծահասակների կրթություն, եթե այդ իրավունքն իրեն վերապահված է կանոնադրությամբ:
2. Մասնագիտական ուսումնական հաստատություն չհանդիսացող կազմակերպությունը մեծահասակների մասնագիտական կրթությունը եւ ուսուցումը իրականացնում է իր կողմից ստեղծված հիմնարկի կամ կազմակերպության՝ ուսումնական կենտրոնի միջոցով:
Հոդված 10. Այլ կազմակերպությունների մասնակցությունը մեծահասակների մասնագիտական կրթությանը
Այլ կազմակերպությունները, սոցիալական գործընկերները մասնակցում են մեծահասակների մասնագիտական կրթության բովանդակության՝ պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի մշակմանը, մասնագիտական կրթության կազմակերպմանն ու իրականացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորմանն ու պետական հավատարմագրմանը, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորմանը:
Այլ կազմակերպությունների, մարմինների, սոցիալական գործընկերների այլ իրավասությունները մասնագիտական կրթության բնագավառում սահմանում է կրթության պետական կառավարաման լիազորված մարմինը:
Պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 11. Մասնագիտական կրթության մասին ավարտական փաստաթղթերը
1. Մեծահասակների կրթության մասին փաստաթղթերն են`
1) մասնագիտական ուսուցման մասին վկայականը,
2) բանվորական որակավորման մասին վկայականը,
3) դասընթացին մասնակցելու վկայականը,
4) դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայականը:
2. Ուսումնառությունն անավարտ թողած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք` ուսումասիրած առարկաների, դասընթացների, դրանց ժամաքանակի եւ արդյունքների նշումով:
Հոդված 12. Մեծահասակների կրթության որակի հսկումը
1. Մեծահասակների կրթության որակի հսկումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
2. Մեծահասակների մասնագիտական կրթության որակի չափանիշները սահմանվում են պետական կրթական չափորոշիչների, կրթական գործունեության լիցենզավորման, պետական հավատարմագրման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման պահանջներով:
ԳԼՈՒԽ 3.
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 13. Մեծահասակների կրթության բովանդակությունը
Մեծահասակների կրթության արդյունքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաեւ պետության կողմից ճանաչված որակավորումներ:
Հոդված 14. Մեծահասակների կրթության գործընթացի կազմակերպումը
Մեծահասակների կրթությունը իրականացվում է ուսուցիչների, բարձրագույն մասնագիտական հաստատությունների դասախոսների, մեծահասակների կրթություն կազմակերպողների եւ պետական համալսարանի այլ մասնագետների, դպրոցների եւ դրանց միությունների, մեծահասակների կրթության հատուկ կազմակերպությունների եւ այլ կազմակերպությունների, որոնք գրանցված են մեծահասակների կրթության համար /այսուհետ` մեծահասակների կրթության կազմակերպություններ/ եւ ընկերությունների շրջանակներում գործող կրթական կենտրոնների, ինչպես նաեւ մասնավոր ուսուցչի /ինստրուկտորի/ կարգավիճակ ունեցող մասնավոր անհատների միջոցով:
Հոդված 15. Մեծահասակների կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Մեծահասակների կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) օրենքով սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատությունները,
2) հաստատում է մեծահասակների կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը,
3) հաստատում է մեծահասակների կրթության մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկերը,
4) ապահովում է մեծահասակների կրթության զարգացումը, բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումը, հոգում է ոլորտի տեղեկատվական ապահովումը,
5) մշակում է մեծահասակների կրթության համակարգի միջազգային պայմանագրերը եւ համաձայնագրերը,
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ։
Հոդված 16. Մեծահասակների կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝
1) մշակում է մեծահասակների կրթության ռազմավարությունը,
2) մշակում է մեծահասակների կրթությունը կարգավորող իրավական փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր իրավասություններին,
3) մեծահասակների կրթության խորհրդի հետ համատեղ սահմանում է համակարգի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մեծահասակների կրթական հաստատություների գործունեության առաջնահերթ ուղղությունները` համադրելով այն տարածքային զարգացման ծրագրերի հետ,
4) դիտարկում է պետական ֆինանսավորման եւ մեծահասակների կրթության աջակցությանը վերաբերող առաջարկները, աջակցում է մեծահասակների կրթության հաստատությունների համակարգի զարգացման նախագծերի ստեղծմանը, դրանց ֆինանսավորմանը եւ դրանց փոխանցմանը կառավարություն,
5) պատվիրում եւ ֆինանսավորում է մեծահասակների կրթության ծրագրերը եւ հատուկ նախագծերը,
6) պատվիրում եւ ֆինանսավորում է մեծահասակների կրթության ոլորտում գիտական հետազոտությունները,
7) մեծահասակների կրթության հասարակական կազմակերպություների հետ համատեղ ստեղծում է մեծահասակների կրթության տեղեկատվական կենտրոն, որն կուտակում եւ համակարգում է մեծահասակների կրթությանը վերաբերող տվյալները, կազմակերպում է մեծահասակների կրթողների ուսուցումը, տրամադրում է տեղեկատվություն եւ իրականացնում խորհդատվություն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար, որոնք հետաքրքրված են մեծահասակների կրթությամբ, տեղեկատվություն է տրամադրում կրթության եւ գիտության նախարարությանը, մեծահասակների կրթության հասարակական կազմակերպություններին եւ այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, մշակում եւ/ կամ իրականացնում է մեծահասակների կրթական ծրագրեր,
8) աջակցում է մեծահասակների կրթական ծրագրերին, որոնք տրամադրվում են այլ հաստատությունների եւ կազմակերպությունների կողմից, հաշվի առնելով նրանց կարեւորությունը եւ որակը, հաստատում է մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները,
9) իր իրավասությունների շրջանակում մշակում եւ հաստատում է համակարգի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտեր,
10) հաստատում է մեծահասակների կրթության պետական հաստատությունների վարչական եւ դասախոսական պաշտոններում ընտրության եւ նշանակման կարգերը,
11) մշակում եւ հաստատում է մեծահասակների կրթության պետական հաստատության գործունեությունը կանոնակարգող օրինակելի կանոնակարգերը,
12) վերահսկում է մեծահասակների կրթության հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարումը, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը եւ նրանց պատրաստման որակը,
13) իրականացնում է մեծահասակների կրթության հաստատությունների լիցենզավորումը եւ պետական հավատարմագրումը` անկախ կրթական ծրագրի մակարդակից ու մասնագիտական բնույթից, կրթական ծրագիրն իրականացնող կազմակերպության գերատեսչական ենթակայությունից եւ իրավական- կազմակերպական ձեւից,
14) սահմանում է մեծահասակների կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը,
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 17. Մեծահասակների կրթության բնագավառում սոցիալական ոլորտի պետական կառավարման մարմնի լիազորությունները
Մեծահասակների կրթության բնագավառում սոցիալական ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:
1) հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, աջակցում է մեծահասակների կրթական համակարգի գործունեությանը, որը վերաբերվում է գործազուրկներին եւ նրանց, ում աշխատանքից հեռացման հրաման է տրվել, մասնագիտական ուսուցմանը եւ շարունակական կրթությանը,
2) պատվիրում եւ ֆինանսավորում է մեծահասակների կրթության ծրագրերը եւ հատուկ նախագծերը, որոնք վերաբերվում են նրա լիազորություններին,
3) անհրաժեշտության դեպքում պատվիրում եւ ֆինանսավորում է մեծահասակների կրթության ոլորտում գիտական հետազոտություններ:
Հոդված 18. Մեծահասակների կրթության բնագավառում պետական կառավարման այլ մարմինների իրավասությունները
Մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում`
1) մասնակցում են`
ա) մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակման, մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկերի ձեւավորման, մասնագետների որակավորման պահանջների ամրագրման, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձեւավորման աշխատանքներին,
բ) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման եւ որակավորումների շնորհման գործընթացին,
2) ապահովում են սովորողների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների եւ գործնական աշխատանքների իրականացումը,
3) ուսումնասիրում են աշխատանքային շուկայի պահանջարկը եւ առաջարկություններ են ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին մասնագետների պատրաստման կարճաժամկետ եւ երկարաժամկետ պահանջարկի վերաբերյալ,
4) մասնակցում են բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման գործընթացներին։
Հոդված 19. Մեծահասակների կրթություն իրականացնող ուսումնական հաստատության իրավասությունները եւ կառավարումը
1. Մեծահասակների կրթության հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն օրենքին, կրթության համակարգի իրավական ակտերին եւ իր կանոնադրությանը համապատասխան՝
1) ըստ կրթական ծրագրերի եւ ուսուցման ձեւերի իրականացնում է ունկնդիրների ընդունելություն, ուսումնական գործընթացի ընթացիկ ատեստավորման անցկացումը եւ ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը, ուսումնամեթոդական ապահովումը,
2) ապահովում է աշխատողների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը,
3) մասնակցում եւ իրականացնում է մեծահասակների կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր,
4) աջակցում է ունկնդիրների մասնակցությանը ուսումնական հաստատության կողմից իրականցվող ծրագրերում:
2. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատությունը, օրինակելի կանոնադրությանը համապատասխան, մշակում է իր կանոնադրությունը, որը ներկայացվում է պետական լիազորված մարմնի կամ հիմնադրի հաստատմանը:
3. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում են կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, եւ գործադիր մարմինը` տնօրենը:
4. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն ուսումնական հաստատության խորհուրդն է (այսուհետեւ` հաստատության խորհուրդ), որը ստեղծվում է 4 տարի ժամկետով:
5. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների պաշտոններն ընտրովի են:
6. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության տնօրենին եւ մասնաճյուղի վարիչին մրցութային հիմունքներով` 4 տարի ժամկետով ընտրում է հաստատության խորհուրդը: Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է պետական լիազորված մարմինը:
7. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության ամբիոնների եւ բաժնի վարիչներին մրցութային հիմունքներով՝ 4 տարի ժամկետով ընտրում են համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները:
8. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների պաշտոնները միեւնույն անձը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:
9. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների ընտրության եւ նշանակման կարգը մշակում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 20. Մեծահասակների կրթական գործունեության լիցենզավորումը եւ մասնագիտական ուսումնական հաստատության հավատարմագրումը
1. Մեծահասակների կրթական գործունեությունը կարող է իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
2. Մեծահասակների կրթական գործունեության լիցենզավորումն իրականացվում է կրթական ծրագրի յուրաքանչյուր մասնագիտության համար առանձին:
3. Մեծահասակների կրթական գործունեության լիցենզավորումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
4. Պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ կրթական ծրագրի` յուրաքանչյուր մասնագիտության գծով:
5. Մեծահասակների կրթական հաստատությունները կարող են ստանալ նաեւ հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին եւ պահանջներին հաստատության գործունեության մակարդակի համապատասխանության ճանաչումն է:
Պետությունը պարտավորություններ չի կրում ոչ պետական կազմակերպությունների կողմից իրականացված հավատարմագրման արդյունքների նկատմամբ:
6. Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են. հավատարմագրման պետական-հասարակական բնույթը, հավատարմագրման գործընթացի թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, հավատարմագրման գործընթացում շահագրգիռ կողմերի հնարավոր լայն մասնակցությունը, հավատարմագրող պետական մարմնի անկախությունը եւ ինքնավարությունը, կամավորությունը, հավատարմագրի ժամկետի սահմանափակությունը, որակի վերահսկման անընդհատությունը:
ԳԼՈՒԽ 4.
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Մեծահասակների կրթության սոցիալական երաշխիքները
Աշխատանքային պայմանագրով աշխատող անձին նրա խնդրանքով, պետական կամ ցանկացած այլ աջակցությամբ մեծահասակների կրթություն ստանալու նպատակով, կարող է տրամադրվել նաեւ լրացուցիչ վճարովի արձակուրդ գործատուի հետ նախապես պայմանավորված ժամանակահատվածում։ Այդ արձակուրդի տեւողությունը եւ ֆինանսավորման պայմանները նշվում են աշխատանքային պայմանագրում։
Հոդված 22. Պատասխանատվություն վճարված արձակուրդն օգտագործելու համար
Անձը, որն ստանում է վճարովի արձակուրդ ոչ ֆորմալ կրթության համար եւ օգտագործում է այն ոչ համապատասխան նպատակին, պարտավոր է վերականգնել գործատուին կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատճառված վնասները, ով տրամադրել է այդ արձակուրդն օրենքով սահմանված կարգով։
Հոդված 23. Մեծահասակների կրթության համակարգի ունկնդիրները
Մեծահասակների կրթության ուսումնական հաստատության ունկնդիրը մեծահասակների կրթության սուբյեկտ է:
Մեծահասակների կրթական ծրագրերի մասնակիցները իրավունք ունեն`
1. ստանալ անվճար տեղեկատվություն գործող մեծահասակների կրթական հաստատությունների, ծրագրերի եւ ձեւերի մասին,
2. ընտրել մեծահասակների կրթական հաստատությունը, ծրագիրը եւ ձեւը,
3. առաջարկություններ անել մասնակիցներին տրամադրվող մեծահասակների կրթական ծրագրերի վերաբերյալ, առաջարկել իրենց անձնական ծրագրերը,
4. ստանալ պետական աջակցություն, որն իրականացվում է մեծահասակների կրթական հաստատությունների միջոցով, կառավարության կողմից սահմանված կարգով, ինչպես նաեւ ստանալ լրացուցիչ վճարովի արձակուրդ,
5. ֆորմալ կրթական, գիտական եւ հետազոտական հաստատություններում քննություն հանձնելուց հետո ստանալ մեծահասակների կրթության համակարգում ձեռք բերված գիտելիքների գնահատում, ինչպես նաեւ պետականորեն ճանաչված փաստաթուղթ` վկայող ֆորմալ կրթության, դրա որեւէ փուլի կամ առանձին ծրագրի /մոդուլի/ որոշ աստիճանի ձեռք բերման մասին: Համաձայնագիր կնքել մեծահասակների կրթության պայմանների վերաբերյալ, այդ կրթությունը տրամադրողի եւ/ կամ այդ կրոթությունը ֆինանսավորողի հետ, եթե այդ կրթության համար անհրաժեշտ է վճարել:
6. Մեծահասակների կրթության ուսումնական հաստատության ունկնդիրն իրավունք ունի`
ա) ընտրելու էլեկտիվ (տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր) եւ ֆակուլտատիվ (տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր) դասընթացներ, որոնք տրամադրում է համապատասխան ուսումնական ստորաբաժանումը,
բ) մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը` պահպանելով մեծահասակների կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները,
գ) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց` հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,
դ) մասնակցելու մեծահասակների կրթության ուսումնական հաստատության կառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին:
7. Մասնագիտական կրթական ծրագրերի ունկնդիրներն օգտվում են նույն իրավունքներից` անկախ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող այն կազմակերպության սեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից, որտեղ նրանք ուսումնառում են:
8. Սոցիալապես անապահով եւ կարիքավոր ուսանողներին պարբերաբար նյութական օգնություն ցույց տալու նպատակով մասնագիտական ուսումնական հաստատությունն իր կանոնադրությանը համապատասխան, կարող է ստեղծել ուսանողական նպաստների հիմնադրամներ։
9. Ունկնդիրը կարող է`
1) օգտվել սահմանված չափի, այդ թվում անվանական, ինչպես նաեւ իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված նպաստներից,
2) ստանալ նյութական եւ (կամ) բարոյական խրախուսանք ուսման առաջադիմության եւ ստեղծագործական աշխատանքներին մասնակցելու համար:
Հոդված 24. Մեծահասակների կրթության համակարգի աշխատողները
1.Մեծահասակների կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում նախատեսվում են անդրագոգիկ (մեծավարժական), վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ անձնակազմեր:
2.Անդրագոգիկ կազմն ընդգրկում է դասախոս, թրեյներ, արտադրական ուսուցման վարպետ տարակարգերը, ինչպես նաեւ խորհրդատու, համատեղող եւ այլ հատուկ տարակարգեր:
3.Անդրագոգիկ աշխատողների տարակարգերին եւ պաշտոններին ներկայացվող պահանջները, նրանց հրամանագրման, մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը, պայմանագրավորման (վերապայմանագրավորման) ժամկետները սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Հոդված 25. Անդրագոգիկ կադրերի վերապատրաստումը, ատեստավորումը
Մանկավարժական կադրերի վերապատրաստման եւ ատեստավորման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
ԳԼՈՒԽ 5.
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 26. Մեծահասակների կրթության համակարգի ֆինանսավորումը
1. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումը իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքով սահմանված կարգով:
2. Պետական բյուջեից մեծահասակների կրթական համակարգի ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, պետական սուբսիդիայի ձեւերով:
3. Շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք եւ մասնակիցները կարող են ֆինանսավորել մեծահասակների կրթությունը։ Այն կարող է ֆինանսավորվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան։
4. Պետությունը կարող է աջակցել մեծահասակների կրթությանը, ֆինանսավորում տրամադրելով՝
ա) մեծահասակների կրթության մասնակիցներին
բ) ծրագրերին եւ հատուկ նախագծերին
գ) մեծահասակների կրթություն տրամադրողների մասնագիտական ունակությունների բարելավմանը
դ) մեծահասակների կրթության համար անհրաժեշտ տարածքների եւ սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաեւ տարածքների վարձակալությանը:
5. Պետության կողմից պատվիրված մեծահասակների կրթության ծրագրերը եւ հատուկ նախագծերը ֆինանսավորվում են պետական բյուջեից:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրված մեծահասակների կրթության ծրագրերը եւ հատուկ նախագծերը ֆինանսավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
7. Պետությունը ֆինանսավորում է կրթությունը սոցիալական աջակցություն ստացող անձանց համար։
8. Մեծահասակների կրթության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկյա պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը,
բ) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության արդյունքով եւ օրենքով չարգելված այլ գործունեություններից:
9. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը։
10. Մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատությունը, համաձայնեցնելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ, որոշում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացած միջոցների օգտագործման կարգը եւ ուղղությունները, այդ թվում նաեւ՝ ունկնդիրների եւ աշխատողների վարձատրման, նյութական խրախուսման եւ նպաստների համար հատկացված միջոցների ծավալները:
11. Մեծահասակների կրթության ուսումնական հաստատությունները սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական եւ ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառում, վարում են վիճակագրական եւ հաշվապահական հաշվառում։
12. Մեծահասակների կրթություն իրականացնող կազմակերպություններում տնտեսական եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են պետական կառավարման մարմինները:
13. Մեծահասակների կրթություն իրականացնող կազմակերպությունների գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Մեծահասակների կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մասնագիտական կրթության յուրաքանչյուր աստիճանում անհատի շարունակական մասնագիտական որակավորման զարգացման ապահովմամբ: Մեծահասակների կրթության շարունակական եւ չդադարող գործընթաց է, որը բերում է մարդկային ռեսուրսների նորացում եւ ողջ կյանքի ընթացքում ուսուցման բովանդակության ադապտացիայի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Օրենքի նախագիծը նախատեսում է նաեւ, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառուցվածքային ստորաբաժանումները լրացուցիչ կրթական ծրագրերով կարող են իրականացնել վերապատրաստում եւ մասնագետների որակավորման բարձրացում:
Մեծահասակների կրթության ծրագրերը կրթության հնարավորություն են տալիս յուրաքանչյուր ցանկացողի` առանց տարիքային, ռասայական, գենդերային եւ այլ սահմանափակման, ընդլայնում են լրացուցիչ կրթություն ստանալու` ՀՀ բոլոր տարիքի քաղաքացիների հնարավորությունները, ստեղծում են հավելյալ ուսումնական նյութեր մեծահասակների կրթության համար, ձեւավորում են նոր, զանգվածային զբաղվածության ոլորտ Հայաստանի տնտեսության մեջ, բարձրացնում են կրթության արդյունավետությունը շուկայական հարաբերությունների եւ կապերի համակարգում, լրացուցիչ կրթություն իրականացնելու համար խթանում են համագործակցությունն առաջատար միջազգային կենտրոնների հետ:
Ռազմավարական իմաստով մեծահասակների կրթությունը նախատեսում է հանրակրթություն, մասնագիտական եւ լրացուցիչ կրթություն, վերապատրաստում եւ վերաորակավորում: