Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը
1. Սույն օրենքը կարգավորում է Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ նրանց գործունեության հետ կապված այլ հարաբերություններ եւ ուղղված է փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը:
2. Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով խոշոր առեւտրային օբյեկտներ են համարվում`
1) հիպերմարկետ - մանրածախ առեւտրի օբյեկտ, որն իրականացնում է սննդամթերքի եւ (կամ) ոչ պարենային բազմատեսակ ապրանքների առուվաճառք` առավելապես ինքնասպասարկման եղանակով` 3000 եւ ավելի ք/մ առեւտրային մակերեսով,
2) սուպերմարկետ (ունիվերսամ) - մանրածախ առեւտրի օբյեկտ, որն իրականացնում է սննդամթերքի եւ (կամ) բարձր պահանջարկի ոչ պարենային բազմատեսակ ապրանքների առուվաճառք` առավելապես ինքնասպասարկման եղանակով` 300 եւ ավելի ք/մ առեւտրային մակերեսով,
3) խանութ-պահեստ - մանրածախ եւ մեծածախ առեւտրի օբյեկտ, որն իրականացնում է սննդամթերքի եւ (կամ) ոչ պարենային բազմատեսակ ապրանքների վաճառք` առավելապես արկղերով եւ փաթեթավորման այլ եղանակներով, ինչպես բնակչությանը, այնպես էլ կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին` հետագա վերավաճառքի կամ փոքր արտադրություններում օգտագործելու, բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով` 500 եւ ավելի ք/մ առեւտրային մակերեսով:
2. Սույն օրենքի իմաստով փոքր եւ միջին առեւտրային օբյեկտներ են համարվում մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված սննդամթերքի ու ոչ պարենային ապրանքների, խառը տեսականի ունեցող խանութները եւ տաղավարները` 7 եւ ավելի ք/մ առեւտրային մակերեսով:
Հոդված 3. Խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների սահմանման նպատակները
1. Խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանվում են առեւտրային ցանցերի համակարգի բարեփոխումների խնդիրների լուծման, ժամանակակից առեւտրային համալիրների ձեւավորման, բնակչության սպասարկման մակարդակի բարձրացման նպատակներով:
2. Խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների կիրառումն ուղղված է`
1) առեւտրային օբյեկտների համակարգի զարգացմանը, որը ներառում է սպասարկման երկու մակարդակներ (տեղային եւ քաղաքային),
2) խոշոր առեւտրային օբյեկտների եռաստիճան համակարգի ձեւավորմանը (հիպերմարկետներ, սուպերմարկետներ (ունիվերսամներ) եւ խանութ-պահեստներ, որոնք միմյանցից տարբերվում են տեղակայման առանձնահատկություններով, ծառայությունների մատուցման քանակական եւ որակական ցուցանիշներով),
3) Երեւան քաղաքի տարածքում առեւտրային ցանցերի տեղակայման` ձեւավորված անհամամասնության հավասարակշռմանը, առավել սուղ առեւտրային մակերեսներ ունեցող վարչական շրջաններում նոր առեւտրի օբյեկտների բացման առաջնահերթությանը` մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու նպատակով,
4) խոշոր առեւտրային օբյեկտների առկայության պայմաններում փոքր եւ միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը, մայրաքաղաքի ամբողջ տարածքում բնակչությանը սոցիալական կարեւորության առեւտրային օբյեկտներով ապահովմանը:
Հոդված 4. Խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայմանը ներկայացվող պահանջները եւ չափորոշիչները
1. Քաղաքային մակարդակի խոշոր առեւտրային օբյեկտները (15-60 րոպե տեւողությամբ տրանսպորտահետիոտնային հասանելիության սպասարկման տրամագծով) ապահովում են բնակչության պարբերական պահանջարկի բավարարումը առաջնահերթ ապրանքներով եւ տեղակայվում են Երեւան քաղաքի հիմնական տրանսպորտային ուղիներին ու տրանսպորտային փոխադրման հանգույցներին հարող տարածքներում:
2. Քաղաքային հողերի սղության պատճառով, խոշոր առեւտրային օբյեկտների նոր շինարարությունը կարող է իրականացվել` հաշվի առնելով քաղաքային տարածքների արդյունավետ օգտագործումը, մասնավորապես վերգետնյա եւ ստորգետնյա տարածքների յուրացմամբ, անօգտագործելի արտադրական գոտիների տարածքների վերակազմակերպմամբ, արտադրական մակերեսները առեւտրային գործառույթներ ունեցող օբյեկտների վերակազմավորմամբ:
3. Խոշոր առեւտրային օբյեկտները գլխավորապես տեղակայվում են առեւտրային ցանցերով առավել ցածր ապահովվածության ցուցանիշներ ունեցող վարչական շրջաններում:
4. Խոշոր առեւտրային օբյեկտների չափաբաժինը Երեւան քաղաքի առեւտրային ցանցերի համակարգում` ըստ վարչական շրջանների, չի կարող գերազանցել 30-40%-ը` դրանց մակերեսների առնվազն 10-20%-ը առեւտրային փոքր օբյեկտներին վարձակալության տրամադրելու պայմանով:
Հոդված 5. Խոշոր առեւտրային օբյեկտների առկայության պայմաններում բնակչությանը սոցիալական կարեւորության առեւտրային օբյեկտներով ապահովման երաշխիքները
1. Երեւան քաղաքի վարչական շրջաններում տեղային մակարդակի առեւտրային օբյեկտները 7-10 րոպե հետիոտնային հասանելիությամբ, մինչեւ 300 մետր տրամագծով, ապահովում են բնակչությանը սոցիալապես երաշխավորված ծառայությունների մատուցում` բնակության վայրին առավել մոտ ապրանքների եւ ծառայությունների ամենօրյա եւ պարբերական պահանջարկի բավարարմամբ:
2. Երեւան քաղաքի վարչական շրջաններում փոքր եւ միջին առեւտրային օբյեկտներով նորմատիվային ապահովվածության ցածր ցուցանիշներ ունեցող տարածքները ենթակա են 1000 բնակչի հաշվարկով` 150 եւ ավելի ք/մ ընդհանուր մակերես ունեցող տեղային մակարդակի սպասարկման առեւտրային օբյեկտներով համալրման:
Հոդված 6. Խոշոր առեւտրային օբյեկտների ցանցի համակարգի զարգացման պետական քաղաքականությունը
1. Երեւան քաղաքում առեւտրային գործունեության կազմակերպման քաղաքականությունն ուղղված է մայրաքաղաքի տարածքում առեւտրային օբյեկտների տեղակայման ապակենտրոնացմանը` հաշվի առնելով խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման առաջնահերթությունը քաղաքի արվարձանային եւ ոչ կենտրոնական գոտիներում:
2. Խոշոր առեւտրային օբյեկտների տարածքները կարող են նախատեսվել հետեւյալ գործառնական ուղղություններով. առեւտրային (մանրածախ եւ մեծածախ առեւտրային օբյեկտներ), տրանսպորտային (ավտոկայանատեղիներ, ավտոսպասարկման ծառայություններ), պահեստային (մեծածախ պահեստային համալիրներ), վարչական, ցուցահանդեսային եւ մշակութաժամանցային:
3. Երեւան քաղաքում առեւտրային գործունեության կազմակերպման քաղաքականությունը ներառում է մայրաքաղաքի տարածքների պահուստավորումը` հետագայում այդ տարածքներում խոշոր առեւտրային օբյեկտներ տեղակայելու նպատակով:
4. Երեւան քաղաքում առեւտրային գործունեության կազմակերպման քաղաքականության նպատակը բնակչությանը սոցիալական կարեւորության առեւտրային օբյեկտներով ապահովման նորմատիվ մակարդակի երաշխավորումն է` մինչեւ 2020 թվականը:
5. Երեւան քաղաքի վարչական շրջաններում խոշոր առեւտրային օբյեկտների ցանցի համակարգի զարգացման հեռանկարային համալիր ծրագիրը եւ քաղաքային նշանակության խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման հատակագիծը հաստատում է ՀՀ կառավարության լիազորված պետական մարմինը:
Հոդված 7. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի պահանջները խախտելու համար առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով վերջին տարիներին Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների թվի ավելացման գործընթացը` անհրաժեշտություն է առաջացել օրենքով կարգավորել այդ օբյեկտների տեղակայման չափորոշիչները եւ դրանց հետ կապված իրավահարաբերությունները: Սույն օրենքի նախագիծը միտված է վերը նշված խնդիրների օրենսդրական կարգավորմանը:
Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով հստակ տրվում են գերխոշոր, խոշոր եւ միջին առեւտրային օբյեկտների բնութագրերը, խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայմանը ներկայացվող պահանջները եւ չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց սահմանման նպատակները:
Խոշոր առեւտրային օբյեկտների թվի ընդլայնումը իր բացասական ազդեցությունը կարող է թողնել միջին եւ փոքր առեւտրային օբյեկտների հետագա գործունեության վրա:
Սույն նախագծով փորձ է արվում կարգավորել մի քանի խնդիրներ: Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, որ սույն օրենքը կարգավորում է Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ նրանց գործունեության հետ այլ հարաբերություններ եւ ուղղված է փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը, որի հիմնական նպատակը մայրաքաղաքի տարածքում առեւտրային տարածքների տեղակայման ապակենտրոնացումն է:
Հաջորդ խնդիրը քաղաքային չօգտագործվող տարածքների արդյունավետ օգտագործումն է առեւտրային նպատակներով կառուցվող օբյեկտների համար:
Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ սույն օրենքի իմաստով փոքր եւ միջին առեւտրային օբյեկտներ են համարվում մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված սննդամթերքի ու ոչ պարենային ապրանքների, խառը տեսականի ունեցող խանութները եւ տաղավարները` 7 եւ ավելի ք/մ առեւտրային մակերեսով:
Դրանց ցանցի զարգացումը միտված է միջին եւ փոքր առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը, մայրաքաղաքի ամբողջ տարածքում բնակչությանը սոցիալական կարեւորության առեւտրային օբյեկտներով ապահովմանը:
Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող խոշոր առեւտրային ցանցի համակարգի զարգացման քաղաքականության նպատակը բնակչությանը սոցիալական կարեւորության առեւտրային օբյեկտներով ապահովման նորմատիվ մակարդակի երաշխավորումն է մինչեւ 2020 թվականը: