Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«33) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Մինչեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ՀՀ օրենսդրության համաձայն նվազագույն աշխատավարձը հարկման ենթակա չի եղել, սակայն ընդունված օրենքով այն պետք է հարկվի 2013 թվականի հունվարի 1-ից:
Նվազագույն աշխատավարձի չհարկումը համապատասխանում էր ինչպես ՀՀ Սահմանադրության 32-րդ եւ 34-րդ հոդվածների պահանջներին, այնպես էլ ՀՀ կողմից ընդունված միջազգային պարտավորություններին: Մասնավորապես, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 131` նվազագույն աշխատավարձի սահմանման մասին, կոնվեցիայի (Հայաստանում ուժի մեջ է մտել 2006 թվականի ապրիլի 29-ից) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նվազագույն աշխատավարձն ունի օրենքի ուժ եւ նվազեցման ենթակա չէ: Ընդ որում, այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն: Այս կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2004 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ 527 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Ինչպես ամրագրված է ՍԴ վերոհիշյալ որոշման 3-րդ կետում, կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես. ապահովել, որպեսզի նվազագույն աշխատավարձը չնվազեցվի, ինչպես նաեւ ստեղծել ազգային պայմաններին եւ պահանջներին հարմարեցված այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա ժամանակ առ ժամանակ վերանայել նվազագույն աշխատավարձը:
Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրով սահմանված նորմն ունի ՀՀ օրենքի նորմի նկատմամբ գերակայող իրավական ուժ, անհրաժեշտ է, որպեսզի «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվի ՀՀ ԱԺ կողմից 2005 թվականի հոկտեմբերի 3-ին վավերացված ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի պահանջներին:
Օրինագծի ընդունումը համահունչ է ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Օրինագիծը մշակել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները եւ փորձագետները: