Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետեւ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Եթե վարկի տրամադրման, օգտվելու կամ մարման վերաբերյալ գովազդային ծառայությունները (հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր եւ այլն)` անկախ գովազդի տեղադրման վայրից, պարունակում են վարկի արժեքի վրա ազդող թեկուզ մեկ պայման` տոկոսների չափի կամ վարկի տրամադրման ու մարման հետ կապված որեւէ այլ վճարի կամ ծախսի մասին, ապա այդպիսի գովազդը պետք է պարունակի բոլոր մնացած պայմանները, որոնք որոշում են վարկի փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը, այն ստանալու եւ մարելու համար կատարվող ծախսերը), ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ ողջամիտ ձեւով հասու դարձնել վարկի փաստացի արժեքը` ներկայացվում է դրա հաշվարկման կարգը կամ վարկի տարեկան փաստացի արժեքի առավելագույն չափը:»
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Կենտրոնական բանկն է:»
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներկայումս վարկերի տրամադման մասին գովազդներում ներկայացվում են հայտարարություններ, առաջարկներ եւ պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու եւ մարման փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը եւ այն ստանալու համար կատարվող բոլոր ծախսերը), ինչը վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու, իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից:
Մյուս կողմից հայտարարվում է մի տոկոսադրյուք, որն իր բնույթով լինելով վարկի արժեքը, հաճախ իր մեջ չի ներառում վարկի ստացման, սպասարկման եւ մարման համար կատարվող ծախսումները, արդյունքում վարկառուի համար վարկի արժեքը մեծանում է, որը հաճախ հանգեցնում է անցանկալի հետեւանքների, ներառյալ անվճարունակությունը եւ անհարկի ծախսումների պահանջի ձեւավորմանը:
Այս իրավիճակը նմանվում է ոչ հավաստի տեղեկատվությամբ ապրանքների եւ ծառայությունների ձեռք բերմանը, իսկ հաճախ նաեւ` անբարեխիղճ գովազդի դրսեւորմանը: Մինչդեռ գովազդի մասին օրենքը պահանջում է, որպեսզի գովազդը լինի հավաստի եւ բարեխիղճ: Ինչպես ամրագրված է հիշյալ օրենքի 7-րդ հոդվածում գովազդի հավաստիությունը վերաբերում է նաեւ ապրանքների եւ ծառայությունների վճարման լրացուցիչ պայմաններին, իսկ 21-րդ հոդվածի համաձայն, արգելվում է հրապարակել անբարեխիղճ գովազդը: Ընդ որում, գովազդն անբարեխիղճ է, եթե օրինակ ապակողմնորոշում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, քանի որ լիարժեքորեն չի ներկայացվել ապրանքի կամ ծառայության (տվյալ դեպքում փողի եւ այն վճարելիության սկզբունքով տրամադրվող վարկային ծառայության) առանձնահատկությունները, գինը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նույն հոդվածի համաձայն մասնակիորեն անբարեխիղճ գովազդն անբարեխիղճ է համարվում ամբողջությամբ:
Հետեւաբար օրինագծի 1-ին հոդվածը միտված է լրացնելու այս բացը:
Օրինագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ֆինանսական եւ վարկային ծառայությունների ոլորտում գովազդի մասին օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել ՀՀ կենտրոնական բանկին, ինչպես մասնագիտական, այնպես էլ կազմակերպչական նկատառումներից ելնելով:
Օրինագիծը մշակել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները եւ փորձագետները: