Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-238-11.03.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թ, ՀՕ -112)16-րդ հոդվածի 1-ին մասիգ) կետի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները»:

Հոդված 2

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների միջեւ առկա օրենսդրական հակասությունների վերացման նպատակով ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.06.2002թ. ընդունվեց եւ 12.08.2002թ., օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտավ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Խոսքը մասնավորապես վերաբերում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի կետ 1-ի երրորդ մասի երկրորդ պարբերությամբ շարադրված այն դրույթին, համաձայն որի «չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում` …պետական վիճակագրական հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները» եւ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի 7-րդ մասի այն դրույթին, համաձայն որի «...վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի»: Նշված դրույթների ամրագրման պարագայում, փաստորեն ստացվում էր, որ «Պետական վիճակագրության մասին» եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքների միաժամանակյա գործողության պայմաններում, մեկ օրենքի պահանջների կատարումը հանգեցնում էր մյուսի պահանջների խախտմանը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից եւ պաշտոնական հրապարակումից հետո պարզ դարձավ, որ ոչ միայն չի վերացվելվերոնշյալ հակասությունը, այլեւ փոփոխության է ենթարկվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մեկ այլ դրույթ, ինչը, ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել պատահաբար` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի բավականին ծավալուն հոդված 16-ի մասերի սխալ հաշվարկման արդյունքում:

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը` ՀՀ վարչապետի 06.06.2002թ. թիվ 012-2796 գրությամբ կարծիքի ներկայացված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած օրենքի նախագծի հոդված 2-ով արձանագրվում էր հետեւյալը.

«Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

- վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքագրված հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները»,

ինչը լինելով փոխզիջումային եւ վերջնական փոխհամաձայնեցված տարբերակ, արժանացել էր նաեւ ՀՀ ԱՎԾ-ի պաշտոնական համաձայնությանը:

Սակայն, հետագայում, ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի առաջին ընթերցումից հետո, երկրորդ ընթերցման ժամանակ (երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը ՀՀ ԱՎԾ-ին կարծիքի չի ներկայացվել), նշված դրույթը վերախմբագրվեց հետեւյալ կերպ.

«Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի նախավերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

- վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները»:

Արդյունքում, հոդված 16-ի նախավերջին պարբերությունը ստացավ հետեւյալ բովանդակությունը

«Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում`

- վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները ,

- պետական վիճակագրական հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները: »

Այսպիսով, օրենսդրական մակարդակում դեռեւս խնդրահարույց է մնացել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա հակասությունը, որի վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված էլ, ՀՀ ԱՎԾ-ի կողմից մշակվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որը վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հավանությունը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կարծիքը եւ արդարադատության նախարարության իրավական-փորձագիտական եզրակացությունը: