Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-078-06.09.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ կենսաթոշակառուին վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է օրենքով սահմանված կարգով ներկայացված նոր դիմումի հիման վրա` անկախ նոր դիմումը ներկայացնելու ժամկետից: Եթե սույն մասով սահմանված` չվճարված կենսաթոշակի գումարը չի վճարվում կենսաթոշակառուի մահվան պատճառով, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի համար սահմանված կարգով:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մահացած կենսաթոշակառուի` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու իրավունք ունեցող անձին, եթե դիմումը ներկայացվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամuվա ընթացքում:
 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծն ընդունելու վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կարգը: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 19.03.2012թ. թիվ ՀՕ-100 Ն օրենքով կատարված փոփոխության համաձայն` սահմանվեց, որ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելուն նախորդող մեկ տարվա ժամանակահատվածի համար` նախկինում գործող 3 տարվա փոխարեն:
Փոփոխությունը առաջացրել է մեր կենսաթոշակառուների արդարացի դժգոհությունը եւ բացասաբար է ազդել կենսաթոշակառուների սոցիալական վիճակի վրա:

Ընդ որում, տուժել են այն կենսաթոշակառուները, ովքեր սոցիալական ծանր իրավիճակից ելնելով մեկնել են արտասահմանի իրենց հարազատների մոտ` հույս ունենալով, որ վերադառնալու դեպքում կստանան իրենց կուտակած առանց այն էլ չնչին կենսաթոշակը եւ կհոգան իրենց ապրուստը:

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է վերականգնել չվճարված կենսաթոշակի գումարը դիմելուն նախորդող երեք տարվա ժամանակահատվածի համար վճարելու դրույթը: