Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-5301-09.02.2009-ԳԲ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական պրոցեսի,  դրա ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի (այսուհետ` վնասակար նյութեր կամ աղտոտող նյութեր) եւ օգտագործվող հումքի նկատմամբ ինքնահսկման (այսուհետ` ինքնահսկում) իրականացման իրավական հիմքերը:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

Օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի 12-16 հոդվածներով սահմանված       իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություն) եւ բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի  (այսուհետ` լիազոր մարմին)  վրա:

Հոդված  3. Ինքնահսկման մասին օրենսդրությունը

1. Բնապահպանական օրենսդրության պահանջների նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին օրենսդրությունը բաղկացած է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության օրենքներից,  սույն օրենքից եւ իրավական այլ  ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ  նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված  4. Օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ինքնահսկում `  չափագրման եւ (կամ) հաշվարկային մեթոդների հիման վրա դիտարկումներով կազմակերպության կողմից իր արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում` հումքի օգտագործման, դրա  ընթացքում առաջացած վնասակար նյութերի որակի ու քանակի, օգտագործվող բնական ռեսուրսների որակի ու քանակի եւ բնապահպանական օրենսդրության պահանջներին շրջակա միջավայրի վիճակի համապատասխանության գնահատման գործընթաց.

2) մշտական (անըդհատ) հսկողություն ` լիազոր մարմնի կողմից հաստատված կազմակերպության ինքնահսկման ծրագրով պարամետրերի չափումների ժամանակացույցով (սահմանված կարգով չափման մեթոդներին համապատասխան) սահմանվող չափումների պարբերականություն.

3) հումք ` կազմակերպության արտադրական գործարկման եւ շահագործման ժամանակ օգտագործվող  նյութեր, բնական ու էներգետիկ ռեսուրսներ.

4) նյութ ` կազմակերպության արտադրական գործարկման եւ շահագործման ժամանակ օգտագործվող կամ առաջացող ցանկացած քիմիական տարր եւ դրա միացություններ` բացառությամբ   գենետիկորեն վերափոխված օրգանիզմների.

5) վնասակար նյութեր կամ աղտոտող նյութեր `  արտադրության պրոցեսում կայանքի առանձին կամ դիֆուզիոն (սփռված) աղբյուրներից մթնոլորտային օդ, ջրային ռեսուրսներ եւ հող  կատարվող արտահոսքերում, արտանետումներում, ինչպես նաեւ արտադրության թափոններում պարունակվող վնասակար ազդեցություն ունեցող նյութեր.

6) աղտոտում ` գործունեության արդյունքում առաջացող վնասակար նյութերի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը մթնոլորտային օդի, հողի կամ ջրային  ռեսուրսների վրա,  որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վրա, վատթարացնել կամ խաթարել շրջակա միջավայրի եւ դրա օգտակար հատկությունների ամբողջականությունը.

7) թույլտվություն `   լիազոր մարմնի կողմից տրվող փաս՟տա՟թուղթ, որը պարունակում է օրենսդրության պահանջների համապատասխանությունն ապահովող, որոշ պայմանների պահպանմամբ ամբողջ կազմակերպության կամ դրա մի մասի կամ առանձին տեղամասի  շահագործումը թույլատրող գրավոր որոշման մաս կամ ամբողջական որոշում (կամ մի քանի այդպիսի որոշումներ): Թույլտվությունը կարող է վերաբերել նույն վայրում գտնվող եւ նույն կազմակերպության կողմից շահագործվող մեկ կամ մի քանի օբյեկտներին կամ օբյեկտների մասերին.

8) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ազդեցության գնահատում) ` կազմակերպության գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի` մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, լանդշաֆտի (աշխարհագրական թաղանթի համասեռ տեղամաս, բնապատկեր), կլիմայի, նյութական արժեքների եւ մշակութային ժառանգության, ինչպես նաեւ տվյալ գործոնների փոխկապակցվածության վրա ուղղակի կամ անուղղակի ներգործության գնահատում` պարբերական վերլուծության միջոցով.

9) շահագործման պայմանների փոփոխություն ` կազմակերպության արտադրական գործընթացների այնպիսի փոփոխություններ, որոնք  կարող են դրական կամ բացասական ազդեցություն  ունենալ շրջակա միջավայրի  վրա.

10) առաջնային հաշվառման գրանցամատյան `  լիազոր մարմնի կողմից սահմանված, ինքնահսկման արդյունքների գրանցման թղթային ձեւաչափի փաստաթուղթ եւ դրան համապատասխան համակարգչային ծրագիր:

Հոդված  5.  Ինքնահսկման իրականացման նպատակն ու խնդիրները

1. Ինքնահսկման իրականացման նպատակը`  միջոցների ու ընթացակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելումն է  եւ (կամ)  շրջակա միջավայրի աղտոտվածության ծանրաբեռնվածության նվազեցումը:

2. Ինքնահսկման իրականացման հիմնական խնդիրներն են`

1) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նպատակով կազմակերպության  կողմից իր գործունեության նկատմամբ անընդհատ հսկողության իրականացման ապահովումը.

2)  շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելման  եւ (կամ) նվազեցման ապահովումը.

3) բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելման ապահովումը.

4) շրջակա միջավայրի վիճակի եւ շրջակա միջավայրի վրա կազմակերպության գործունեության ազդեցության գնահատման վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը:

Հոդված  6.  Ինքնահսկման սկզբունքները

Ինքնահսկման  սկզբունքներն են`

1)  շրջակա միջավայրի վիճակի գնահատմամբ վտանգավոր փոփոխությունների հնարավոր կանխարգելման գերակայությունը.

2)  շրջակա  միջավայրի  անվտանգության ապահովման առաջնայնությունը.

3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը.

4) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետու լինելը.

5) տեղեկատվության մատչելիությունը հասարակայնության համար.

6) բնապահպանական օրենսդրության պահանջների չկատարման կամ խախտման համար պատասխանատու լինելը.

7) կազմակերպության կողմից իր միջոցներով ինքնահսկում իրականացնելը:

ԳԼՈՒԽ  2

ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԼԻԱԶՈՐ  ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Ինքնահսկման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Ինքնահսկման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) ինքնահսկման գործընթացի քաղաքականության եւ ռազմավարության իրականացման ապահովումը.

2) ինքնահսկման ենթակա կազմակերպությունների ցանկի հաստատումը.

3) իր իրավասության սահմաններում ինքնահսկման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի ընդունումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Հոդված  8. Ինքնահսկման գործընթացում լիազոր մարմնի իրավասությունները

Ինքնահսկման գործընթացում լիազոր մարմնի  իրավասություններն են`

1) ինքնահսկման գործընթացի քաղաքականության եւ ռազմավարության մշակումը.

2) ինքնահսկման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը.

3) կազմակերպության կողմից կազմած ինքնահսկման ծրագրերի հաստատումը.

4) ինքնահսկման մեթոդների համաձայնեցումը.

5) ինքնահսկման տվյալների շտեմարանի ստեղծումն ու վարումը.

6) ինքնահսկման  գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը եւ իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը.

7) ինքնահսկման գործընթացի եւ դրա արդյունքում ստացված տեղեկատվության հավաստիության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

ԳԼՈՒԽ  3

ԻՆՔՆՔՀՍԿՄԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված  9. Ինքնահսկման համակարգը

1. Ինքնահսկման համակարգը ներառում է`

1) կազմակերպության արտադրության գործարկման եւ շահագործման  պարամետրերի, ներառյալ`օգտագործվող հումքի որակական եւ քանակական պարամետրերի   դիտարկումները.

2) վնասակար նյութերի եւ սույն օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանված բնական ռեսուրսների որակական ու քանակական պարամետրերի  դիտարկումները.

3)  շրջակա միջավայրի  վրա ազդեցության գնահատումը:

Հոդված 10. Արտադրության շահագործման եւ  գործարկման պարամետրերը եւ ինքնահսկման ձեւերը

1. Կազմակերպության արտադրության գործարկման եւ շահագործման նկատմամբ ինքնահսկման ընթացքում դիտարկման ենթակա պարամետրերն են`

1) արտադրության գործարկման եւ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգն ապահովող ֆիզիկական մեծությունները` ջերմաստիճանի եւ ճնշման չափումների ու ստացված տվյալների գրանցմամբ.

2) օգտագործվող հումքի տեսակը, դրա որակական ու քանակական մեծությունները` դրանց հաշվառման  տվյալների գրանցմամբ.

3) տեխնոլոգիական կանոնակարգին համապատասխան օգտագործվող կամ առաջացող ցանկացած նյութին բնորոշ հոտի առկայությունը (ինչը չի նախատեսում տվյալ տեխնոլոգիական կանոնակարգը), դրա աղբյուրի, պատճառի, տեւողության եւ հետեւանքների վերացման համար կիրառված միջոցառումների բնութագրի ու ժամանակահատվածի գրանցմամբ.

4) գործարկման եւ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգի փոփոխությունները` դրանց բնութագրերի  գրանցմամբ.

5) մաքրման համար տեղակայված սարքավորումների ու կառույցների աշխատանքի վիճակը` գազափոշեորսիչ սարքավորումների եւ արտահոսքերի մաքրման կայանքների առկայության եւ դրանց շահագործման անձնագրերին համապատասխանության տվյալների գրանցմամբ.

6) մաքրման համար տեղակայված սարքավորումների ու կառույցների աշխատանքի  տեխնոլոգիական կանոնակարգերով սահմանված պարամետրերից շեղումները`  դրանց պատճառի, տեւողության եւ հետեւանքների վերացման համար կիրառված միջոցառումների բնութագրի ու ժամանակահատվածի  գրանցմամբ :

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափումներն ու հաշվառման տվյալները գրանցվում են տվյալ տեխնոլոգիական կանոնակարգին համապատասխան` կազմակերպության կողմից սահմանված արտադրության գործարկման կամ շահագործման առաջնային հաշվառման գրանցամատյանում:

3. Սույն հոդվածով սահմանված արտադրության գործարկման եւ շահագործման  պարամետրերը ու դիտարկման ձեւերը, հումքի` բնական ռեսուրների օգտագործման մասով, չեն տարածվում ջրառի եւ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման պարամետրերի վրա: Դրանք կարգավորվում են սույն օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածներով:

Հոդված 11.  Վնասակար նյութերի եւ բնական ռեսուրսների նկատմամբ ինքնահսկումը

1. Վնասակար նյութերի եւ բնական ռեսուրսների որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ ինքնահսկումն իրականացվում է դիտարկումների` չափումների եւ գրանցումների միջոցով:

2. Վնասակար նյութերի եւ բնական ռեսուրսների նկատմամբ որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ դիտարկումներ  իրականացվում են`

1) կազմակերպության կողմից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ.

2)  կազմակերպության կողմից բաց ջրային ավազան եւ կոյուղու կոլեկտորներ կատարվող աղտոտող նյութերի արտահոսքերի եւ արտադրության պրոցեսում օգտագործվող ջրային ռեսուրների նկատմամբ.

3)  կազմակերպության արտադրական թափոնների նկատմամբ.

4) կազմակերպության տարածքի, ներառյալ` սանիտարապաշտպանական գոտու հողերի աղտոտման նկատմամբ.

5) օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման նկատմամբ:

3. Չափումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափաբերված սարքերով ու սարքավորումներով:

Չափման լաբորատոր մեթոդների կիրառման դեպքում կազմակերպությունն այն կարող է նաեւ պատվիրել հավատարմագրված համապատասխան  լաբորատորիայի:

Հոդված  12. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ ինքնահսկումն ու հաշվետվությունը

1. Մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ ինքնահսկում իրականացնում են այն կազմակերպությունները, որոնց առավելագույն նախագծային արտանետումների վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը հավասար կամ գերազանցում է վարկյանում` տաս հազար խորանարդ մետր չափանիշը:

2. Մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են յուրաքանչյուր կազմակերպված ու անկազմակերպ անշարժ աղբյուրներից, այդ թվում` արտադրական հարթակներում տեղադրված արտադրական թափոններից եւ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ արտանետվող գազային, էմուլսիոն  եւ պինդ մասնիկների քանակական ու որակական պարամետրերի նկատմամբ:

3. Մթնոլորտային օդ արտանետվող, չափման ենթակա աղտոտող նյութերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը տրված արտանետումների թույլտվությամբ (այսուհետ` արտանետումների թույլտվություն):

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունները մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների չափումների որակական եւ քանակական պարամետրերի, նմուշառման կետերի ու ժամանակի եւ արտանետման աղբյուրների վերաբերյալ տվյալները գրանցում են մթնոլորտային օդ կատարվող արտանետումների առաջնային հաշվառման  գրանցամատյանում:

5. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումների առաջնային հաշվառման  գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է  լիազոր  մարմինը:

6. Մթնոլորտային օդ արտանետումների նկատմամբ ինքնահսկաման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված  13. Ջրային ռեսուրսներն աղտոտող նյութերի արտահոսքերի եւ արտադրության պրոցեսում օգտագործվող ջրային ռեսուրսների նկատմամբ ինքնահսկումն ու հաշվետվությունը

1.  Ջրային ռեսուրսներն աղտոտող նյութերի արտահոսքերի ինքնահսկումն իրականացնում են այն կազմակերպությունները, որոնց արտահոսքերում կախված նյութերի կամ թթվածնի  կենսաբանական պահանջի տարեկան քանակությունը կազմում է  1 տոննա եւ ավելի կամ ծանր մետաղների գումարային քանակությունը տարեկան  կազմում է  հարյուր կգ եւ ավելի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունները վնասակար նյութերի նկատմամբ չափումներն իրականացնում են լիազոր մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը տրված ջրօգտագործման թույլտվությամբ (այսուհետ` ջրօգտագործման թույլտվություն) սահմանված բոլոր վնասակար նյութերի նկատմամբ:

3. Կազմակերպության արտադրական պրոցեսում օգտագործվող ջրային ռեսոււրսի նկատմամբ ինքնահսկում են իրականացնում այն կազմակերպությունները,  որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալները գերազանցում են վարկյանում տաս լիտր քանակությունը (բացառությամբ հիդրոէներգետիկ եւ ձկնաբուծական նպատակներով ջրօգտագործման) կամ ունեն ջրատնտեսական համակարգ թույլատրելի սահմանային արտահոսքի  համապատասխան թույլտվություն:

4. Կազմակերպության կողմից ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի արտահոսքերի  նկատմամբ դիտարկումներն  իրականացվում են կոյուղու կոլեկտորներ եւ բաց ջրային ավազան արտահոսվող վնասակար նյութերի եւ միացությունների քանակական եւ որակական պարամետրերի, ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող  արտահոսքի եւ  ջրային ռեսուրսների վիճակի վրա վնասակար ազդեցություն թողնող աշխատանքների կատարման նկատմամբ:

5. Կազմակերպության կողմից ջրային ռեսուրսներ եւ համակարգեր թափվող  աղտոտող նյութերը եւ համապատասխան ջրօգտագործման ծավալները սահմանվում են լիազոր մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը տրված  ջրօգտագործման թույլտվությամբ:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունները ջրային ռեսուրսներ թափվող աղտոտող նյութերի արտահոսքերի չափումների որակական եւ քանակական պարամետրերի, նմուշառման կետերի ու ժամանակի, արտահոսքի, աղտոտման աղբյուրների վերաբերյալ տվյալները գրանցում են ջրային ռեսուրսներ կատարվող աղտոտող նյութերի  արտահոսքերի առաջնային հաշվառման  գրանցամատյանում:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կազմակերպությունները արտադրության պրոցեսում ջրային ռեսուրսի օգտագործման վերաբերյալ` ջրաղբյուրի, ջրառի քանակի ու որակի, ջրի ծախսի, օգտագործման նպատակի, ջրակորուստների եւ այլ տվյալները գրանցում են ջրային ռեսուրսների օգտագործման առաջնային հաշվառման  գրանցամատյանում:

8. Ջրային ռեսուրսներ թափվող աղտոտող նյութերի  արտահոսքերի եւ ջրային ռեսուրսների օգտագործման առաջնային հաշվառման գրանցամատյանների ձեւերը եւ վարման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

9.  Ջրային ռեսուրսներ թափվող աղտոտող նյութերի  արտահոսքերի եւ ջրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ ինքնահսկման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված  14. Կազմակերպության արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկումն ու  հաշվետվությունը

1. Արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկումն իրականացնում են այն կազմակերպությունները`

1) որոնց արտադրական պրոցեսում առաջանում են I-ին, II-րդ, III-րդ եւ IV-րդ դասի վտանգավոր թափոններ:

2) որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  զբաղվում են վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման կամ տեղադրման լիցենզավորված գործունեության տեսակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված կազմակերպությունները դիտարկումներ  իրականացնում են հաստատված նախագծերով սահմանված արտադրության թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների, ֆիզիկաքիմիական կազմի, առաջացած, վերամշակված, օգտահանված, վնասազերծված, տեղափոխված կամ տեղադրված քանակի ու տեսակի, վտանգավորության աստիճանի, տեղադրման ու տեղափոխման վայրերի եւ տեղադրման զբաղեցրած մակերեսի (ծավալի) նկատմամբ`  հաշվառման  միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվառումն իրականացվում է արտադրության թափոնների առաջնային հաշվառման  գրանցամատյանում, որի ձեւը եւ վարման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

4. Արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկաման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված  15. Հողերի վիճակի փոփոխության եւ աղտոտման նկատմամբ ինքնահսկումն ու հաշվետվությունը

1.  Հողերի աղտոտման նկատմամբ  ինքնահսկումն իրականացնում են սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանված կազմակերպությունները` իրենց կազմակերպության տարածքի, ներառյալ` սանիտարապաշտպանական գոտու տարածքի հողերի վիճակի փոփոխության եւ աղտոտման նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում ամրագրված կազմակերպությունները դիտարկում են տվյալ կազմակերպության արտանետումների թույլտվություններով, ջրօգտագործման թույլտվություններով եւ թափոնների գոյացման նորմատիվներով ամրագրված վնասակար նյութերի առկայությունը հողում, որը որոշվում է չափումների միջոցով կամ հաշվարկային մեթոդներով:

Հողերի աղտոտման նկատմամբ չափումների միջոցով ինքնահսկումն իրականացվում է արտադրական պրոցեսում արտակարգ, վթարայաին եւ միջադեպային իրավիճակների դեպքերում:

3. Հողերի վիճակի փոփոխության` ըստ հողերի խախտման եւ վերականգնման բնույթի ու մակերեսի եւ աղտոտման մասին որակական ու քանակական ցուցանիշների, նմուշառման կետերի ու ժամանակի վերաբերյալ տվյալները գրանցվում են հողերի վիճակի հաշվառման գրանցամատյանում, որի ձեւը եւ վարման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

4. Հողերի աղտոտման  նկատմամբ ինքնահսկաման տվյալները լիազոր մարմին են ներկայացվում  սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված  16. Օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման նկատմամբ ինքնահսկումն ու հաշվետվությունը

1. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում  են հանքային ու քաղցրահամ ջրերի եւ ռազմավարական նշանակություն ունեցող մետաղական օգտակար հանածոների   (այսուհետ` օգտակար հանածո) արդյունահանում եւ վերամշակում,  ինքնահսկում իրականացնում են`

1)  օգտակար հանածոյի հանքավայրի շահագործման հաստատված նախագծի   համաձայն, ընդերքի շահագործման պայմանագրով իրեն հատկացված պաշարի սահմաններում օգտակար հանածոյի մարված պաշարի, օգտակար հանածոյի փաստացի աղքատացման ու կորուստների եւ մակաբացման ապարների քանակության վերաբերյալ տվյալների հաշվառում` գրանցելով օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման գրանցամատյանում.

2) հանքաքարի վերամշակման ժամանակ` օգտակար հանածոների եւ դրանցում պարունակվող հիմնական եւ ուղեկից օգտակար բաղադրիչների տեսակների ու քանակական տվյալների, փաստացի վերամշակված քանակությունների, հարստացմամբ ստացված արտադրանքի ու կորզված հիմնական եւ ուղեկից օգտակար բաղադրիչների քանակի ու տեսակի, հարստացուցիչ կազմակերպությունների պոչամբարներում (տեխնածին հանքավայրերում) հիմնական եւ ուղեկից օգտակար բաղադրիչների պարունակության եւ ընդհանուր քանակության, մակաբացման ապարների եւ պոչանքների օգտահանման դեպքում` դրանցից ստացված արտադրանքի տեսակի, որակի եւ քանակի նկատմամբ: Ստացված տվյալները գրանցվում են հարստացուցիչ կոմբինատում հանքաքարի շարժի  հաշվառման եւ պոչամբարի առաջնային հաշվառման գրանցամատյաններում.

3) հանքային եւ քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ` հիդրոերկրաբանական հորատանցքի կոորդինատների, հանքային եւ քաղցրահամ ջրերի որակի եւ ծախսի, հանքավայրի շահագործման ընթացքում անխուսափելի տեխնոլոգիական եւ այլ տեսակի ջրակորուստների ծավալների նկատմամբ` հաշվառման տվյալները գրանցելով ջրային ռեսուրսների օգտագործման առաջնային հաշվառման գրանցամատյաններում:

2. Օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման, հարստացուցիչ կոմբինատում հանքաքարի շարժի հաշվառման ու պոչամբարի հաշվառման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման, հարստացուցիչ կոմբինատում հանքաքարի շարժի հաշվառման ու պոչամբարի առաջնային հաշվառման գրանցամատյանների ձեւերը  հաստատում է լիազոր մարմինը:

4. Օգտակար հանածոների արդյունահանման  եւ վերամշակման նկատմամբ ինքնահսկաման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օգտակար հանածոների պաշարների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվություններով:

Հոդված  17. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (այսուհետ` ազդեցության գնահատում) իրականացնում է ինքնահսկում իրականացնող կազմակերպությունը` իր կաղմից ազդեցության ենթարկված շրջակա միջավայրի նկատմամբ: Կազմակերպությունը ազդեցության գնահատման գործընթացին կարող է ներգրավել  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան հավաստագիր ունեցող անկախ փորձագետներ եւ բնապահպանության բնագավառի մասնագետներ:

2.  Ազդեցության գնահատման ընթացքում կազմակերպության կողմից`

1) դիտարկվում է իր գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտվածության վիճակը եւ կենսաբանական բազմազանության ու լանդշաֆտի փոփոխությունները.

2) վերլուծվում է իր գործունեության համապատասխանությունը ինքնահսկման ծրագրին.

3) բացահայտվում եւ վերլուծվում են առաջացած բացասական հետեւանքներն ու դրանց պատճառները.

4) բացասական ազդեցությունների դեպքում`

ա. դիտարկվում է նաեւ առաջացած բացասական, ներառյալ` արտակարգ,   վթարային կամ միջադեպային իրավիճակների հետեւանքների վերացման լուծումների այլընտրանքային տարբերակները եւ գնահատվում դրանց հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա.

բ. կատարվում է այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն եւ նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում.

գ. այլընտրանքային լուծումների գնահատման արդյունքների եւ նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորման հիման վրա կազմվում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխարգելող, նվազեցնող կամ բացառող բնապահպանական միջոցառումներ եւ լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում առաջարկություն` ինքնահսկման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին.

5) հաշվի են առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, ազդեցության բնույթը, տեւողությունը, հաճախականությունը եւ տարբեր ազդեցությունների գումարային բնույթը.

6) կազմվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հաշվետվությունը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գնահատումները, ինչպես նաեւ կազմակերպության`

1)  գործունեության տեսակի նկարագիրը.

2) օգտագործված նյութերի ու հումքի, տեխնոլոգիական պրոցեսների, շահագործման պայմանների փոփոխության եւ ազդեցության ենթարկված տարածքի բնութագրերը.

3) ինքնահսկման արդյունքների գնահատումը.

4) արտակարգ, վթարային կամ միջադեպային իրավիճակների գնահատումը.

5) դրական ազդեցությունների առկայության դեպքում` դրանց պահպանման եւ ուժեղացման, բացասական ազդեցությունների դեպքում` դրանց կանխարգելման, բացառման կամ նվազեցման եւ շրջակա միջավայրին հասցված վնասի դեպքում`  նաեւ վնասի փոխհատուցման ուղղությամբ իրականացված միջոցառումները, դրանց արդյունավետությունն ու ծախսերը.

6)  գնահատման մեթոդների, դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, դժվարությունների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

7) հաշվետվությունում ներառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները:

4. Ազդեցության գնահատումն իրականացվում է սույն օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի եւ լիազոր մարմնի կողմից հաստատված ազդեցության գնահատման մեթոդական ուղեցույցին համապատասխան:

5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա սահմանները, պարբերականությունը եւ հաշվետվությունների ներկայացման ժամկերտները սահմանվում են տվյալ կազմակերպության ինքնահսկման ծրագրում:

ԳԼՈՒԽ  4

ԻՆՔՆՔՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 18.  Ինքնահսկման ծրագրին ներկայացվող պահանջները եւ ծրագրի հաստատումը

1. Ինքնահսկումն իրականացվում է տվյալ կազմակերպության համար հաստատված ինքնահսկման ծրագրին համապատասխան:

2. Ինքնահսկման ծրագիրը պետք է ներառի`

1)  արտադրական պրոցեսի ընդհանուր նկարագիրը.

2) արտադրական պրոցեսներում օգտագործվող հումքի եւ նյութի տեսակը եւ քանակը.

3) տվյալ կազմակերպության տարածքի, ներառյալ` սանիտարապաշտպանական գոտու շրջակա միջավայրի ելակետային իրավիճակը.

4) ինքնահսկման պարամետրերը.

5) նմուշառման կետերի անվանումը, քանակը եւ տեղադիրքը.

6) պարամետրերի չափումների ժամանակացույցը.

7) ինքնահսկման մեթոդները, ներառյալ` չափիչ սարքերի տեսակը եւ չափման մեթոդների զգայնության աստիճանը.

8) հաշվառման, չափումների իրականացման եւ շրջակա միջավայրի վրա կազմակերպության գործունեության ազդեցության գնահատման տվյալների վերաբերյալ հաշվետվությունների կամ տեղեկատվական այլ բնույթի տվյալների ներկայացման ժամանակացույցը.

9) կազմակերպությանը ներկայացվող բնապահպանական օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների կիրառման հիմնավորումը, իսկ խախտումներ առաջանալու դեպքում` նաեւ դրանց  վերացմանն ուղղված միջոցառումների կիրառման հիմնավորումը.

10) որակի եւ քանակի հսկման ապահովման մեխանիզմների, ներառյալ`       լաբորատորիաների հավատարմագրման, սերտիֆիկացման, սարքերի ու սարքավորումների  չափաբերման ու վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը.

11) արտակարգ, վթարային եւ միջադեպային իրավիճակների կանխարգելման կամ հետեւանքների վերացման գործողությունների  կիրառման ընթացակարգը.

12)  շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության համալիր կանխարգելման, ներառյալ` աղտոտող նյութերի արտահոսքերի ու արտանետումների եւ արտադրական թափոնների նվազեցմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ բնապահպանական այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները.

13) ծրագրի ներդրման համար առկա կազմակերպչական մեխանիզմները.

14) ծրագրի ներդրման համար պահանջվող փաստացի կամ համարժեք միջոցառումների ծախսերը:

2. Կազմակերպության ինքնահսկման ծրագիրը կազմում է տվյալ կազմակերպությունը:  Ինքնահսկման ծրագիրը հաստատում է լիազոր  մարմինը:

3. Ինքնահսկման ծրագիրը  հաստատվում է հինգ տարի ժամկետով:  Կազմակերպության գործունեության ընթացքում տեխնոլոգիական կանոնակարգի, հումքի եւ շահագործման եւ(կամ) գործարկման պայմանների կամ բնապահպանական օրենսդրության պահանջների փոփոխություններ առաջանալու դեպքում, կազմակերպության կամ լիազոր մարմնի առաջարկով ինքնահսկման ծրագիրը պարտադիր ենթակա է վերահաստատման:

4. Լիազոր մարմնի կողմից ինքնահսկման ծրագրի հաստատման համար սահմանվում է եռամսյա ժամկետ, իսկ վերահաստատման համար` մեկամսյա ժամկետ:

5. Ինքնահսկման ծրագիրը հաստատվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է կազմակերպությանը, իսկ մյուս օրինակը` պահվում  լիազոր մարմնում:

ԳԼՈՒԽ 5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Ինքնահսկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

1.  Ինքնահսկման վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունն ապահովում են տվյալ կազմակերպությունը եւ լիազոր մարմինը, որոնք պարտավոր են իրենց ինտերնետային կայք-էջում տեղադրել եւ թարմացնել ինքնահսկման վերաբերյալ տեղեկատվությունը` հայերեն լեզվով:

2. Ինքնահսկման վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է`

1) շրջակա միջավայրի աղտոտման` մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների, ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի արտահոսքերի,  հողերի վիճակի փոփոխության ու աղտոտման եւ արտադրության թափոնների վերաբերյալ տվյալները.

2) արտադրական պրոցեսում տեղի ունեցած վթարային, արտակարգ կամ միջադեպային դեպքերի մասին տվյալները.

3) ինքնահսկման ծրագիրը.

4)  ազդեցության գնահատման հաշվետվությունը:

3. Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ.

 1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների եւ ջրային ռեսուրսներ  վնասակար նյութերի արտահոսքերի մասով ինքնահսկման արդյունքների տրամադրումը լիազոր մարմնին կատարվում է ամենօրյա պարբերականությամբ`

ա. չափման ավտոմատ համակարգ չունեցող կազմակերպությունների կողմից չափման արդյունքներն իրենց ինտերնետային կայք-էջում տեղադրվում են տվյալների մուտքագրման միջոցով.

բ. չափման ավտոմատ համակարգով ինքնահսկում իրականացնող կազմակերպությունների կողմից չափման արդյունքներն իրենց ինտերնետային կայք-էջում տեղադրվում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով.

2) արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկման արդյունքները    կազմակերպությունները տրամադրում են ամենամսյա պարբերականությամբ` ստացված տվյալները կազմակերպության ինտերնետային կայք-էջում մուտքագրման եւ դրանք լիազոր մարմնին փոխանցման միջոցով: Լիազոր մարմինը ստացված տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացում տեղադրում է իր ինտերնետային կայք-էջում:

3) հողերի վիճակի փոփոխության եւ աղտոտման նկատմամբ ինքնահսկման արդյունքները կազմակերպությունները տրամադրում են ամենամյա պարբերականությամբ` ստացված տվյալները կազմակերպության ինտերնետային կայք-էջում մուտքագրման եւ դրանք լիազոր մարմնին փոխանցման միջոցով: Լիազոր մարմինը սատացված տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացում  տեղադրում է իր ինտերնետային կայք-էջում:

4. Ինքնահսկման ծրագիրը եւ ազդեցության գնահատման հաշվետվությունն ինքնահսկում իրականացնող կազմակերպությունները եւ(կամ) լիազոր մարմինը տեղադրում են իրենց ինտերնետային կայք-էջերում` ինքնահսկման ծրագրի հաստատումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացում, իսկ ազդեցության գնահատման հաշվետվությունը` լիազոր մարմին ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացում:

5. Կազմակերպության ինտերնետային կայքի ինքնահսկման էջի կառուցվածքը հաստատում է լիազոր մարմինը:

ԳԼՈՒԽ 6

ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված  20. Ինքնահսկում իրականացնող կազմակերպությունների իրավունքները

Ինքնահսկում իրականացնող կազմակերպություններն իրավունք  ունեն՝

1) չափման լաբորատոր հսկողության գործընթացում ներգրավել հավատարմագրված համապատասխան  լաբորատորիա.

2) շրջակա միջավայրի վրա իր գործունեության գնահատման գործընթացում ներգրավել համապատասխան հավաստագիր ունեցող անկախ փորձագետներ եւ բնապահպանության բնագավառի մասնագետներ.

3) շրջակա միջավայրի վրա իր գործունեության վնասակար ազդեցության նվազեցման նպատակով ներդնել էկոլոգիապես մաքուր եւ ռեսուրսախնայող տեխնոլոգիաներ.

4) ինքնահսկման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմնին:

Հոդված 21. Ինքնահսկում իրականացնող կազմակերպությունների պարտականությունները

Ինքնահսկում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են`

1) ինքնահսկումն իրականացնել հաստատված բնապահպանական ծրագրին համապատասխան` սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով.

2) լաբորատոր հսկողությունն իրականացնել  բնապահպանության բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցված չափման մեթոդներով.

3) չափման լաբորատոր հսկողության դեպքում ապահովել  նմուշառման  կետերին մոտենալու հարմարավետ եւ անվտանգ պայմաններ.

4) սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխան վարել առաջնային հաշվառման գրանցամատյանները.

5) սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովել շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցության գնահատումը.

6) ձեռնարկել աղտոտող նյութերի նվազեցմանն ուղղված անընդհատ միջոցառումներ.

7) սահմանված ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել ինքնահսկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ եւ տեղեկատվություններ.

8) արտակարգ, վթարային կամ միջադեպային իրավիճակների դեպքերի ու դրանց հետեւանքով համազարկային արտանետումների առկայության մասին անհապաղ իրազեկել լիազոր մարմնին.

9) բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում արձանագրել խախտումները եւ այդ մասին անմիջապես տեղեկացնել լիազոր  մարմնին.

10) չխոչընդոտել լիազոր մարմինների կողմից կազմակերպության ինքնահսկման գործընթացի նկատմամբ վերահսկողության  իրականացմանը.

11) ապահովել ինքնահսկման գործընթացի թափանցիկությունն ու տեղեկատվության մատչելիությունը.

12)  ինքնահսկումն իրականացնել սեփական միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ  7

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒՐՅՈՒՆԸ

Հոդված  22. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

Կարգավորման ենթակա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտները սույն օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ իրավասությունները վերազանցելու կամ դրանք ոչ պատշաճ կատարելու կամ սույն օրենքի այլ պահանջները խախտելու դեպքում կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված  23. Ինքնահսկման նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպությունների կողմից ինքնահսկման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Վերահսկուղությունն իրականացվում է տվյալ կազմակերպության համար հաստատված ինքնահսկման ծրագրի պահանջների կատարման նկատմամբ` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով :

2. Ինքնահսկման պարամետրերի չափման ավտոմատ համակարգեր ունեցող կազմակերպությունների մոտ լիազոր մարմինը վերահսկողությունն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, իսկ վնասակար նյութերի որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ` երեք տարին մեկ անգամ, եթե այդ ընթացքում չի արձանագրվել որեւէ պարամետրի  նորմատիվի գերազանցում:

ԳԼՈՒԽ  8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  24.  Անցումային դրույթներ

Ինքնահսկում իրականացնող կազմակերպությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկ տարվա ընթացքում հաստատում են իրենց արտադրության գործարկման կամ շահագործման գրանցամատյանների ձեւերը,

2) ինքնահսկման ծրագրերը լիազոր  մարմնի  հաստատմանն են ներկայացնում տասնութ ամսվա  ընթացքում:

3)  երեսուն ամսվա ընթացքում ապահովում են ինքնահսկման համակարգի ներդրումը:

Հոդված  25. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: