Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի NՀՕ-134-Ն օրենքի` (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`
1. «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.»
2. «բացօթյա առեւտուր» հասկացության «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
3. «առեւտրի կենտրոն» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առեւտրի կենտրոն` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված` առեւտրի, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաեւ այլ ծառայությունների համար տարածքներ:»:
4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով`
«առեւտրի իրականացման վայր` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող` առանձնացված, կառուցապատված եւ կահավորված, երկու եւ ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաեւ հանրային սննդի եւ այլ ծառայությունների համար տարածքներ.»:
առեւտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.
խանութ` առեւտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առեւտրական դահլիճ.
կրպակ` առեւտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առեւտրական դահլիճ.
Վաճառատեղ (վաճառասեղան)`- սույն օրենքի իմաստով առեւտրի իրականացման վայրում առեւտուր իրականացնելու համար մեկ եւ ավելի վաճառողներին` օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան):
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1.Առեւտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`
1. 2-րդ մասում «տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
2. 15-րդ մասի «ա» կետում «առանձնացված տաղավարներում եւ կրպակներում» բառերը փոխարինել «առանձնացված կրպակներում» բառերով:
3. 17-րդ մասում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
4. 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը`
1.«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման եւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչելու հետ կապված առեւտրի եւ ծառայությունների ոլորտում որոշ հասկացությունների հստակեցման եւ օրենքով ամրագրման, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունների, ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի համար տեղական տուրքի շեմը նվազեցնելու խնդիրներով:
2.«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առաջարկվող փոփոխությամբ, ինչպես նաեւ իրավական ակտերում հակասությունների հնարավորությունը կանխելու, օրենքի կիրարկման ժամանակ ՏԻՄ-ի կողմից վարչարարությունը վերացնելու պահանջով:
3. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին», ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առաջարկվող փոփոխություններով:
4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններով:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները`
-Ընթացիկ իրավիճակը`
Գործող «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հասկացությունում առկա էին «տեխնիկական հեղուկներ» բառերը, բացակայում էին «սեղմված բնական գազեր» եւ «նավթային» բառերը: «սեղմված բնական գազեր» բառերի բացակայությունը թույլ է տալիս միայն «սեղմված բնական գազեր» վաճառող ստացիոնար գազալցակայանների վաճառողներին ենթադրել, որ ազատված են տեղական տուրքից, իսկ «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» սահմանումը խանութներում, կրպակներում «տեխնիկական հեղուկներ»-ի վաճառքի համար թույլտվության ունենալու հարցում առաջացնում է երկկարծիքություն:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով սահմանված է կազմակերպչի կողմից վաճառողին տրամադրվող վաճառատեղի ամսական վարձավճարների չափի սահմանափակում, որը չի տարածվում առեւտրի կենտրոնի վրա: Նշված դրույթի կիրարկման համար գործող օրենքի համապատասխան սահմանումները առաջացնում են որոշակի դժվարություններ:
-Խնդիրները`
1.Հստակեցնել լցակայանների, առեւտրի կենտրոնների սահմանումները, օրենքը լրացնել նոր սահմանումներով եւ սահմանել մեղմացուցիչ իրավասություններ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի համար:
2.Խանութներում, կրպակներում «տեխնիկական հեղուկներ»-ի վաճառքի համար «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանել տեղական տուրք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ-ին վերապահել առեւտրի այդ օբյեկտներում «տեխնիկական հեղուկներ»-ի վաճառքի համար թույլտվություն տալու իրավասություն եւ լրամշակել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը:
Նվազեցնել ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի համար տեղական տուրքի շեմը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը`
Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում վարվում է ոլորտի կարգավորմանն ուղղված քաղաքականություն:
Կարգավորման նպատակը եւ բնույթը`
-Կարգավորման նպատակը`
1.«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում սահմանումները հստակեցնելով նվազեցնել ոլորտում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը:
2.«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ներկայացվող փոփոխություններով «հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների մանրածախ առեւտրի կետերի» սահմանումը համապատասխանեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներկայացվող սահմանումին, սահմանել տեղական ինքնակառավարման մարմիների իրավասություննեը առեւտրի օբյեկտներից տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության տրամադրման մասով:
3. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ներկայացվող փոփոխություններով վերացնել իրավական ակտերում հակասությունները, օրենքի կիրարկման ժամանակ վերացնել ՏԻՄ-ի կողմից ավելորդ վարչարարությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում սոցիալական առանձնահատկությունները եւ տնտեսական գործունեության իրականացման դժվարությունները սահմանել տեղական տուրքի առավել ցածր դրույքաչափեր:
4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացվող փոփոխություններով կանխել իրավական ակտերում հակասությունների հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն առեւտրի օբյեկտներից առանց թույլտվության տեխնիկական հեղուկների վաճառքի համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ կառավարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, շահագրգիռ մարմիններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձիք:
Ակնկալվող արդյունքը`
Լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում վաճառատեղերի համար վարձավճարների կանոնակարգված գանձում, լցակայաններից եւ առեւտրի այլ օբյեկտներից հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների կարգավորված առեւտուր, ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի համար տեղական տուրքի շեմը նվազեցնելու արդյունքում տեղական բյուջեների մուտքերի ավելացում: