Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12251-02.09.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 137.5-րդ եւ 137.6-րդ հոդվածներով.

««Հոդված 137.5 Երկաթուղու  օտարման շերտի օգտագործման կարգի խախտումը

1.Երկաթուղղու օտարման շերտի սահմաններում շենք-շինությունների կառուցումը,կամ  բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի)  տեղակայումը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի, կամ  գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների, հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված  նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

3. Գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը`

առաջացնում  է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի    երեսունապատիկի չափով:

4. Հաղորդակցուղիների տեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կառավարչի կամ սեփականատիրոջ նկատմամբ սահմանված  նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված  137.6  Երկաթուղու պաշտպանական գոտու օգտագործման կարգի խախտումը

1. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված նորմների խախտմամբ շենք-շինությունների կամ  ժամանակավոր ճանապարհների կառուցումը `

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում ծառա- թփուտային բուսականության հատումը կամ ճիմե ծածկույթի հեռացումը,

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով

3. Երկաթուղու պաշտպանական գոտու  սահմաններում հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում) առաջացնող հողային աշխատանքների կատարումը.

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

4. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները եւ կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշաններ չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում «137.4» թիվը փոխարինել «137.6» թվով:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Իրավական  ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ  նախատեuված չեն:

Սույն նախագծի նպատակն է պատասխանատվության միջոցներ նախատեսել երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու օգտագործման կարգը խախտող անձանց համար:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

 Ներկայումս մշակման փուլում է գտնվում «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,   որով մասնավորապես սահմանվում են երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու չափերը եւ օգտագործման կարգը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավական հետեւանքներ չառաջացնող նորմերը կրում են դեկլարատիվ բնույթ եւ դրանց արդյունավետ կիրառումը առանց համապատասխան օրենքում այդ նորմերը խախտելու համար ներգործության միջոցներ  սահմանելու անհնարին է, ուստի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, որով  կնախատեսվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ վերը նշված նախագծով նախատեսված  դրույթների խախտման համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրավախախտումների կանխարգելումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն  նախագծի կարգավորման նպատակը  հանդիսանում է  երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու օգտագործման կարգի խախտման համար համապատասխան վարչական պատասխանատվության միջոցների սահմանումը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների մասնակցությամբ

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն  համապատասխան ներգործության միջոցներ երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու օգտագործման կարգի խախտման համար, ինչը թույլ կտա պատասխանատվության ենթարկել նշված ոլորտում իրավախախտումներ կատարած անձանց եւ կանխել այլ անձանց կողմից նմանատիպ իրավախախտումների կատարումը: